HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ոստիկանները քիչ առաջ լրագրող Լուսինե Խաչատրյանին անչափահաս երեխայի հետ վտարել են բնակարանից

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ոստիկանության բաժնի աշխատակիցները քիչ առաջ լրագրող Լուսինե Խաչատրյանին, անչափահաս երեխայի հետ, վտարել են բնակարանից։ Խաչատրյանը «Հետք»-ին ահազանգում է այն մասին, որ ոստիկանության գործողություններն ապօրինի են, իրեն որևէ փաստաթուղթ չի ներկայացվել վտարման թույլտվության վերաբերյալ, մինչդեռ ինքն ունի ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ Էդգար Պետրոսյանի գրությունը, համաձայն որի՝ ոստիկանական գործողությունները՝ կապված վտարման հետ, կասեցված են մինչև բնակարանի հետ կապված վարչական վեճի ավարտը։ Խաչատրյանի ամբողջ գույքն այս պահին բնակարանում է, դռան փականը փոխել են։

«Ես իմ էրեխու հետ ուղիղ գնում եմ դեսպանատուն, տան շորերով։ Ես հայրենիք չունեմ։ Ես ապաստարան եմ պահանջում»,- ասում է երեխայի հետ փողոցում հայտնված Խաչատրյանը։

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի 27 հասցեում գտնվող բնակարանը, որտեղ ապրում էր Լուսինե Խաչատրյանը, վերջինիս ամուսինը վաճառել է, Խաչատրյանի պնդմամբ՝ առանց իր համաձայնության։ Բնակարանի գնորդները գնելուց առաջ նույնիսկ մեկ անգամ չեն գնացել՝ այն տեսնելու։ Լրագրողն ասում է՝ ինքը փաստացի խաբեության զոհ է դարձել, տևական ժամանակ պայքարում է, որպեսզի ապացուցի այդ հանգամանքը։

Դատարաններում այս պահին քննվող մի շարք գործեր կան՝ կապված բնակարանի առուվաճառքի և այլ հանգամանքների հետ։

Ըստ Խաչատրյանի՝ բնակարանի հետ կապված նաև վարչական վեճ կա, և Էդգար Պետրոսյանը Խաչատրյանին բնակարանից վտարելու ոստիկանության գործողությունները կասեցրել է մինչև այդ վարչական վեճի ավարտը։

Մարտ ամսին, սակայն, բնակարանի գնորդներն այն այլ անձի են վաճառել։  Լուսինե Խաչատրյանի խոսքով ՝ փաստաբան Գուրգեն Թորոսյանն, ով ներկայացնում էր բնակարանի նախկին սեփականատիրոջ շահերը, այժմ էլ նոր սեփականատիրոջ շահերն է ներկայացնում, պնդում է՝ քանի որ բնակարանը նոր սեփականատեր ունի, Էդգար Պետրոսյանի որոշումը, համաձայն որի՝ ոստիկանությունը մինչև վարչական վեճի ավարտը չի կարող իրեն վտարել բնակարանից, այլևս ուժի մեջ չէ։

Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից մեզ հետ զրույցում պարզաբանեցին,  որ Խաչատրյանին տրվել է ողջամիտ ժամկետ, որպեսզի դուրս գա բնակարանից, բայց դուրս չի եկել։ Բնակարանի նոր սեփականատերը դիմել է ոստիկանություն, որպեսզի ապօրինի ներխուժումը վերացնեն, և դիմումին ընթացք է տրվել։ Մեր դիտարկման վերաբերյալ, որ առկա է Երևանի վարչության պետի տեղակալի որոշում՝ վտարում չիրականացվելու մասին, այս պահին դեռևս ոստիկանությունից պաշտոնական պատասխան չենք ստացել։

Խաչատրյանը դիմել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ՝ այն ժամանակ, երբ ոստիկանները դեռևս նրա բնակարանում են եղել։ ՄԻՊ մամուլի քարտուղար Նունե Հովսեփյանը  «Հետք»-ի հետ զրույցում ասաց.

«Լուսինե Խաչատրյանի ահազանգը ստանալուց րոպեներ անց Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական հանձնարարությամբ աշխատակազմից կապ են հաստատել ոստիկանության հետ, քննարկվել է իրավիճակը, Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ: Այս պահին էլ աշխատանքներ են տարվում: Հաշվի առելով Լուսինե Խաչատրյանի բողոքը, այսօրվա ահազանգը նաև գրավոր ընթացակարգով պարզաբանումներ են պահանջվել Ոստիկանությունից վտարման կապացությամբ ոստիկանների գործողությունների իրավական հիմնավորվածության վերաբերյալ»։

Այն ժամանակ, երբ Լուսինե Խաչատրյանն արդեն դուրս էր եկել բնակարանից, կրկին կապ հաստատեցինք Նունե Հովսեփյանի հետ հասկանալու համար, թե ի վերջո ՄԻՊ աշխատակիցներն ի՞նչ եզրահանգման են եկել ոստիկանությունից պարզաբանումներ ստանալուց հետո։ Նունե Հովսեփյանը նշեց, որ Ոստիկանության գործողությունների իրավաչափությանն այս պահին իրավական գնահատական տալ հնարավոր չէ։

«Ոստիկանությունը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին է ներկայացրել վտարման հիմք հանդիսացող փաստաթղթեր, իսկ մյուս կողմը՝ վտարվողը, հակառակն ապացուցող փաստաթուղթ չի ներկայացրել»,- ասաց Նունե Հովսեփյանը։

Մինչդեռ Լուսինե Խաչատրյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծին ինքն ուղարկել է Էդգար Պետրոսյանի որոշումը։

Նունե Հովսեփյանը նաև նշեց, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին ներկայացվել է տեղեկություն այն մասին, որ վաղը նշանակված է դատական նիստ՝ վտարման հարցով։

«Ուստի, վտարման արգելքի հարցը՝ որպես հայցի ապահովման միջով, պետք է լուծի դատարանը: Ամեն դեպքում, հաշվի առնելով Լուսինե Խաչատրյանի գրավոր դիմումը, ինչպես նաև այսօրվա լրացուցիչ տեղեկությունները՝ վաղը Պաշտպանի աշխատակազմից այդ հարցերով գրություն կուղարկվի ոստիկանություն: Այս գործով կարևոր է նկատի ունենալ, որ առկա է ընթացիկ դատական վարույթ, հետևաբար՝ Մարդու իրավունքների պաշտպանի իրավասությունը և միջամտության սահմանները խիստ սահմանափակ են օրենքի ուժով»,- հայտնում են ՄԻՊ աշխատակազմից։

Երբ ոստիկանության աշխատակիցներն ու բնակարանի նոր սեփականատերը՝ փաստաբան Գուրգեն Թորոսյանի հետ դեռևս բնակարանում էին, Լուսինե Խաչատրյանը հեռախոսազանգի միջոցով մեզ պատմում էր, թե ինչ է կատարվում այնտեղ, լսափողը վերցրեց նոր սեփականատիրոջ փաստաբան Գուրգեն Թորոսյանը։

Վերջինս ասաց, որ Խաչատրյանը նախկին ամուսնու հետ պայմանավորվածություն է ունեցել, որ նա իրենց համար բնակարան կվարձի և դուրս կգան, ինչն այս պահի դրությամբ չի արվել։ Լուսինե Խաչատրյանը, սակայն, ասում է, որ իր և դստեր համար բնակարան վարձելու բանակցություններին մասնակից են եղել նաև բնակարանի նոր գնորդն ու Գուրգեն Թորոսյանը, սակայն իր բնակարանային խնդիրը չլուծած՝ եկել ու իրեն վտարում են։ Փաստաբանը հերքում է այդ հանգամանքը։

Կապ հաստատեցինք նաև Լուսինե Խաչատրյանի ներկայացուցիչ Մայիս Հովհաննիսյանի հետ։

Վերջինս նշեց, որ ոստիկանները սեփականատիրոջ դիմումի հիման վրա Խաչատրյանին բնակարանից դուրս հանելու իրավունք չունեն։

«Ոստիկանության վերադասը արդեն իսկ որոշում է կայացրել, որով կասեցվել են  ոստիկանության բոլոր տեսակի գործողությունները, որոնք կվերաբերեն իրենց ասած՝ «ներխուժումը» վերացնելուն։ Այստեղ ներխուժում գոյություն չունի։ Քաղաքացիաիրավական հարաբերություններ են, որոնք լուծվում են դատական կարգով»,- ասաց Մայիս Հովհաննիսյանը։ Ըստ փաստաբանի՝ չնայած իրենց հորդորներին ու առարկություններին՝ ոստիկանությունը փոխել է դռան փականը։

«Այն գործողությունները, որոնք իրականացրել է ոստիկանությունը, կարող է իրականացնել միայն Դատական ակտերի կատարման հարկադիր ծառայությունը՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիման վրա։ Այժմ բնակարանին տիրապետող անձը սեփականատիրոջ հետ հավասար իրավունքներ ունի»,- ասաց Մայիս Հովհաննիսյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter