
Խորհրդարանը քննարկեց երաշխավորության ինստիտուտի փոփոխությանն ուղղված օրենսդրական առաջարկը
Խորհրդարանի հերթական նիստում քննարկվեց «Քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում է երաշխավորության համակարգը ինստիտուցիոնալ բարեփոխման ենթարկել:
Նախագծի հիմնական զեկուցող Արկադի Խաչատրյանի խոսքով` երբ մարդիկ բանկերից և վարկային կազմակերպություններից վարկ են վերցնում, նրանցից պահանջվում է երաշխավորություն ներկայացնել, և շատ դեպքերում երաշխավորություն ներկայացրած բարեկամներն ու մտերիմներն այդպես են վարվում ստիպված:
«Շատերը չիմանալով դրա իրավական հետևանքները տալիս են այդ երաշխավորությունը: Շատ դեպքերում նրանց տալիս են թուղթ ստորագրելու, որ համաձայն են հարևանը վարկ վերցնի, մարդիկ ուղղակի ամոթից են դա անում կամ ֆինանսական ու իրավական գիտելիքները չեն բավարարում, որպեսզի տեղյակ լինեն` երաշխավորությունը տալու պարագայում հիմնական պարտապանի կողմից վարկը չմարելու կամ անպատշաճ վարկային պարտականությունը կատարելու պահին միաժամանակ պահանջ է ներկայացվում նաև երաշխավորի նկատմամբ, և արգելանքի տակ է դրվում նրա գույքը»,- ասաց նա:
Խաչատրյանի խոսքով` գործող կարգավորումների համաձայն երաշխավորը կրում է համապարտ պատասխանատվություն` իր երաշխավորությունը տալու դեպքում պարտապանի պարտավորության համար:
«Մենք ունենք մի ամբողջ գյուղեր, որոնք արգելանքի տակ գրավադրված են բանկերում, գյուղացիները շատ հաճախ հայտնվում են սև ցուցակում, վատթարացնում են իրենց վարկային պատմութունը և անհրաժեշտության դեպքում, երբ ուզում են դիմել բանկերին իրենց տնտեսությունը զարգացնելու համար, մերժվում են վատ վարկային պատմության պատճառով: Դա է պատճառը, որ Կառավարության տրամադրած գյուղատնտեսական շատ վարկեր արդյունավետ չեն լինում, քանի որ գյուղացիները վարկունակ չեն, որի հիմնական պատճառներից մեկը երաշխավորության ինստիտուտն է»,- ասաց նա:
Խաչատրյանի խոսքով` նախագծով առաջարկվում է միանգամից պահանջ չներկայացնել երաշխավորի նկատմամբ:
«Ֆիզիկական անձ երաշխավորի դեպքում այն կրելու է սուբսիդիար կամ լրացուցիչ պարտավորություն, դա նշանակում է որ վարկը չմարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում պահանջը պետք է նախ ներկայացվի հիմնական պարտապանին, վաճառվի գրավի առարկան, և միջոցները չբավարարելու դեպքում նոր կարող ես պահանջ ներկայացնել երաշխավորի նկատմամբ»,- ասաց Խաչատրյանը` հավելելով, որ այս կերպ երաշխավորների ինստիտուտը պաշտպանված կլինի:
Նախագծի հեղինակի խոսքով` մյուս խնդիրն այն է, որ հաճախ մարդիկ երաշխավորությունը տալիս են օրինակ մեկ միլիոն դրամի համար, սակայն ստանձնում են երաշխավորության պայմանագիր, որտեղ կա դրույթ` ստանձնում են ապագայում առաջանալիք պարտավորությունների համար երաշխավորություն:
«Դա նշանակում է, որ հիմնական վարկառուն լրացուցիչ վարկ է վերցնում կամ երկարացնում իր վարկային պարտավորությունների ժամկետը, որի համար երաշխավորը ստանձնում է պարտավորություն նաև նման դեպքերի համար… Մեկ միլիոնը դառնում է մի քանի միլիոն, ու նա փաստի առաջ է կանգնում»,- ասաց Արկադի Խաչատրյանը:
Վերջինիս խոսքով` առաջարկվում է երաշխավորության պայմանագրով սահմանել երաշխավորության առավելագույն գումար, որից ավելի պահանջ չի կարող ներկայացվել:
Նախագծի հարակից զեկուցող արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանն ասաց, որ նախագծի հեղինակի հետ պայմանավորվածություն կա, որ բարձրաձայնած մտահոգությունների մի մասը մինչև երկրորդ ընթերցում շտկվի:
Մեկնաբանել