HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Գույքահարկ. ի՞նչն է փոխվում, ինչքանո՞վ և ե՞րբ

Վերջին օրերին Հայաստանում ամենաքննարկվող թեմաներից է գույքահարկի փոփոխությունների նախագիծը։ Կառավարությունը մի քանի օր առաջ՝ մայիսի 27-ին, ընդունեց Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որը ենթադրում է անշարժ գույքի գույքահարկերի փոփոխություններ։ Թե՛ լրատվամիջոցներում, թե՛ սոցիալական ցանցերում ամենատարբեր կերպով է ներկայացվում փոփոխությունների այս փաթեթը։ Հակասական տեղեկություններ են տարածվում, թե ինչ փոփոխություններ են սպասվում, գույքահարկը որքանով է բարձրանալու, երբվանից են փոփոխություններն ուժի մեջ մտնում և այլն։ Այս հոդվածով փորձել ենք հնարավորինս բացել այդ «փակագծերը»։ 

Ինչի մասին է արդեն «ծամծմված» նախագիծը

Այսօր Հայաստանի անշարժ գույքը հարկվում է՝ ըստ նշված գույքի կադաստրային արժեքի, որը սահմանում է Կադաստրի կոմիտեն։ Սակայն, կադաստրային արժեքը իրականում խիստ տարբերվում է իրական շուկայական արժեքից. այն շատ ավելի ցածր է։ Այսինքն՝ կադաստրային արժեքը չի արտացոլում գույքի իրական գինը։

Օրինակ՝ պատկերացրեք, որ դուք ցանկանում եք վաճառել ձեր բնակարանը և հրավիրում եք անշարժ գույքի գործակալի, որը ձեր բնակարանը գնահատում է 60 հազար ԱՄՆ դոլար։ Սա ձեր բնակարանի շուկայական արժեքն է։ Մինչդեռ, եթե հետաքրքրվեք, կարող է պարզվել, որ ձեր նույն բնակարանի կադաստրային արժեքը մի քանի անգամ ավելի ցածր է։ Նույն իրավիճակն է նաև բարձրարժեք գույքի պարագայում։ Շուկայական մի քանի հարյուր հազար դոլար արժեցող «դղյակների» կադաստրային արժեքները մի քանի անգամ ավելի ցածր են։ Ու այդ «դղյակների» սեփականատրերը ոչ էական գումարներ են վճարում որպես գույքահարկ։ 

Հետևաբար, կառավարությունը համարում է, որ անշարժ գույքի համար այսօր հարկվող գումարները շատ ավելի ցածր են, քան իրականում պետք է լինեն։ «Հայաստանի Հան­­րապետությունում անշարժ գույքի հարկի ներուժը՝ որպես համայնքային բյուջեների եկամտի կարևոր աղբյուր, գործնականում գրեթե չի օգտագործվում»,- նշված է նախագծում, որը ներկայացրել է Ֆինանսների նախարարությունը։

Եվ կառավարությունն առաջարկում է գույքահարկը սկսել հարկել ոչ թե ըստ ներկայում եղած կադաստրային արժեքի, այլ՝ շուկայականին մոտ արժեքի։ Իսկ ավելի կոնկրետ՝ կադաստրային ու շուկայական արժեքները մոտարկել։ Ինչպես նաև՝ սահմանել գույքահարկի նոր սանդղակ­ներ ու դրույքաչափեր։ 

Նաև առաջարկվում է վերացնել բնակարանների համար սահմանված չհարկվող շեմերը։ Այսօր մինչև 3 մլն դրամ կադաստրային արժեք ունեցող բնակարանները չեն հարկվում գույքահարկով։ Կառավարությունը ցանկանում է, որ այսուհետ այս արտոնյալ շեմը վերանա և նշված  բնակարանների սեփականատերերը ևս գույքահարկ վճարեն։ 

Ով է որոշում ձեր գույքի արժեքը

Գույքի կադաստրային արժեքը որոշում է Կադաստրի կոմիտեն։ 2019 թվականին Կադաստրը ձեռնամուխ եղավ Հայաստանում անշարժ գույքի կադաստրային արժեքի վերահաշվարկին՝ փորձելով անշարժ գույքի կադաստրային արժեքները մոտեցնել շուկայականին։ Ընդունվեց անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին նախագիծ։

Սա գույքահարկի փոփոխությունների առաջին քայլն էր, քանի որ գույքահարկը, ինչպես նշվեց, նախատեսվում է արդեն հաշվարկել ըստ շուկայականին մոտ արժեքների։ Դեռևս նախորդ տարի, արդեն իսկ բարձրաձայնվում էր, որ շուկայական ու կադաստրային արժեքների մոտարկումը հանգեցնելու է գույքահարկի բարձրացմանը։

Ֆինանսների նախարարության Եկա­մուտ­ների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Օրի Ալավերդյանի խոսքով՝ փոփոխություններից հետո էլ անշարժ գույքի շուկայական ու կադաստրային արժեքները որոշակիերոն կտարբերվեն, սակայն այդ տարբերությունը այնքան մեծ չի լինի, որքան նախկինում է եղել։

Նրա խոսքով՝ առաջիկայում Կադաստրի կողմից կհրապարակվի անշարժ գույքի կադաստրային արժեքների նոր բազան։

Ով որքան կվճարի

Նոր փոփոխություններով սահմանված գույքահարկի դրույքաչափերը ներկայացված են մի քանի սանդղակներով։ Ճիշտ է՝ դրանք ևս ըստ կադաստրային արժեքների են, սակայն պետք է նկատի ունենալ, որ նախագիծն այնպես է կազմվել, որ այդ դրույքաչափերին անցնելու ժամանակ կադաստրային ու շուկայական արժեքները մոտարկված լինեն։

Ֆինանսների նախարարությունը հավաստիացնում է, որ այս նախագծի ընդուն­ման և կիրառության արդյունքում տեսանելի հարս­տու­­թյան կամ ունեց­վածքի համար կսահմանվի ավելի արդարացի հարկային բեռ։ Այսինքն ՝ բարձրարժեք գույքի գույքահարկը մի քանի անգամ կբարարձրանա։ Իսկ առավել ցածր արժեք ունեցող գույքինը՝ էական փոփոխությունների չի ենթարկվի։ 

Բազ­մա­բնակարան բնակելի շենք, բազմաբնակարան բնակելի շենքի բնակարան, բազմա­բնակարան շենքի ոչ բնակելի տարածք համարվող անշարժ գույքի համար նախատեսված են հարկման վեց դրույքաչափեր։

Առաջին շեմ։ Մինչև 10 մլն դրամ (այսօրվա փոխարժեքով՝ մոտ 21 հազ. դոլար) արժեցող բնակարաններն են, որոնց տարեկան գույքահարկի դրույքաչափը 0.05%-ն է։ Այսինքն՝ այս գնի բնակարանների տարեկան գույքահարկը առավելագույնը կկազմի 5 հազար դրամ։ 

Երկրորդ շեմ։ 10-25 միլիոն դրամը ներառյալ (մոտ 21-52 հազ. դոլար)։ Դրույքաչափը. 5 հազար դրամին գումարած հարկման բազայի 10 միլիոն դրամը գերազանցող մասի 0.1%-ը։ Ստացվում է, որ այս գնի բնակարանների տարեկան գույքահարկը առավելագույնը կկազմի 20 հազար դրամ։ 

Արդեն երրորդ շեմից գույքահարկի չափը բացարձակ մեծությամբ թռիչքաձև բարձրանում է։

Երրորդ շեմ։ 25-47 մլն դրամ (մոտ 52-97 հազ. դոլար)։ Դրույքաչափը. 20 հազար դրամ՝ գումարած հարկման բազայի 25 միլիոն դրամը գերազանցող մասի 0.2%-ը։ Այստեղ առավելագույնը շեմը տարեկան կկազմի 64 հազար դրամ։

Չորրորդ շեմ։ 47-75 մլն դրամ (մոտ 97-155 հազ. դոլար)։ Դրույքաչափը. 64 հազար դրամ` գումարած հարկման բազայի 47 միլիոն դրամը գերազանցող մասի 0.4%-ը։ Առավելագույնը ստացվում է տարեկան 176  հազար դրամ։ 

Հինգերորդ շեմ։ 75-100 մլն դրամ (մոտ 155-207 հազ. դոլար)։ Դրույքաչափ. 176 հազար դրամ` գումարած հարկման բազայի 75 միլիոն դրամը գերազանցող մասի 0.6 տոկոսը։ Այսինքն՝ տարեկան առավելագույնը 326 հազար դրամ։

Վեցրերորդ շեմ։ 100 մլն դրամ և ավելին (207  հազ. դոլար և ավելին)։ Դրույքաչափը. 326 հազար դրամ` գումարած հարկման բազայի 100 միլիոն դրամը գերազանցող մասի 1%-ը։

Առաջարկվող դրույքաչափերը, տարեկան

Ներկայում օրենքով անշարժ գույքի հարկի դրույքաչափերը բոլորովին այլ են։ Բացի այդ, ինչպես նշեցինք այս պահին կադաստրային ու շուկայական արժեքները խիստ տարբեր են։ Հետևաբար, ներկա դրույքաչափերի հետ առաջարկվող համեմատությունները անտեղին կլինեն։ Կարելի է միայն կոնկրետ օրինակներով պատկերացում կազմել, թե ում համար է գույքահարկը բարձրանում։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը, անդրադառնալով ներկայում  կադաստրային արժեքներին ու գույքահարկերին, մի քանի օրինակներ է ներկայացրել։ Օրինակ՝ նշում է, որ Երևանի կենտրոնում՝ Հերացի փողոցում գտնվող 80 հազար դոլար շուկայական արժեքով 120 քմ բնակարանի համար տարեկան վճարվում է 9 հազար դրամ գույքահարկ։

Եթե  նրա ներկայացրած թվերի հիման վրա հաշվարկենք՝ նկատի ունենալով, որ կառավարության առաջարկվող փոխությունների ուժի մեջ մտնելու ժամանակ կադաստրային ու շուկայական արժեքները մոտարկված են լինելու, կստացվի, որ նույն Հերացի փողոցում գտնվող 80 հազար դոլարանոց բնակարանը դրամով կարժենա մոտ 39 մլն դրամ, ապա այն կներառվի վերևում ներկայացված դրույքաչափերի երրորդ շեմում և տարեկան կվճարի 48 հազար դրամ՝ ներկայիս 9 հազար դրամի փոխարեն։

Իսկ անհատական բնակելի տների համար կառավարությունն այլ շեմեր ու դրույքաչափեր է առաջարկում։ Այստեղ ևս վեց շեմ է սահմանվում։ 

Առաջինը մինչև 7 մլն դրամ (14.5 հազ. դոլար) գնահատվող տներն են, որոնց տարեկան գույքահարկը առավելագույնը կկազմի 3500 դրամ։

Երկորդ շեմը 7-23 մլն դրամն (14.5-48 հազ. դոլար)։ Առավելագույնը՝ 19.5 հազար դրամ գույքահարկով։

Ամեն հաջորդ շեմով բարձրանում է նաև գույքահարկի չափը։

Երրորդ շեմ։ 23-50 մլն դրամ (48-103.5 հազ. դոլար)։  Դրույքաչափը. 19.5 հազ. դրամ` գումարած հարկման բազայի 23 միլիոն դրամը գերազանցող մասի 0.2 տոկոսը։ Առավելագույնը՝ 73.5 հազ. դրամ։

Չորրորդ շեմ։  50-85 մլն դրամ (103.5-176  հազ. դոլար)։ Դրույքաչափը. 73.5 հազ. դրամ` գումարած հարկման բազայի 50 միլիոն դրամը գերազանցող մասի 0.4 տոկոսը։ Առեվելագույնը՝ 213.5 հազար դրամ։

Հինգերորդ շեմ։ 85-120 մլն դրամ (176-248 հազ. դոլար)։ Դրույքաչափը. 213.5 հազ. դրամ` գումարած հարկման բազայի 85 միլիոն դրամը գերազանցող մասի 0.6%-ը։ Առավելագույնը՝ 423.5 հազ. դրամից։ 

Վեցերորդ շեմում  120 մլն դրամից ավել գնահատվող տներն են, որոնք տարեկան գույքահարկը սկսվելու է նվազագույնը 423.5 հազ. դրամից։

Առաջարկվող դրույքաչափերը, տարեկան

Այս փոփոխությունները ուժի մեջ կմտնեն չորս տարում 

Այս բոլոր փոփոխությունները միանգամից չէ, որ ուժի մեջ են մտնելու։ Դա տեղի կունենա աստիճանաբար՝ չորս տարում։ Ֆինանսների նախարարության նախագծում առաջարկվում է  հարկային բեռի կտրուկ աճը կանխելու համար հարկման նոր համակարգին անցում կատա­րել չորս տարիների ընթացքում։

«Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ 2021 թվականին վճարման ենթակա կլինի անշարժ գույքի նոր արժեքի և նոր դրույքա­չափերի հիման վրա հաշվարկված հարկի 25 տոկոսը, 2022 թվականին՝ 50 տոկոսը, 2023 թվականին՝ 75 տոկոսը, և նոր համակարգը ամբողջությամբ կներդրվի 2024 թվականից»,- նշված է նախագծում: 

… եթե Ազգային ժողովն ու նախագահը համաձայնություն տան

Այս նախագիծը դեռևս պետք է քննարկվի Ազգային ժողովում։ Եվ միայն օրենսդիր մարմնի հավանությանը արժանանալուց և նախագահ Արմեն Սարգսյանի կողմ ից ստորագրվելուց հետո կարելի է նախագիծը համարել ընդունված։ Դեռևս հստակ ժամկետներ չկան, թե երբ այն կքննարկվի ԱԺ-ում։

Կենտրոնում ապրող մանկավարժի ու թոշակառուի խնդիրը

Գույքահարկի նոր փոփոխությունների թեման միանգամից բազմաթիվ հարցեր է առաջացրել քաղաքացիների շրջանում։

Կառավարությունը դեռևս չի տվել հարցի պատասխանը, թե մայրաքաղաքի կենտրոնում ապրող, բայց ցածր եկամուտ ստացող թոշակառուն, մանկավարժը, վաճառողը և այլք, ովքեր իրենց բնակարանները ժառագնություն են ստացել, ինչպես են վճարելու տարեկան գույքահարկը։ Երևանի կենտրոնում բնակարանները, ի տարբերություն, մյուս վարչական շրջանների, շատ ավելի բարձր արժեք ունեն։ Հետևաբար՝ նրանց պարագայում գույքահարկի նկատելի բարձրացում է սպասվելու։ Այսինքն՝ նրանց հարկային բեռը միանգամից ծանրանալու է։ 

Մյուս ամենաքննարկվող հարցերից մեկն այն է, թե արդյոք Կադաստրի կոմիտեն ունի՞ բավարար ռեսուրսներ անշարժ գույքի իրական գներին մոտ կադաստրային գներ սահմանելու համար։ Արդյոք տնտեսության այս ճգնաժամային իրավիճակում, երբ անշարժ գույքի գնանկումը բոլորովին չի բացառվում, կրկին չե՞ն շեղվի կադաստրային ու շուկայական արժեքները։

Եվ, առհասարակ, արդյոք ճի՞շտ ժամանակ է ընտրված այս փոփոխությունների համար։ Սպասվում է, որ Ազգային ժողովի քննարկումներում այս հարցերը կբարձրացվեն։

Քննարկվում է նաև սոցիալական արդարության թեման. համահարթ եկամտային հարկմանը զուգահեռ պրոգրեսիվ գույքահարկը որքանո՞վ է լուծում սոցիալական արդարության հարցը։ Օրերս էլ թարմացրել է համատարած հայտարարագրման թեման։ Մի խոսքով՝ հայաստանցիների սոցիալ-տնտեսական կյանքում կարևոր, բայցև՝ խնդրահարույց փոփոխություններ են սպասվում։

Մեկնաբանություններ (5)

Արամ Սանասարյան
Օրենքը չի համապատասխանում հայստանի քանդված քանդվող տնտեսությանը և այն տնտեսության վիճակը բարելավելու փոխարեն մեծ խնդիրներա առաջացնելու կարող ա էս դրույքաչափերը նախատեսնվածա արտասահմանցիների համար հայաստանի բնակիչը ի վիճակի չի լինելու վճարել նման աստղաբաշխական գումարներ
Սվետլանա Հարւթյունյան
Պատերազմ դղյակների դեմ: Ըստ էության, կառավարությունը փորձում է մեկ կրակոցով երկու նապաստակ սպանել` Ծառուկյաններին պարտադրել մուծել ավելի ու ավելի շատ և ստիպել որ ձայները փորները գցեն (Իմ Քայլականների ոճով արտահայտվեմ)` " Նույն իրավիճակն է նաև բարձրարժեք գույքի պարագայում։ Շուկայական մի քանի հարյուր հազար դոլար արժեցող «դղյակների» կադաստրային արժեքները մի քանի անգամ ավելի ցածր են։ Ու այդ «դղյակների» սեփականատրերը ոչ էական գումարներ են վճարում որպես գույքահարկ։" Երկու և կես տարին չբավարարեց որ կառավարաությունը տնտեսական ծրագրերով հարստացնի պետության գանձարանը: Ստիպված "վերցնում են Ծառուկյաններից որ տան (ինչը հարցական է) աղքատին: Ինչպես հայտնի անեկդոտում` Երբ հայրը բացատրում է երեխային որ բոլշևիկները կուլակաթափ են անում որ հարուստներ չլինեն, նա զարմացած ասում է որ կարծում է որ ճիշտը աղքատներ չլինելն է:
Tigran
սա լիովին խայտառակությունա, էս չկայացած բ ի տղերքի կողմից ժողովրդի գրպանը մտնելու հերթական փորձ
Հրաչյա Հովհաննիսյան
Գույքահարկի չափի փոփոխության մասին ՀՀ ֆին. նախ-ի ներկայացրած նախագծի հիմնավորման պատճառաբանությունը զուրկ է որև է տնտեսագիտական տրամաբանությունից և իրավական հիմնավորումից: Անշարժ գույքի կադաստրային արժեքը և նրա շուկայայկան արժեքը , որպես տնտեսագիտական կատեգորիաներ միմիանցից էապես տարբերվւմ են: Անշարժ գույքի կադաստրային արժեքը ձևավուվում է տվյալ անշարժ գույքի կառուցման ծախսերից և այդ շինության զբաղեցրած հողի , ըստ գոտիականության, արժեքի հանրագումարից, որը հաստատուն մեծություն է : Անշարժ գույքի շուկայայկան արժեքը ձևավորվում է շուկայում, ըստ առաջարկի ու պահանջարկի և կապված անշարժ գույքի շուկայի վրա ազդող գործոներից այդ արժեքը կարող է բարձրանալ կամ իջնել, այսինքն՝ փոփոխական մեծություն է : Հհետևաբար՝ կադասրային արժեքի և շուկայայկան արժեքի նույնականացումը և գույքահարկի գանձումը շուկայայկան արժեքից իրավական տեսանկյունից չի հիմնավորվում, քանի որ շուկայական արժեքը փոփոխական է , իսկ փոփոխական արժեքի հիման վրա ֆիքսված հարկի գանձումը իրավական տեսանկյունից < ԱՎԱՆՏՅՈՒՐԱ Է> , այսինքն չհիմնավորված հարկի գանձում, որը հղի է քաղաքական և քրեական հետևանքներով: Քաղաքական հետևանքը կլինի այն , որ չհիմնավորված հարկի ավել գումարների գանձումը սոցիալապես անապահով խավի մոտ կառաջացնի դժգոհություն և կբերի սոցիալական բունտի: Քրեական հետևանք ( անկախ քաղաքական հետևանքներից ) կառաջանա բոլոր դեպքերում, եթե անշարժ գույքի շուկայայկան արժեքի անկում տեղի ունենա , իսկ գույքահարկը գանձվի բարձր գնի ֆիքսված դրույքաչափով : Չհիմնավորված ավել գումարի գանձումը կառաջացնի քրեական պատասխանատվություն < ՇՈՐԹՈՒՄ > հոդվածով: : Ներկա իշխանությունները պետք է քաջ գիտակցեն , որ ժողովրդական շարժումն է իրենց բերել իշխանության , հետևաբար ՝ պետք է վարեն այնպիսի սոցիալական քաղաքականություն , որը պետք է լինի ուղղված ժողովրդի մեծամասնության շահերին, այլ ոչ թե հակառակը: Սակայն վերջին ժամանակներս իշխանությունների վարած քաղաքականությունը հուշում է , որ իշխանությունները հեռացել են ժողովրդից և քայլ առ քայլ տանում են իշխանության կուսակցական օլիգալխիայի ձևավորմանը ու նրա ֆինանսական ուժեղացման քաղաքականություն , ինչը արտահյտվում է հետևյալում՝ . Բանկային գաղտնիքի և ավանդների ներգրավման մասին օրենքներում փոփոխություններ կատարելը և բանկերին 300.000 դրամի տուգանքից ազատելը , որրով իշխանությունը ուժեղացնում է իշխանական կուսակցության օլիգալխիայի ֆինանսական հենարան հանդիսացող բանկերին : 2. Համաճարակի դեմ պայքարում անբավարար միջոցների ներդնումը , սակայն նույն ժամանկում իշխանության հենարանը հանդիսացող կառավարման համակարգին առատաձեռն պարգևավճարների տրամադրումը պետ. բյուջեի միջոցների հաշվին: 3. Համաճարակի ընթացքում պաշտպանիչ դիմակների , ձեռնոցների և կանխարգելիչ նյութերի սպեկուլյատիվ գներով վաճառքի թույլատրումը , որի բիզնեսը իշխանանկան օլիգալխիայի ձեռքում է: Հ.Գ. ՝ ՀՀ-ում ձեևավորվում է իշխանական կուսակցական օլիգալխիա , որը փորձում է բարձրանալ ժողովրդին կեղեքելու և պետ. բյուջեն մսխելու ճանանպարհով , ապացույցը այն է , որ իշխանության համակարգում աշխատում են բացառապես միայն նույն կուսակցության անդամները կամ նրանց մերձավորները, որոնք էլ բյուջեն լցնելու և մսխելու համար հեշտ ճանապարհ են գտել գույքահարկը բարձրացնելով : Սակայն երկրում կան հազարավոր անշարժ գույքեր որոնք դուրս են գույքահարկի դաշտից , դրանք ապօինի կառուցված ավտոտնակներն են , օժանդակ շինությունններն են , այգեգործկան տնակներն են , որոնք չեն հարկվում գույքահարկով: Իշխանությունները փոխանակ կառավարման համակարգի պարգևավճարներ ստացող իրենց անբաններին աշխատացնեն և անօրինական կառույցները օրինականացնելով այդ գուքը բերեն հարկման դաշտ , որով լուրջ գումարներ կմտնեն բյուջե մտածում են միայն ժողովրդի գրպանները դատարկելու ձևերի մասին:
Հովակիմ Մարտիրոսյան
Հիմարություն,ուռճացված թվեր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter