
Լեզվի կոմիտեն ընդդեմ Արմավիրի թիվ 5 դպրոցի. հայկական դպրոցներում գործում են ռուսերենով ուսուցվող դասարաններ
Լեզվի կոմիտեն վարչական դատարան հայց է ներկայացրել Արմավիր քաղաքի թիվ 5 հիմնական դպրոցի տնօրեն Գոհար Գասպարյանի դեմ՝ վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով:
Լեզվի կոմիտեի վարչական իրավախախտումների բաժնի պետ Լիլիթ Հարությունյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ Արմավիրի թիվ 5 հիմնական դպրոցում կան ռուսաց լեզվով ուսուցման 1-9-րդ դասարաններ: Նրա ասելով՝ 221 աշակերտից գոնե մեկ աշակերտ երկկողմանի ազգությամբ ռուս չէ: 9 աշակերտ եղել է միակողմանի ռուս, իսկ մյուսները հայեր են՝ բացառությամբ մի քանիսի, ովքեր եղել են այլ ազգի:
Լիլիթ Հարությունյանն ասում է, որ Հայաստանի կրթական համակարգում ռուսերենով ուսուցման դասարաններ օրենքով նախատեսված չեն: Անկախության տարիներին, երբ լեզվի մասով անցում է կատավել միասնական կրթական համակարգին, հանրապետությունում եղել են բազմաթիվ ռուսական դպրոցներ: Այդ դպրոցները փակվել են, բացառությամբ 7 դպրոցի, որոնք նախատեսված էին բացառապես ազգությամբ ռուսների համար՝ ազգային փոքրամասնությության ներկայացուցիչների ուսուցումն ապահովելու նպատակով: Այնուհետև, երբ ընդունվել է Լեզվի մասին օրենքը, վերջինիս ուժով ազգային փոքրամասնություններն իրենց կրթությունը կազմակերպելու իրավունք են ստացել, սակայն՝ համայնքային դպրոցներ ունենալու պարագայում: Այդ դեպքում, ըստ Լ. Հարությունյանի, ուսուցումը կարող է կազմակերպվել իրենց մայրենի լեզվով՝ հայերենի պարտադիր ուսուցմամբ:
Լիլիթ Հարությունյանն ասում է, որ ազգային փոքրամասնությունների տարածաշրջանային միավորներ Հայաստանում չկան: Ռուսերենով ուսուցման դասարանները հնարավոր էր մինչև Լեզվի մասին օրենքի ընդունումը, բայց այժմ նման հնարավորություն նախատեսված չէ, պետք է իրականացվեն համայնքային դպրոցներում:
«Կարծում եմ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հնարավոր չէր համայնքային դպրոցներ ստեղծել, այդ կրթությունը կազմակերպվեց դասարաններում: Սակայն, այդ դասարանները սկսեցին համալրվել հիմնականում հայերով: Դասարան կա, բացառապես հայեր են սովորում»,-ասում է Լ. Հարությունյանը:
Լիլիթ Հարությունյանը նշում է, որ թեև դատական գործընթացը սկսել են Արմավիր քաղաքի թիվ 5 հիմնական դպրոցից, սակայն նմանատիպ դասարաններ ունեցող բոլոր դպրոցներում իրականացնելու են վերահսկողություն:
Բաժնի պետը նշում է, որ Լեզվի մասին օրենքով կրթական համակարգում դասավանդման, դաստիարակության լեզուն գրական հայերենն է: Առարկաների հայերեն դասավանդումը չապահովելը վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքով դիտարկվում է, որպես վարչական իրավախախտում: Իսկ Լեզվի մասին օրենքի պահանջները չկատարելու համար պատասխանատվության սուբյեկտ է հանդիսանում հիմնարկի ղեկավարը, տվյալ դեպքում՝ Արմավիրի թիվ 5 հիմնական դպրոցի տնօրեն Գոհար Գասպարյանը:
«Դպրոցներում ընդունելությունը կատարում են քաղաքացիության հիման վրա: Դեռ այդ քաղաքացիությունն էլ հարց է, Ռուսաստանի քաղաքացի են, թե ուղղակի կացության իրավունք ունեն: Ազգությամբ ռուս են գտել, կամ օտարերկրացի քաղաքացի, թեև երեխան ծնողների հետ է ապրում, սակայն խնամակալություն են ձևակերպել: Չենք անդրադառնում համալրման կոռուպցիոն ռիսկերին: Ինչպե՞ս է երեխան ապրում ծնողի հետ, բայց չգիտեմ որտեղ ապրող, աշխատող, օտարերկրա քաղաքացին խնամակալ է: Դրա մեջ չենք մտել: Սահմանափակվել ենք նրանով, որ երկրում հանրակրթությունն իրականացվում է պետական լեզվով և օտար լեզվով դասարաններ լինել չեն կարող»,-ասում է Լ. Հարությունյանը:
Ռուսաց լեզվի դասարան ունենալու փաստարկ է բերվել, որ երեխաները հայերեն չեն խոսում, սակայն, Լիլիթ Հարությունյանի մոտ հարց է առաջանում, թե երեխաներն ինչպե՞ս են անցնում այն առարկաները, ավելին՝ գնահատվում, որոնց դասագրքերը հայերեն են և այլ լեզուներով չկան, օրինակ՝ Հայ եկեղեցու պատմությունը: Լիլիթ Հարությունյանը նշում է, որ ռուսաց լեզվի դասարանում սովորող երեխաները ստանում են ավարտական նույն փաստաթուղթը, ինչ մյուս երեխաները: Ավարտական վկայականում չի նշվում, որ նրանք սովորել են ռուսական դպրոցում:
Բանախոսի կարծիքով, նախարարությունն ունի ընդունելության կարգ, որտեղ կան օրենքին հակասող կետեր: Պարբերաբար գրություններ են ուղարկվել նախարարության իրավասու պաշտոնյաներին այդ հակասող կետերը Լեզվի մասին օրենքի պահանջներին համապատասխանեցնելու մասին:
«Այստեղ հիմք են ընդունել ոչ թե օրենքի պահանջը, այլ ընդունելության կարգը: Ինչու չեմ անձնավորում, որովհետև բոլոր նախարարների պաշտոնավարման ժամանակ այդ կարգը եղել է, և եկել հասել է մեր օրերը»,-հավելում է Լիլիթ Հարությունյանը, ավելացնելով, որ 7 դպրոցից այսօր թիվը հասել է 43 դպրոցի, որտեղ ռուսաց լեզվով դասապրոցես է իրականացվում:
Լիլիթ Հարությունյանն ասում է, որ եթե երկրում արտակարգ դրություն չլիներ, իրենց աշխատանքները շարունակելու էին բոլոր 43 դպրոցներում:
Լեզվի կոմիտեի վարչական իրավախախտումների բաժնի պետը նշում է, որ նույնիսկ ամենահզոր պետությունները լեզվի հարցում որևէ զիջում չունեն, քանի որ սա ազգային անվտանգության հարց է:
Արմավիրի թիվ 5 հիմնական դպրոցի տնօրեն Գոհար Գասպարյանն ասաց, որ դեռևս 1990-ականներին իրենց դպրոցը եղել է ռուսական թեքումով: Սակայն, երբ անցում են կատարել հայկական դպրոցի, թույլ է տրվել, որպեսզի Արմավիրի թիվ 5 և Վաղարշապատի թիվ 5 դպրոցներն ունենան ռուսերենով ուսուսմամբ դասարաններ:
Գոհար Գասպարյանը նշեց, որ ռուսաց լեզվով ունեն 9 դասարան՝ 1-9-րդ դասարաններում:
«Մենք առաջնորդվում ենք նախարարության կողմից հաստատված ուսումնական պլանով, ծրագիրը ժամաբաշխումով գալիս է, և այդտեղ որևէ միջամտություն տնօրենը չունի: Այդ դասարաններում աշակերտներին ուսուցանվում է և Մայրենի լեզու, և Հայոց պատմություն, ազգային երգ ու պար և այն առարկաները, որոնք կան հայկական դասարաններում, աշակերտները լիարժեք ուսումնասիրում են: Ուղղակի իրենց մոտ 4-րդ և 9-րդ դասարաններում փոխադրական քննությունների ժամանակ ավելանում է մեկ առարկա՝ ռուսերենն են հանձնում: Դարձյալ նախարարության կողմից սահմանված կարգով է իրականացվում»,-ասում է Գոհար Գասպարյանը:
Նշենք, որ Լեզվի կոմիտեի հայցադիմումը վարչական դատարանն ընդունել է վարույթ: Առաջին դատական նիստը նշանակվել է օգոստոսի 6-ին:
Մեկնաբանել