HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆրիուլի-Վենեցիա-Ջուլիայի նահանգապետը՝ Սերժ Սարգսյանի մոտ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Իտալիայի Ֆրիուլի-Վենեցիա-Ջուլիայի նահանգապետ Ռենցո Տոնդոյի գլխավորած պատվիրակությանը: 

Նախագահը նշել է, որ հայ-իտալական բարեկամական հարաբերություններն ավանդական բնույթ ունեն, և պատմությունը շատ լավ հիմք է ստեղծել այդ հարաբերությունները զարգացնելու համար: Հանրապետության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է Իտալիայի հետ բազմաբնույթ կապերի և համագործակցության խորացմամբ ու չափազանց կարևորում է քաղաքական երկխոսության, միջխորհրդարանական հարաբերությունների, առևտրատնտեսական, կրթամշակութային, զբոսաշրջության և այլ ոլորտներում փոխգործակցությունը: Նախագահ Սարգսյանն անհրաժեշտ է համարել նաև Հայաստանի և Իտալիայի տեղական ինքնակառավարման մարմինների միջև ապակենտրոնացված համագործակցության զարգացումը` ողջունելի համարելով Ֆրիուլի-Վենեցիա-Ջուլիայի նահանգի և Տավուշի մարզի միջև ամրապնդվող հարաբերություններն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ուղղությամբ աշխատանքը: 
Նահանգապետ Ռենցո Տոնդոն հույս է հայտնել, որ ՏԻՄ մակարդակում հարաբերությունների սերտացումը լրացուցիչ խթան կհանդիսանա երկու երկրների կառավարությունների միջև համագործակցության ընդլայնման ու ամրապնդման համար: Ընդգծելով հայ-իտալական տնտեսական բաղադրիչի կարևորությունը` նա նշել է, որ գործարար շրջանակների միջև անմիջական շփումները խթանելու նպատակով իր գլխավորած պատվիրակության հետ Հայաստան են ժամանել իտալացի գործարարներ, ովքեր հայ գործընկերների հետ կքննարկեն փոխշահավետ ու հեռանկարային համագործակցության հնարավորությունները: 
Հայաստանյան այցից ներկայացնելով իր տպավորությունները` Իտալիայի Ֆրիուլի-Վենեցիա-Ջուլիայի նահանգապետը նշել է. «Հայաստան կատարած այցի ընթացքում մենք գտանք մեր ընդհանուր քրիստոնեական արմատները: Ես անչափ տպավորված եմ ձեր գեղեցիկ երկրով»: 
Նահանգապետն այցելել է նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիր, որի մասին ասել է, թե իր համար չափազանց հուզիչ է եղել այն, ինչ տեսել ու լսել է: Այս մասին հայտնում են նախագահի մամլո գրասենյակից:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter