
Անպարտաճանաչ վարկառուների անունները չեն հրապարակվի. Ազգային ժողովն ընդունեց նախագիծը
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Կառավարության ներկայացրած «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրենսդրական առաջարկը, որով Կենտրոնական բանկը (ԿԲ) փորձում է իրավունքի ուժով արգելել անպարտաճանաչ վարկառուների անունների հրապարակումը: Նշենք, որ այն վերաբերում է բանկի հանդեպ խոշոր պարտավորություն ունեցող ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնց բանկային պարտավորությունը կազմել է 20 միլիոն դրամ և ավելի:
Մինչ քվեարկությունը վարման կարգով խոսեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը` ասելով, որ այս կերպ խորհրդարանը վատ նախադեպ է ստեղծում: Թանդիլյանը հիշեցրեց, որ ԿԲ-ն տարիներ շարունակ խախտել է օրենքի պահանջը` չհրապարակելով անպարտանաճաչ վարկառուների անունները, և այժմ, երբ օրենքի խախտումը հայտնաբերվել է, օրենքը փոխվում է:
Նախագիծն ընդունվեց 82 կողմ, 30 դեմ ձայների հարաբերակցությամբ:
Ըստ գործող օրենքի` ԿԲ-ն յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ մամուլով պետք է հրապարակեր բանկերի կամ առանձին բանկի հանդեպ խոշոր պարտավորություններ ունեցող անպարտաճանաչ պարտապանների անուններն ու անվանումները, սակայն ԿԲ-ն տարիներ շարունակ խախտել է օրենքի պահանջը: Այս դեպքում անպարտաճանաչ է համարվում 180 օր և ավելի խախտում թույլ տված պարտապանը:
Մեկնաբանել