
Գլխավոր դատախազ. «Քրեական ենթամշակույթին առնչվող օրենքը կանխարգելիչ նշանակություն ունի»
Քրեական ենթամշակույթի դեմ օրենսդրորեն տարվող քաղաքականությունը կունենա կանխարգելիչ նշանակություն:
Այս մասին խորհրդարանում ասաց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը` պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հարցին:
«Օրենքի ընդունման փաստն ինքնին մեծ դրական քայլ էր, որ իրականացրեց Հանրապետությունը, գաղափարական իմաստով այն լուրջ կանխարգելիչ նշանակություն է ունենում»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարին խորհրդարանն ընդունել է Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին Կառավարության առաջարկը, որով ամրագրվում է քրեական ենթամշակույթի դեմ պայքարը:
«Ինչ վերաբերում է կոնկրետ վարույթներին, օրենքը դեռևս երկու-երեք ամսվա կիրառության պրակտիկա ունի, բայց արդեն ունենք հինգ քրեական գործ՝ այդ փաստով հարուցված: Օրեր առաջ հրապարակում տեղի ունեցավ, մեկ բացահայտումով տասը անձի նկատմամբ հետապնդում իրականացվեց, այդ թվում` հայտնի ձևակերպմամբ օրենքով գողի նկատմամբ»,- ասաց Դավթյանը:
Գլխավոր դատախազի խոսքով` նման աշխատանքները բարդ են, երկարատև և մասնագիտական մոտեցում են պահանջում:
«Եվ այդ մոտեցմամբ էլ իրականացվում են օպերատիիվ միջոցառումներ այլ դեպքեր բացահայտելու համար, ամեն ինչ անելու ենք, որ հնարավոր բոլոր օջախներն առնչվեն այս օրենքին»,- ասաց Դավթյանը:
Մեկնաբանել