
Լևոն Մարկոսը` Սամվել Ալեքսանյանին. «Լֆիկ, Հիտլերից լավ տղա չլինես: Ոչ մի անօրեն գործ հավերժ չի մնում»
ԱՀԱԶԱՆԳ
Ինչպես գիտեք, Երևանի թիվ 1 շուկան, կամ ինչպես հայտնի է, փակ շուկան հանդիսացել և հանդիսանում է իմ սեփականությունը: Թե ինչպես են այն իմ կամքին հակառակ հարկադիր կարգով բռնագանձել ու հանձնել Մուլտի Գրուպ կոնցեռնին, շատ է խոսվել և գրվել:
Վերջերս tert.am կայքից տեղեկացա, որ այդ շուկան վերավաճառվել է Սամվել Ալեքսանյանին (Լֆիկ Սամոյին):
Լֆիկ Սամոյի բարոյական կերպարը ներկայացնելու կարիքը չունեմ, քանի որ հանրությունը նրա մասին շատ լավ տեղեկացված է: Ինչպես և սպասվում էր, նա սկզբում ժխտում էր փակ շուկան գնելու իր գործարքը, իսկ հետո ստիպված է լինում ընդունել:
Մեկ այլ համացանցային աղբյուրում նույն Լֆիկը խոսում է այդ շուկայի վերանորոգման և «չիր վաճառելու մասին»:
Գիտեք ինչն է ինձ անհանգստացում, այս Լֆիկը լավ գիտե, որ դա իմ գույքն է, և որ ես այդ գույքը որևէ մեկին չեմ վաճառել ու դեմ եմ եղել դրան: Ու հիմա նա լկտիաբար տիրացել է այդ գույքին ու իր միջնակարգ կրթությամբ փորձում է տնտեսագիտության լավագույն մասնագետ երևալ:
Լսիր, այ Լֆիկ, դու ամենակարևոր ոսկե կանոնը չես սերտել մինչև հիմա, «ինչ որ կուզենաք մարդիկ Ձեզ անեն, Դուք էլ նրանց արեք»: Խլելու ճանապարհն ես ընտրել, ուրեմն պատրաստ եղիր, քեզանից էլ են խլելու: Միևնույն է` չես մարսելու: Հեշտ չէ մարսել մի բան, որը Ձեր բութ ստամոքսների համար չէ:
Ի տարբերություն Ձեզ՝ ես իմ հարցերն անօրինական եղանակներով չեմ լուծելու: Այլ բոլոր իրավական և դիվանագիտական ճանապարհներով: Իսկ ամենակարևորը, ես գիտեմ սպասել, ու կսպասեմ այնքան ժամանակ, մինչև տեսնեմ, թե ինչպես եք փսխում Ձեր խլածը: Լֆիկ, Հիտլերից լավ տղա չլինես: Ոչ մի անօրեն գործ հավերժ չի մնում:
Այս բաց նամակով ես քեզ զգուշացրի ու հետագայում անձամբ քեզանից եմ պահանջելու իմ վնասները: Դու բարեխիղճ ձեռք բերող չես: Այս բաց նամակով ես նախազգուշացնում եմ նաև բոլոր քո ընկերներին և հովանավորներին, որոնք քեզ հետ մասնակից են այս անօրինություններին: Միևնույն է՝ բոլորդ էլ պատասխան եք տալու օրենքի առաջ:
Լևոն Գրիգորի Մարկոս
13.03.2012թ.
Մեկնաբանություններ (8)
Մեկնաբանել