HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Վերաքննիչ դատարանն արդարացրել է մեղադրանքն ընդունած ու արագացված դատաքննություն պահանջած անձին

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Կարեն Մարդանյանի, կազմով դատավորներ Ռուբիկ Մխիթարյանի և Արմեն Բեկթաշյանի, երեկ արդարացրել է բնակարան ապօրինի մուտք գործելու եղանակով գողությանը հանցակցելու մեջ մեղադրվող Կ․ Երեմյանին՝ չնայած այն հանգամանքին, որ նա ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքն ու առաջին ատյանի դատարանում արագացված դատաքննություն պահանջել։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Երեմյանի պաշտպան Գոռ Միքայելյանը։

Առաջին ատյանի դատարանը արագացված կարգով իրականացված դատաքննության արդյունքում Երեմյանին մեղավոր է ճանաչել, դատապարտել 4 տարի ժամկետով ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառել։ Այս որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել միայն մեղադրողը՝ պահանջելով վերացնել պատիժը պայմանականորեն չկիրառելու որոշումն ու ամբաստանյալի համար սահմանել ազատազրկման ձևով պատիժ։

Այն ժամանակ, երբ Գոռ Միքայելյանը ներգրավվել է քրեական գործում, առաջին ատյանի դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու ժամկետն անցած է եղել։ Պաշտպանն ասում է, որ ծանոթանալով գործին՝ պարզել է, որ իր պաշտպանյալը դատապարտվել է մի արարքի համար, որն ինքնին հանցանք չէ։ Չնայած այդ հանգամանքին՝ փաստացի, դատավարական ժամկետն անցած լինելու պատճառով,  հնարավոր չի եղել առաջին ատյանի դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք ներկայացնել։

Գոռ Միքայելյանը նշեց, որ, ըստ իր պաշտպանյալի մեղադրանքի՝ մի քանի հոգով գնացել են գողության, իր պաշտպանյալը մեքենայում սպասել է, մյուսները գնացել, վերադարձել են։

«Մեքենայում սպասելը գողություն չէ»,- ասաց Գոռ Միքայելյանը։

Վերջինս պատմեց, որ Երեմյանին վերագրված արարքի՝ հանցանք չլինելու հանգամանքի մասին ինքը խոսել է մեղադրողի վերաքննիչ բողոքի պատասխանը ներկայացնելիս։

«Քանի որ ժամկետ չունեինք և բողոք չէինք կարող ներկայացնել, մեղադրողի բողոքի պատասխանում խոսեցի այս ամենի մասին, ու վերաքննիչ դատարանն իրականում արդար դատական ակտ կայացրեց։ Ես սպասում էի, որ վերաքննիչ դատարանը իրավական դիրքորոշում կհայտնի, թե  բողոքի շրջանակից դուրս գալու իրավունք չունի, բայց, փաստորեն, դուրս գալով վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից, դատարանը կայացրեց  արդարացնող դատական ակտ։ Այսպես ասած՝ վերաքննիչ դատարանն ասել է՝ դու չես հասկանում, քո արարքը հանցանք չէ, ու չպիտի դատապարտվես դրա համար»,- ասաց Գոռ Միքայելյանը։

Պաշտպանի խոսքով՝ վերաքննիչ դատարանը, փաստորեն, գտել է, որ հանցանք չհամարվող արարքի համար անձին դատապարտելով՝ խաթարվել է արդարադատության բուն էությունը։

Մեր հարցին, թե ինչո՞ւ, ի՞նչ հանգամանքներում է իր պաշտպանյալը ընդունել գողությանը հանցակցելու վերաբերյալ իրեն առաջադրված մեղադրանքը, Միքայելյանը պատասխանեց, որ վերաքննիչ դատարանում Երեմյանին այդ հարցը տրվել է, ու նա պատասխանել է, որ այն գործողությունները, որոնք գրված են իր մեղադրանքի մեջ, ինքը կատարել է, բայց դրանք գնահատել չի կարող։

«Նա ասում է՝ այո, ես հետները գնացել եմ, մեքենայում նստել եմ, բայց էնպես չի, որ ես հասկանում եմ՝ իմ արարքը հանցանք է, թե՞ ոչ»,- պատմեց Գոռ Միքայելյանը։

Լուսանկարում՝ պաշտպան Գոռ Միքայելյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter