
«Crew Dragon» տիեզերանավը բարեհաջող հասել է Միջազգային տիեզերական կայան
«Crew Dragon» կառավարելի տիեզերանավը, որը մշակվել և ստեղծվել է ամերիկյան «SpaceX» մասնավոր ընկերության կողմից, բարեհաջող կցվել է Միջազգային տիեզերական կայանի «Հարմոնիա» մոդուլին։ Այդ մասին գրում է «Deutsche Welle»-ն։ Կցումը տեղի է ունեցել կիրակի օրը՝ մայիսի 31-ին, Երևանի ժամանակով 18։16-ին։
Մոտ 3 ժամ անց Միջազգային տիեզերական կայան ժամանած Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության տիեզերագնացներ Ռոբերտ Բենքենը և Դագլաս Հյորլին միացել են 63-րդ երկարաժամկետ արշավախմբին, որի կազմում են ռուսաստանցիներ Անատոլի Իվանիշինը և Իվան Վագները, ինչպես նաև «NASA»-ի տիեզերագնաց Քրիստոֆեր Քեսիդին։
"The whole world saw this mission and we are so, so proud of everything you’ve done for our country and, in fact, to inspire the world." - Administrator @JimBridenstine congratulates @AstroBehnken and @Astro_Doug who just arrived aboard the @Space_Station. #LaunchAmerica pic.twitter.com/7cYwdCcdJa
— NASA (@NASA) May 31, 2020
«Falcon 9» տիպի կրող հրթիռը տիեզերք է բարձրացել ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Քանավերալ հրվանդանում գտնվող տիեզերակայանից՝ տեղի ժամանակով 15։22-ին (Երևանի ժամանակով 23:22-ին)։ Արձակման արարողությանը մասնակցել են նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և փոխնախագահ Մայք Փեյնսը։
Մեկնարկից կարճ ժամանակ անց հրթիռի առաջին աստիճանն առանձնացել է և հաջող վայրէջք կատարել լողացող հարթակի վրա։ Երկրորդ աստիճանն առանձնացել է մեկնարկից 12 րոպե անց։ Այսպիսով, ԱՄՆ տիեզերագնացները 9 տարվա մեջ առաջին անգամ տիեզերք են մեկնել ամերիկյան տիեզերանավով, իսկ Իլոն Մասկի «Space X» ընկերությունը դարձել է առաջին մասնավոր ընկերությունը, որը տիեզերագնացներին ուղարկել է ուղեծիր։
«Space X» ընկերության «Crew Dragon» տիեզերանավն առաջին փորձարարական թռիչքը դեպի Միջազգային տիեզերական կայան իրականացրել է 2019 թվականի մարտին։ Նախատեսվում էր, որ Բենքենը և Հյորլին տիեզերք կթռնեն մայիսի 27-ին, սակայն եղանակային վատ պայմանների պատճառով թռիչքը հետաձգվել է։
2011 թվականին ԱՄՆ-ն ավարտել է «Space Transportation System» ծրագիրը, որի շրջանակներում օգտագործվել են «Shuttle» տիպի բազմակի կիրառման տիեզերանավերը։ Դրանից հետո ամերիկացի տիեզերագնացների և բեռների փոխադրումը Միջազգային տիեզերական կայան իրականացվել է միայն ռուսական «Союз» տիպի հրթիռների օգնությամբ։
Բացի «Crew Dragon»-ից, ներկայումս կայանին կցված են «Союз МС-16» տրանսպորտային փոխադրանավը, «Прогресс МС-13» և «Прогресс МС-14» բեռնանավերը, ինչպես նաև ճապոնական «H-II Transfer Vehicle» ավտոմատ բեռնանավը։
The @SpaceX #CrewDragon makes five spaceships parked at the station. https://t.co/lLZYDJUn1N pic.twitter.com/la06vhjgOW
— Intl. Space Station (@Space_Station) May 31, 2020
Լուսանկարը՝ «NASA»-ի
Մեկնաբանել