
Առաջարկվում է անչափահասների հարցաքննություններին ներգրավել նաև հոգեբաններին
Խորհրդարանի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց Քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի և Նիկոլայ Բաղդասարյանի համահեղինակած օրենսդրական նախաձեռնությունը:
Հիմնական զեկուցող Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով` այս փոփոխություններով կարգավորվելու է անչափահաս տուժողների և վկաների հարցաքննության ընթացակարգը:
«Առաջարկել ենք, որ այդ հարցաքննությունները պարտադիր ձայնագրառվեն, նաև այդ հարցաքննություններին մասնակցեն հոգեբանները, ընդ որում` որակավորված հոգեբանները»,- ասաց Բաղդասարյանը: Նրա խոսքով` ակնկալիքն այն է, որ Կառավարությունը համապատասխան որոշմամբ հստակեցնի, թե ովքեր են հանդիսանում որակավորված հոգեբաններ:
Նախագծում նաև առաջարկվում է ամրագրել, որ անչափահաս կամ անգործունակ մասնակցի խնամակալը կամ հոգաբարձուն չի կարող մասնակցել վարույթին, եթե
_գտնվում է ազգակցական կապի կամ անձնական կախվածության այլ հարաբերությունների մեջ այն դատավորի, դատախազի, քննիչի կամ հետաքննության մարմնի աշխատակցի հետ, ով մասնակցել կամ օրինական ներկայացուցչի ներգրավման պահին մասնակցում է վարույթին,
_գտնվում է ազգակցական կապի կամ անձնական կախվածության այլ հարաբերությունների մեջ կասկածյալի կամ մեղադրյալի կամ նրանց մերձավոր ազգականների հետ,
_օրենքով կամ դատական ակտով չի կարող լինել օրինական ներկայացուցիչ, ինչպես նաև իր վարքագծով ակնհայտորեն վնասում է ներկայացվողի շահերին, իր վարքագծով խոչընդոտել է ներկայացվողի իրավունքների իրականացմանը կամ հանգեցրել է դրանց խախտմանը:
Արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը ներկայացրեց Կառավարության դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ՝ ասելով, որ այն միտված է անչափահասների իրավունքների պաշտպանության համար լրացուցիչ մեխանիզմներ սահմանելուն:
Մեկնաբանել