
Պատգամավոր դառնալու արգելքը գործարարների իրավունքների ոտնահարու՞մ է
ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ծնունդով գյումրեցի Սուքիաս Ավետիսյանը տեղ կունենա ՀՀԿ-ի համամասնական ցուցակում և այս անգամ էլ կպայքարի պատգամավորի մանդատի համար: Պատգամավորը «Հետքին» տեղեկացրեց, որ մեծամասնականով չի պայքարի, սակայն համամասնական ցուցակում կլինի:
«Մեծամասնականով երեք անգամ առաջադրվել եմ, մեկ անգամ էլ համամասնական: Հիմա կուսակցությունը որոշել է, որ նախկինում իմ ընտրված ընտրատարածքում՝ թիվ 34-ում, ուրիշ թեկնածուի ենք առաջադրելու՝ նախնական տվյալներով Սահակյան Արմանին»,- ասաց Սուքիաս Ավետիսյանը:
Նշենք, որ Արման Սահակյանը գործարար է և «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահը: Սուքիաս Ավետիսյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես է ստացվում, որ ՀՀԿ-ի խոսքն ու գործը չեն համընկնում. չէ՞ որ կուսակցությունը հայտարարել էր, թե գործարարները խորհրդարանում չեն հայտնվի, սակայն մի քանի ընտրատարածքում հենց գործարարներին է սատարում:
«Հանրապետականն, այո, միշտ ասել է, որ ցուցակում գործարարներ չեն ընդգրկվելու, իսկ ընդհանրապես արգելել, մարդուն առաջադրվելու իրավունք չտալ ուղղակի մարդու իրավունքների խախտում է: Ուրիշ բան, որ կուսակցությունը որոշում է կայացնում, որ իր ցուցակով գործարարները չեն գնա Ազգային ժողով»,- ավելացրեց Սուքիաս Ավետիսյանը:
Մեկնաբանել