HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

«Հայավտոկայարանի» աշխատակազմը 3 ամիս աշխատավարձ չի ստացել

«Հայավտոկայարան» փակ բաժնետիրական ընկերության (ՓԲԸ) աշխատակիցներն արդեն 3 ամիս է՝ աշխատավարձ չեն ստացել:

«Հետք»-ին էին դիմել ընկերության Վանաձորի մասնաճյուղի աշխատակիցները, սակայն պարզվեց, որ «Հայավտոկայարանի» որևէ մասնաճյուղի աշխատակից աշխատավարձ չի ստացել, այդ թվում՝ ընկերության գլխավոր տնօրենը:

Աշխատակիցները վերջին անգամ վարձատրվել են մարտին` ստանալով փետրվար ամսվա աշխատավարձը:

«Հայավտոկայարանի» Վանաձորի մասնաճյուղի պահակ Արշավեն Սարգսյանի ընտանիքի միակ եկամուտն այս երեք ամիսների ընթացքում եղել է հաշմանդամության երկրորդ կարգ ունեցող հոր թոշակը:

«Երկու քույր ունեմ, հիվանդ հայր, էդ աշխատավարձի հույսով եմ: Էս ընթացքում, կոպիտ ասած, մի շան հալի ծերը ծերին հասցրել ենք»,- ասաց նա:

Տոմսավաճառ Արմինե Փոթինյանի համար անհասկանալի է այս անորոշ վիճակը։

«Ոչ մի ծրագրից չենք օգտվում, հիմա էլ ոնց որ գանք, ձրի աշխատենք: Տրանսպորտից եմ օգտվում, որ գնում եմ գործի, երեխա ունեմ, ես էլ եմ տանը նստած, ամուսինս էլ, ոչ մի ծրագրից չենք օգտվում: Պետական հիմնարկ է, ճի՞շտ է նման վերաբերմունքը: Նույն խնդիրը կա նաև Գյումրիում»,- ասաց նա:

Գյումրիի մասնաճյուղի աշխատակիցները, սակայն, չցանկացան խոսել խնդրի մասին, ենթակարգավարն ասաց, որ երկու ամիս է՝ արձակուրդում է:

«Հայավտոկայարան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Աշոտ Մնացականյանը պարզաբանեց, թե ինչու աշխատակիցներն աշխատավարձ չեն ստացել։

«Մենք հարյուր տոկոս պետական մասնակցությամբ ինքնաֆինանսավորվող կազմակերպություն ենք, բյուջեից ֆինանսավորում չկա, մենք հարկ ու շահաբաժին ենք մուծում: Մեր եկամուտները, հասույթը գոյանում են ուղևորափոխադրումներից: Քանի որ համավարակի պատճառով տրանսպորտը չի աշխատել, մեր ՓԲԸ-ին գումար մուտք չի եղել, մեր միջոցները չեն գոյացել, որ աշխատավարձ վճարենք»,-ասաց նա:

Մնացականյանի խոսքով` համապատասխան միջոցառումներ են իրականացրել, տեղեկացրել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը:

«Հարցին լուծում տալու փուլում է խնդիրը, կարծում եմ՝ մի քանի օրվա խնդիր է»,-ասաց նա` հավելելով, որ ՓԲԸ-ի թե' մարզային բոլոր կառույցների, թե' վարչական մասի որևէ աշխատակից աշխատավարձ չի ստացել արտակարգ դրություն հայտարարելուց հետո:

«Աշխատակիցներ կան, որ էս ընթացքում կրճատվել են և նույնիսկ վերջնահաշվարկ չեն ստացել: Մոտ 120 աշխատակից, այդ թվում` ես, աշխատավարձ չենք ստացել»,- ասաց Մնացականյանը:

Վերջինս վստահեցրեց, որ վերջին ամիսների ընթացքում ընդամենը երկու աշխատակից է պարգևավճար ստացել, որոնց թվում ինքը չկա: Մնացականյանի խոսքով` ինքը ևս, ինչպես ընկերության աշխատակիցները, նեղսրտած է այս իրավիճակից, սակայն որպես տնօրեն՝ իր հնարավորությունների սահմաններում արել է առավելագույնը` խնդրին լուծում տալու համար:

Մեր դիտարկմանը, թե վարչապետը վստահեցրել էր, որ պետական համակարգի աշխատակիցները արտակարգ դրության պայմաններում լիարժեք վարձատրվելու են, Մնացականյանն ասաց, որ աշխատակազմի աշխատավարձը հաշվարկված է որպես կրեդիտորական պարտք, և բոլորը ստանալու են իրենց գումարը:

«Հայավտոկայարան» ՓԲԸ-ի բաժնետոմսերը Պետական գույքի կառավարման կոմիտեից փոխանցվել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը: Փոխնախարար Արմեն Սիմոնյանը վերահաստատեց, որ ընկերությունն ինքնաֆինանսավորվող կազմակերպություն է, որի բյուջեն ձևավորվում է երթուղիների սպասարկման գումարներից:

«Քանի որ երթուղիները չեն աշխատել այս ժամանակահատվածում, այդ ամիսների ընթացքում դեֆիցիտ է առաջացել, ինչն էլ հանգեցրել է այս իրավիճակին: Հայավտոկայարանից դիմել են Կառավարության աջակցության երրորդ ծրագրի շրջանակում աշխատավարձերի փոխանցման համար, բայց խնդիրներ են առաջացել, քանի որ այն իր բնույթով մասնավոր հատվածի համար է նախատեսված: Այդտեղ անձնական երաշխավորություն է պետք գործադիր մարմնի կողմից»,- ասաց Արմեն Սիմոնյանը:

Փոխնախարարի խոսքով` այժմ նախարարությունում քննարկումներ են ընթանում խնդիրը հնարավորինս արագ լուծելու համար:

«Ես հասկանում եմ մարդկանց անհարմարություն ենք պատճառել, քանի որ արդեն երրորդ ամիսն է՝ աշխատավարձ չեն ստացել: Խնդիրն այն էր, որ Ավտոկայարանը սպասում էր, թե շուտով երթուղիները կբացվեն, և կկարողանար այդ գումարները հավաքել, բայց նման իրավիճակ է ստացվել: Այժմ դրանով ենք զվաղվում, և մոտակա օրերին խնդիրը կլուծվի»,- եզրափակեց փոխնախարարը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter