HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փլուզվել է Մոզրովի քարանձավի մուտքը, վտանգված են Արջերն ու Մագելը

Փլուզվել է հանրահայտ Մոզրովի քարանձավը, որը ՀՀ կառավարության որոշմամբ ընդգրկված է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում: Այս մասին հայտնում են «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության Վայոց ձորի ակտիվիստները:

Փլուզման վերաբերյալ մամուլի հաղորդագրություն է տարածել նաև Երիտասարդ անձավագետների միության նախագահ Սարգիս Հովհաննիսյանը:

«Թե Երիտասարդ անձավագետների միությունը, թե Հայաստանի քարանձավագիտության կենտրոնը, թե բազմաթիվ մտահոգ անհատներ բազմիցս հնչեցրել են իրենց մտահոգությունները՝ կապված Հայաստանի քարանձավների պահպանման հանդեպ պատշաճ ուշադրության բացակայության հետ: Եկել է անտարբերության պտուղները քաղելու ժամանակը. փլվել է Մոզրովի քարանձավի մուտքի հատվածը»,- նշել է նա:

Ըստ Սարգիս Հովհաննիսյանին՝ մշակույթի նախարարության պաշտոնյաները հայտարարում են, թե Մոզրովի քարանձավում «նոր փլուզումներ չկան», ապա միանգամից մատնում իրենք իրենց՝ ասելով, թե «այդ փլուզումները բնական բնույթ են կրում», և մոռանում են ժամանակակից քարանձավապահպանման մեթոդների գոյության մասին:

Չնայած մշակույթի նախարարության հերքումներին՝ Մոզրովի քարանձավի փլուզման փաստն ընդունել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, որը տարածել է հետևյալ հաղորդագրությունը. «Մարտի 13-ին՝ ժամը 12:35-ին Վայոց ձորի Գնիշիկի գյուղապետից տեղեկատվություն է ստացվել, որ «Մոզրովի» քարանձավում տեղի է ունեցել փլուզում: Քարանձավում՝ առաջին մուտքից 20 մ հեռավորության վրա, փլուզվել է մոտ 5070 խմ հողազանգված՝ մասնակի փակելով երկրորդ մուտքը: Զոհեր և տուժածներ չկան»:

Սարգիս Հովհաննիսյանը հայտնում է, որ այսօր վտանգված են մնում նաև Արջերի և Մագելի քարանձավները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter