HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիգրան Սարգսյան. «Մեր գերագույն նպատակն է, որ Հայաստանի հասարակությանը կրկին սկսի գիրք կարդալ»

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ Երևանի նորաբաց «Զանգակ» գրատանը տեղի է ունեցել գրականության բնագավառի զարգացմանը վերաբերող խորհրդակցություն:

Խորհրդակցությանը մասնակցել են մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը և փոխնախարար Սուրեն Կարայանը, կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը, ՀՀ գրողների միության նախագահ Լևոն Անանյանը, խոշոր հրատարակչությունների, գրավաճառ ընկերությունների ղեկավարներ և գրականության ոլորտի այլ ներկայացուցիչներ:

«Մենք պարտավոր ենք խրախուսել, որ հայ քաղաքացին իր կյանքը տեսնի գրքերի աշխարհում: Դա հնարավորություն կտա նրանց լինել մտածող և ճիշտ կողմնորոշվել ժամանակակից աշխարհի փոփոխությունների ներքո: Մեր գերագույն նպատակն է, որ Հայաստանի Հանրապետության հասարակությանը կրկին սկսի գիրք կարդալ: Եթե այս խնդիրը կարողանանք լուծել, ապա որպես ազգ կունենանք ապագա: Սկսած դպրոցից՝ մենք պետք է խրախուսենք ընթերցանությունը, որպեսզի մեր երեխաները կարդալու սեր ունենան, ընդ որում, մենք պետք է թիրախավորենք ազգային գրականությունը: Գրքի ոլորտից առաջացած հարկային եկամուտները անհրաժեշտ է ուղղել այս նպատակի իրականացմանը»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Նա նշել է, որ դա կլինի պետական ուղղակի սուբսիդիա՝ հայապահպանության և հայագիտության զարգացման գործում: Վարչապետն առաջարկել է մշակել ընթերցանության ազգային հայեցակարգ ու ձևավորել հասարակական խորհուրդ, որն էլ կմշակի ոլորտի զարգացմանն ուղղված քայլերն ու գործողությունները:

«Զանգակ» գրատունն ունի նաև թվայնացված գրականություն, դպրոցական էլեկտրոնային գրատախտակների կիրառությունն ապահովելու համար անհրաժեշտ ուսումնական նյութերի թվայնացված տարբերակներ և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ ստացված այլ հրատարակչական արտադրանք: Կառավարության կայքի հաղորդմամբ՝ գրատան հայեցակարգը կազմվել է գրավաճառ զարգացած ցանց ունեցող եվրոպական երկրներում գործող առաջատար գրախանութների փորձի համադրմամբ:

Մեկնաբանություններ (1)

Նազիկ
Պ-ն վարչապետը երեվի չգիտի,որ ժողովուրդը գիրք կարդալու փոխարեն սկսել է օրենսգրքեր կարդալ և նույնիսկ անգիր անել,սակայն դա էլ փրկություն չէ պետական չինովնիկներին, դատավորներին և այն մարմիններին,ովքեր ի պաշտոնե իրավասու են քաղաքացիների իրավունքները պաշտպանելու,հասկացնելու որ իրենք պետք է առաջնորդվեն օրենքներով,այլ ոչ թե ազդեցության ոլորտներով և վերցրած կաշառքներով:Իսկ պ-ն վարչապետին էլ խորհուրդ կտամ երբեմն ձերքը վերցնի օրենսգրքերը և մտածի,թե եթե հանկարծ ինքը օրենքի դռանը հայտնվի,ինչպե՞ կարող է պաշտպանել իր իրավունքները:Երբեմն տարիներով երազած աթոռից շատ արագ են վայրէջք կատարում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter