HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատապարտյալից պահանջվում է ստեղծել լուսնագնաց

Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Անկախ նրանից, որ պաշտոնապես մեր պետական ամենաբարձր իրավաբանական ուժ ունեցող մայր օրենք է համարվում Սահմանադրությունը, պարզվում է, որ քրեակատարողական և դատաիրավական համակարգերի համար կան Սահմանադրությունից բարձր օրենքներ, որոնք կոչվում են «Աներևույթ քրեակատարողական օրենսգիրք», «Աներևույթ քրեական դատավարության օրենսգիրք» և այլն:

Օրինակ՝ օրենսգրքերից մեկում հոդված 1-ի համաձայն, «այն քաղաքացիները, ովքեր առնվազն 4 տարի շարունակ կքծնեն և այլ եղանակներով կսողան, կգովաբանեն օրվա իշխանությանը, պաշտոնյաներին, նրանց կշնորհվի Արտոնյան ազգանունը և Օրենքից վեր տիտղոսը»: 

Այս աներևույթ օրենսգրքերում կիրառելով ինչ-որ մոգական արվեստ՝ կարևորագույն նշանակություն է տրվում դատապարտյալների և առհասարակ քաղաքացիների անուն-ազգանուններին: Զարմանալիորեն այս աներևույթ օրենսգրքերում առանձին բաժիններ կան՝ ըստ մարդկանց անունների:  Իմ անունով նույնպես բաժիններ կան վերնագրված՝ «Մհեր Ենոքյանի առեղծվածը»:

Այդ օրենսգրքերում նշված է, որ բոլորը հավասար են օրենքի առաջ, ունեն արդար դատաքննության իրավունք, ունեն խոշտանգումներից զերծ լինելու իրավունք, բոլորն ունեն արժանապատվության հարգման իրավունք, բոլորն ունեն առողջության պահպանման իրավունք, բոլորն ունեն ընտանեկան կյանքի իրավունք, բոլորն ունեն կրթություն ստանալու իրավունք և շատ այլ իրավունքներ: Իսկ առանձին բաժիններում, այն, որ ըստ քաղաքացիների անուն-ազգանունների է, գրված են բացառությունները, թե ում չեն վերաբերում այդ իրավունքները:

Աներևույթ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն, օրինակ, «Մհեր Ենոքյանի առեղծվածը» բաժնում նշված է, որ ինձ դատապարտելու համար չի պահանջվում ապացույցների բավարար համակցություն, այլ «մեկ ցուցմունքը բավարար է»: Նշված է, որ ինձ կարելի է մահվան դատապարտել առավելագույնը 2-3 նիստով: Նույն հոդվածի «Բ» կետում նշված է. «Կրեմլից ապօրինի հրահանգի պարագայում բացառել դատավճռի վերանայումը»: Իսկ «Գ» կետը սահմանում է, որ «ինձ հետ կապված բոլոր հարցերը վերօրենսդրական են, և նույնիսկ Սահմանադրության սկզբունքները կարող են խախվել կախված ապօրինի հրահանգներից և մատակարարվող թմրադոլարների քանակից»:

Ըստ աներևույթ քրեակատարողական օրենսգրքի «Մհեր Ենոքյանի առեղծվածը» բաժնի 22 հոդվածի, հստակ սահմանված է, որ Սահմանադրությամբ ու մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայով ամրագրված առողջությանս պահպանման բացարձակ հիմնարար իրավունքի իրացումը կախված է «Կլոր բանտ» ՔԿՀ ՍՀԻԱ բաժնի Պատվեր Կատարյանի քմահաճությունից: Նույն հոդվածի 1-ին մասում հստակեցված է, որ «Կատարյանը պետք է կամենա, որ ես մեկ օրում ստեղծեմ լուսնագնաց և վարչակազմի աչքերի առաջ մեկ վայրկյանում գնամ լուսին, այնտեղ աշտարակ կառուցեմ և վերադառնամ: Եթե չկարողանամ սա անել, շարունակելու են զրկված պահել արևի լույսից, մաքուր օդից, հողի վրա քայլելու իրավունքից»:

Երբ անցյալ տարի ներկայացվել էի վարչակազմի դատին ցույց տվեցի կառուցածս լուսնագնացը և մեկ վայրկյանում կատարեցի առաջադրանքը, որ խրախուսվեմ: Վարչակազմի անդամները գլուխները թեքած՝ սպասում էին ամենազոր դատախազի արձագանքին: Վերջինս գցեց-բռնեց, ասաց, որ իր պատկերացմամբ խրախուսանքի արժանանալու համար օրենքի պահանջից առավել բան պիտի անեմ: Մեկ ակնթարթում պիտի հայտնվեմ Յուպիտերում և այնտեղ դղյակ կառուցեմ ճիշտ այնպիսին, ինչպիսին նա ունի Երկիր մոլորակի վրա:

Մեկ ուրիշ օրինակ բերեմ ինձ վերաբերող բաժնից: 8-րդ հոդվածում նշված է, որ իմ կրթության և աշխատանքի իրավունքները պետք է ոտնահարվեն ամեն կերպ: Իսկ 3-րդ հոդվածի համաձայն, «ՔԿՀ-ն երաշխավորում է դատապարտյալների անձնական տվյալների պաշտպանությունը, բայց Ենոքյանի պարագայում կարելի է քիթ խոթել անձնական և ընտանեկան կյանք և ապօրինի տեղեկատվություն տրամադրել»:

Ներում վերտառությամբ բաժնում էլ ասված է. «Անկախ նրանից, որ այս մարդասիրական ինստիտուտի կիրառումը սահմանադրորեն վերապահված է երկրի վարչապետին ու նախագահին, այնուամենայնիվ Ենոքյանի պարագայում այդ հարցը միանձնյա լուծում է նրանցից վեր կանգնած մեկը՝ Վհուկ Զոհաբերյանի ջանքերով: Այլ կերպ ասած՝ ներման մարդասիրական ինստիտուտը պետք է զոհաբերվի, որ Ենոքյանը մնա բանտում»:

Զավեշտը հասնում է գագաթնակետին, երբ 34 հոդվածում կարդում ես. «Ամուսնության իրավունքը սրբազան է, սակայն Ենոքյանի պարագայում հարկավոր է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն կատարել պարզելու նրան ընտրած կինն այլմոլորակային է, թե ոչ: Այնուամենայնիվ, եթե Ենոքյանը գտնի իր կեսին, ապա ատելության մագիստրոս Ճկույթ Պուլպուլյանին հանձնարարել ամեն կերպ նենգափոխել սիրո գաղափարը և այդ աստվածային զգացողությունը»:

Իրոք, մոգական օրենսգրքեր են, որտեղ, եթե տարիներով էլ մտածես, միևնույնն է, ըմբռնելի չեն սկզբունքները, որովհետև դրանք փոփոխվում են կախված քաղաքացու անուն -ազգանունից, և չի գործում օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter