
«Անկախ/ֆրիլանս» արվեստագետը՝ որպես ճակատամարտի զինվոր․ բառացիորեն
Որպես նախաբան
10-շաբաթյա մեկուսացումից հետո շշուկները սկսում են բզբզալ օդում՝ հետագայում վերածվելով հոդվածների, Հանրային ռադիոյում ելույթների, ֆեյսբուքյան գրառումների ու քննարկումների: Մարտի կեսից իրենց մասնագիտական ընդունակությունները, մարտունակությունն ու օպտիմիզմը առցանց ի ցույց դրած անկախ արվեստագետները տասներորդ շաբաթից սկսում են ճլորել, տխրել, անհանգստանալ, նեղանալ, զայրանալ (բառերի և տերմինների մեջ շփոթմունքից խուսափելու համար անկախ կամ ազատ արվեստագետի մասին խոսելիս այսուհետ կօգտագործեմ ֆրիլանս (freelance) միջազգային տերմինը):
Նյութի զարգացումերը հասան ԱԺ նիստ, որտեղ ԿԳՄՍ նախարարը հայտարարեց, որ «ազատ արվեստագետ» սահմանման հետ իսկ խնդիրներ ունեն:
Ովքե՞ր են դրանք՝ այդ ֆրիլանսները: Դա այն արվեստագետներն են, ովքեր նախորդ շաբաթների ընթացքում պետական մշակութային օղակներին հավասար, իսկ երբեմն էլ շատ ավելի հետևողական, գործել են առցանց միջավայրում՝ մասնագիտական չելենջներ են հայտարարել, ամենօրյա համերգներ կազմակերպել, փառատոներ արել: Անվճար: Կհարցնեք՝ ինչու՞ անվճար: Որովհետև դա իրենց մասնագիտությունը չի, այլ իրենց կյանքն է, ապրելու ձևը: Ինչպես ամեն մի իսկական արվեստագետի համար՝ անկախ նրանից, թե նա պետական կազմակերպությունում գրանցված է, թե ոչ: Առավել ևս, որ արվեստագետների մեծ մասը հաճախ փոխում է իր «բանակը»՝ տեղափոխվելով մեկից մյուսը (ես՝ ինքս, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան և ասպիրանտուրան ավարտելուց հետո, մեր երկրի ամբողջ անկախության շրջանում ժամանակ առ ժամանակ փոխել եմ իմ կարգավիճակը՝ պետական կամ մասնավոր հաստատություններում աշխատելու և ֆրիլանս արվեստագետի կարգավիճակների միջև):
Սեփական փորձից քաջածանոթ լինելով խնդրին ու կարգավիճակին՝ այնուամենայնիվ որոշեցի առցանց փնտրել, թե, վերջիվերջո, ինչպե՞ս է սահմանվում «ֆրիլանս» հասկացությունը:
Որոնողական առաջին իսկ պորտալի առաջին իսկ արդյունքը հետևյալն էր.
10 tips for surviving as a freelance artist, որ հայերենով հնչում է այսպես՝ «10 խորհուրդ ֆրիլանս արվեստագետին՝ գոյատևելու համար»: (Ի դեպ, բավական հետաքրքիր է, խորհուրդ կտամ ծանոթանալ` հատկապես ֆրիլանս արվեստագետներին):
Սա, կարծում եմ, նշանային է:
Մի փոքր՝ տերմինի պատմությունից
Մերիեմ-Վեբստեր բառարանը ներկայացնում է «ֆրիլանս» տերմինի ծագումնաբանությունը. «Ֆրիլանս» տերմինի ամենավաղ գրավոր ապացույցը հանդիպում ենք Վալտեր Սքոթի «Այվենհո» վեպում (1820), որտեղ խոսվում է «ազատ նիզակների» (բառացիորեն՝ free lances), այսինքն՝ որևէ տիրոջ երդում չտված, պարտավորվածություններ չստանձնած, վարձկան բանակի մասին»:
Սակայն, հայտնի է, որ վերը նշված վարձկան ուժերից աշխարհի հզորները օգտվում էին նաև Վալտեր Սկոթից շատ դարեր առաջ: Ի՞նչ էին նրանց անվանում այն ժամանակ: Միջին դարերից պահպանված լատինական գրառումները հուշում են, որ վարձկաններին անվանում էին stipendiaries՝ stipend բառից, որ նշանակում է թոշակ, նպաստ:
Սքոթի թեթև ձեռքով «ֆրիլանս» բառը արմատներ գցեց լեզվի մեջ՝ արագորեն ձեռք բերելով շատ ավելի լայն իմաստներ: Շուտով այդպես էին անվանում անկախ, անկուսակցական քաղաքական գործիչներին և, իհարկե, բոլոր այն մասնագետներին, որոնք ազատորեն ընտրում էին իրենց գործատուին և աշխատում սեփական պայմաններով:
Զարմանալի չէ, որ Սքոթի տերմինը շատ տեղին ու ժամանակին ստացվեց: Պատմականորեն, արվեստագետները անկախ գործել/աշխատել սկսել են Ֆրանսիական Հեղափոխության ժամանակաշրջանից: Իր կարճատև կյանքի վերջում Վ.Ա. Մոցարտը արդեն ֆրիլանս էր: Իսկ առաջին ամբողջովին ֆրիլանս գործող կոմպոզիտորը Լյուդվիգ վան Բեթհովենն էր, որ «Այվենհոն» գրելու տարիներին կենդանի էր, ու ապրում էր իր ստեղծագործության ամենաարգասաբեր տարիները:
Նորից գալով մեր օրեր ու ԱԺ նիստ
ԱԺ վերը նշված նիստի կարճատև հարցուպատասխանը պարզեց, որ արվեստագետի «ֆրիլանս» կարգավիճակի սահմանման, այդ արվեստագետների նույնականացման, ռեեստրավորելու, ֆրիլանս արվեստագետի մասին օրենքի և դրանից բխող հարկային և սոցիալական փաթեթներ ստեղծելու ուղին մեր երկրում շատ անորոշ է ու մութ անտառ՝ պատկան մարմների համար (բայց իմ տպավորությամբ, նրանք պարզապես գլուխ չեն դնում/հանում, կամ վախենում են ձեռքները մտցնել մեղվի փեթակը):
Ամեն պարագայում, ելնելով այս կամ այն վարկածից, պիտի փորձենք օգնել ուրեմն:
Թե՛ օրինաստեղծ և կառավարող մարմիններին, և թե՛ ինքներս մեզ:
Նյութի ուսումնասիրությունը սկսելու համար փորձեցինք պարզել, թե ո՞վ է ընդհանրապես ֆրիլանս մասնագետը (բացարձակապես բոլոր մասնագիտություների մեջ), և ինչպիսի՞ն է այդ սոցիալական խմբի ընդհանուր նկարագրությունը:
Եվրոպայում առաջին անգամ այս սահմանումը տրվել է 2003թ.-ին, և ժամանակ առ ժամանակ վերանայվել: Այս սահմանումը համարվում է շատ կարևոր գործիք՝ հասկանալու համար, թե արդյոք տվյալ անձը կարող է ներգրավվել տվյալ ռեեստրում՝ ապահովելով հստակ սոցիալական պաշտպանվածություն:
Այդ սահմանումը հետևյալն է.
«Տարբեր բնագավառներում ֆրիլանսները լավ կրթություն և բարձր հմտություններ ունեցող մասնագետներ են, որոնք չունեն գործատու և աշխատողներ: Նրանք առաջարկում են գիտելիքահենք մասնագիտական ծառայություններ՝ ճկուն հիմունքներով»:
Ֆրիլանսի ընդհանուր սահմանումը ներկայացնելու հետ մեկտեղ, Եվրոպական հանձնաժողովը առաջարկում է ընդհանուր 5 չափանիշ, որոնց շրջանակում ԵՄ երկրները պիտի հստակեցնեն իրենց մոտեցումները:
Դրանք են.
1. Ֆրիլանս մասնագետը ունի ինքնավարության բարձր աստիճան: Նա ինքն է վերահսկում իր ծանրաբեռնվածությունը և ինքն է որոշում ինչպես կատարել աշխատանքը, որտեղ և երբ:
2. Ֆրիլանս մասնագետի վարձավճարը կատարվում է ըստ աշխատանքի, պայմանագրի կամ վաճառքի: Ֆրիլանսը վճարվում է ըստ վերջնական արդյունքի՝ ծրագրի ավարտի, աշխատած ժամերի, և այլն:
3. Ֆրիլանս մասնագետի հարաբերությունները հաճախորդների հետ կարճաժամկետ են: Ֆրիլանս ինքը ստեղծում/մտածում է նախագծեր և իրականացնում դրանք, կամ կատարում է հաճախորդի հանձնարարությունները:
4. Ֆրիլանս մասնագետի կամ նրա ստեղծած փոքր կազմակերպության համար աշխատանքի արդյունավետությունն ու աճը չափվում են ոչ սովորական ձևերով: Ֆրիլանսը կարող է իր բիզնեսը պահել փոքր, հարմար կառավարելի չափսերի մեջ՝ հավասարակշռելով եկամուտն ու ստեղծագործականությունը, ազատությունն ու ճկունությունը:
5. Ֆրիլանս մասնագետը անընդհատ ռիսկերի է դիմում: Նա պատասխանատու է իր ֆինանսական ապահովության և մուծվող հարկերի համար:
Ընդունված (սխալ) կարծիքներ ֆրիլանս դառնալու պատճառների մասին
1. Կարծիք կա, որ ֆրիլանսները այդպիսին դառնում են, երբ չեն հաջողում գրանցվել որևէ պետական կամ մասնավոր կազմակերպությունում՝ հիմնական պայմանագրով աշխատելու համար: Մասնակի դեպքերում ճիշտ լինելով հանդերձ, այնուամենայնիվ, այս կարծիքը հիմնարար սխալ է պարունակում, քանի որ, ինչպես հայտնի է, օրինակ արվեստագետները, տարբեր պատճառներով, իրենց կամքով, հաճախ են փոխում իրենց կարգավիճակը՝ պետական կամ մասնավոր սեկտորում հիմնական աշխատանքից անցնելով ֆրիլանս կարգավիճակի, և հակառակը: 2003-2015թթ. ԱՄՆ-ում անցկացված հարցումների հիման վրա արված ուսումնասիրությունը նույնիսկ վեր է հանում գնահատման մի քանի մոդել, ըստ որոնց հնարավոր է կանխատեսել արվեստագետների՝ գրանցված կարգավիճակից ֆրիլանս կարգավիճակի անցնելու հաճախությունը: Նույն հետազոտությունը ցույց են տալիս, որ արվեստագետները ավելի հաճախ որոշում են անցնել ֆրիլանս կարգավիճակի հատկապես արվեստագետների ու արվեստային կենտրոնների կուտակումներ ունեցող քաղաքներում:
2. Երկրորդ տարածված թյուր կարծիքն այն է, որ ֆրիլանսների մեծամասնությունը ցածր որակավորում ունի: Նույն հետազոտության մեջ փաստերը աղաղակում են հակառակը առ այն, որ հատկապես 2008թ. -ից հետո շեշտակիորեն ավելացել է մասնագիտական բարձր որակավորում ունեցող ֆրիլանս մասնագետների քանակը: Այս ամենի ապացույցը նաև Եվրոպառլամենտի «Ատիպիկ Պայմանագրերի Մասին Որոշման» կոչն ուղղված ԵՄ անդամ երկրներին, որտեղ ասվում է. «Անհրաժեշտ է ճանաչել և աջակցել ֆրիլանս առանձին աշխատողներին և նրանց ստեղծած փոքր ձեռնարկություններին (0 – 9 աշխատող) ՝ որպես տնտեսական առաջընթացի կարևորագույն ուժ: Կարծում ենք, որ ֆրիլանս մասնագետներին պետք է վերաբերվել որպես միկրոբիզնեսի եզակի ենթաբազմություն: Կոչ ենք անում ձեռնարկվել միջոցներ՝ հնարավորինս կարգավորելու և հստակեցնելու նրանց իդենտիֆիկացման ձևերը…»
«Ֆրիլանս» կարգավիճակ ընտրելու իրական պատճառները
Անկախ նախաձեռնություններ և գործելու որոշումներ՝ սեփական հետաքրքրություններից ելնելով և ճկունություն՝ այդ որոշումները իրականացնելու ընթացքում, մասնագիտության մեջ լիարժեք դրսևորման հնարավորություն և ճկուն ռեժիմ․ սրանք են այն հիմնական պատճառները, որ բերում են ֆրիլանս դառնալու որոշմանը:
Վիճակագրություն
Մեզանում, մինչ օրս ֆրիլանս աշխատուժին (այդ թվում նաև արվեստից դուրս) վերաբերվող որևէ վիճակագրություն չկա, բայց, կարծում ենք, միջազգային հեղինակավոր ՄքՔինզի Գլոբալ Ինստիտուտի ուսումնասիրությունն ու վիճակագրությունը կարող է լույս սփռել համաշխարհային տենդենցների վրա: Ըստ այդ կազմակերպության ուսումնասիրության, 2018թ, դրությամբ, շուրջ 162 միլիոն մարդ Եվրոպայում և ԱՄՆ-ում համարվում են ինքնազբաղ աշխատողներ (տարբեր ոլորտներում, այդ թվում՝ արվեստի դաշտում):
Դա ամբողջ աշխատունակ բնակչության 20-30%-ն է: Եվ այս թվերը արագ աճում են:
«Ֆրիլանս արվեստագետ»․ սահմանում և նույնականացում
Եվրոպական Միության օրենքը հստակ սահմանումներ ունի:
Ֆրիլանս արվեստագետները արվեստի աշխարհի այն ներկայացուցիչներն են (երաժիշտներ, վիզուալ արվեստագետներ, դերասաններ, ճարտարապետներ, պրոդյուսերներ, ռեժիսորներ, խորեոգրաֆներ, պարողներ, դիզայներներ, գրողներ, լուսանկարիչներ, ֆիլմարտադրողներ, արվեստի տարբեր ճյուղերի քննադատներ, և այլ), ովքեր իրենց ընտրած կամ ստեղծած աշխատանքի վրա ծախսում են զգալի քանակությամբ ժամանակ՝ գործունեության այդ տեսակի միջոցով ստեղծելով զգալի եկամուտ։
Նրանք.
- իրենք են ընտրում կամ մտածում նախագծեր, որոնց վրա կուզենային աշխատել,
-իրենք են սահմանում իրենք աշխատանքի գինը,
-իրենք են որոշում որտեղ և երբ աշխատեն,
-իրենք են որոշում վերջնական արդյունքին հասնելու արդյունավետության ձևերը,
-կարող են աշխատել մեկ կամ միանգամից մի քանի նախագծերի վրա,
-իրենք էլ կարող են ենթապայմանագրեր կապել այլ աշխատողների հետ:
Ի՞նչ չափանիշներով են արվեստագետները մտնում ֆրիլանս արվեստագետների ռեեստրի մեջ, որ նույնն է, թե՝ նույնականացվում:
Այս փաթեթը նույնպես հստակ է՝
- CV․
- Դիպլոմներ,
- Պորտֆոլիո / միջոցառումների ազդագրեր, ձայնագրություններ, կատալոգներ, հոդվածներ, հարցազրույցներ, մասնագիտական միություններին անդամություն/,
- Գործատուի /ների հետ քաղաքացիաիրավական պայմանագրեր, որտեղ նշված է արվեստագետի կատարած աշխատանքը տվյալ գործատուի մոտ,ինչպես նաև նաև նշված, թե ով է վճարել տվյալ եկամտի հարկերը (որևէ գործունեության դեպքում, օրինակ՝ Գերմանիայում, արվեստագետը վճարում է իր եկամտահարկը, իսկ գործատուն՝ իր շահութահարկը):
Ո՞վ է կոչվում «ինքնազբաղ» արվեստագետ (self-employed)
Որևէ գործունեություն համարվում է ինքնազբաղվածություն, երբ այն կազմում է մարդու զբաղմունքի հիմնական հատվածը՝ գերազանցելով շաբաթական 20 ժամը, և լինելով տվյալ անձի եկամտի հիմնական աղբյուրը: Ֆրիլանսը համարվում է ինքնազբաղ անձ, երբ նա պատասխանատու է գործարքից առաջացած հարկերի իրեն վերաբերվող մասը վճարելու համար: Ինքնազբաղվածությունը, այսպիսով, ֆրիլանսի հարկային կարգավիճակն է:
Ինքնազբաղ (self-employed) աշխատելու բարդությունները
Ինքնազբաղ աշխատանքն, անշուշտ, ունի իր բարդությունները: Հիմնական բարդությունը անորոշությունն է, տարվա կտրվածքով եկամտի անհավասար բաշխումը, գործատուի հետ պայմանագրեր կապելու, իրավական տարատեսակ խնդիրներին քաջատեղյակ լինելու, հաշվապահություն վարելու, մարքեթինգի և այլ բիզնես գործառույթներ վարելու անհրաժեշտությունը:
Ֆրիլանս արվեստագետների և պետության իրավական հարաբերությունները Եվրոպայում
Սույն հոդվածը պատրաստելիս ծանոթացանք Ֆրանսիայում և Գերմանիայում ֆրիլանս արվեստագետների և պետության հարաբերությունները հստակեցնող օրենքներին: Երկու երկրներում էլ դա կարգավորվում է օրենսդրական դաշտում: Երկու երկրներում էլ հստակ սահմանված են «ֆրիլանս», «ինքնազբաղ» հասկացություները, ինքնազբաղ և պետական կամ մասնավոր սեկտորում երկարատև պայմանագրերով աշխատող արվեստագետների տարբերակումները, ստեղծված են ֆրիլանս արվեստագետների ռեեստրներ, մշակված են դրանց մեջ մտնելու ձևերը, այդ ռեեստրներում առկա արվեստագետների հարկային և սոցիալական ապահովության համակարգերը:
Հասկանալի է, որ այս փաթեթները ներկայացնում են ամբողջ համակարգեր, որոնք հարմարեցված են այս երկրների օրենսդրական, սոցիալական և, հատկապես, հարկային դաշտերին: Եվ, չնայած այս հոդվածի սահմանները թույլ չեն տալիս դրանց անդրադառնալ իրենց մանրամասնությունների մեջ, այնուամենայնիվ, վստահեցնում եմ ձեզ, որ դրանք գրված են բավականին պարզ ու հասկանալի լեզվով: Այսինքն, ցանկության դեպքում դրանք կարող են դառնալ լուրջ աշխատանքի հիմք:
Նորից անցնենք մեզ ու մեր դարդին
Մեզանում ֆրիլանս արվեստագետների հետքը փնտրելիս ետ պիտի նայենք մեր ոչ հեռու անցյալին: Ի՞նչ ենք տեսնում: Սովետական Միությունը արվեստագետներին առաջարկում էր միավորման մի ձևաչափ, որ կոչվում էր (և այժմ էլ՝ անճանաչելիորեն մուտացված, բայց նույն անվանմամբ) Միություն՝ Կոմպոզիտորների, Նկարիչների, Ճարտարապետների, և այլն: Այս ձևաչափում կարող էին ընդգրկվել նաև այն արվեստագետները, ովքեր որևէ պետական հաստատությունում չէին աշխատում: Պետության կողմից ֆինանսավորվող համքարային այս միությունները ստեղծված էին, որ ներկայացնեն և պաշտպանեն տվյալ մասնագիտություն ունեցող մարդկանց հետաքրքրությունները՝ ստեղծելով անհրաժեշտ պայմաններ ստեղծագործելու համար (արվեստանոցների տրամադրում), Худ. фонд-ի միջոցով իջեցնելով պետպատվերներ՝ միության անդամների համար կամ ժամանակ առ ժամանակ արվեստագետներից ստեղծագործություններ գնելով, տրամադրելով միության դահլիճներ/ցուցասրահները՝ ցուցահանդեսների/համերգների համար: Դրանց գործունեությունը ուղղված էր նաև արվեստագետների սոցիալական ապահովության երաշխիքներ ստեղծելուն (հատուկ հանգստավայրեր, պոլիկլիկաներ): Սա, անշուշտ, արվում էր քավոր-սանիկ/կոռուպցիա/քծնանք հարաբերությունների հստակ ֆունդամենտի վրա, բայց դա ուրիշ խոսակցություն է:
Այսպես թե այնպես, Սովետական Միության փլուզման հետ, այս հաստատությունները դեգրադացվեցին՝ վերածվելով նախկին հասարակարգից մնացած ռուդիմենտների: Չնայած ակնհայտ այդ փաստին, ինքնառեֆլեքսիայով երբեք աչքի չընկնող այս կազմակերպությունները հիմա էլ շարունակում են իրենց ներկայացնել որպես «վեհ խորան» (տեսնես, «խորան» բառը իր ո՞ր իմաստով է այստեղ գործածվում):
Ինչևէ, անկախ այդ ամենից, 90-ականներից սկսած, քաղաքական-տնտեսական փոփոխություններին զուգընթաց, Հայաստանում սկսում է արձանագրվել պետական օղակներում գրանցված և անկախ արվեստագետների կաստաների հստակ բաժանում: Վերջիններս նույնիսկ փորձեր են անում կազմակերպություններ ստեղծել: Ավելի ուշ՝ 2000-ականներից սկսած, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում գրանցվում է այդ արվեստագետների և նրանց տարատեսակ կազմակերպությունների կտրուկ աճ: Զուգահեռ, մեկը մյուսի ետևից ստեղծվում են շահույթ չհետապնդող արվեստի կազմակերպություններ:
Անհավատալի է, բայց փաստ, որ այնպիսի բազմազան արվեստի դաշտի ու արվեստի անկախ կազմակերպությունների պայմաններում, ինչպիսին մենք ունենք Հայաստանում, նույնիսկ գրեթե երեսուն տարվա անկախությունից հետո, Հայաստանի ֆրիլանս արվեստագետները զրկված են վերը նկարագրված հսկայական օրենսդրական փաթեթից կամ սոցիալական որևէ կարգավորումից: Ավելին, կարգավորումների այդ գործընթացը ներկայացվում է որպես ինչ-որ տիեզերական բարդություն՝ նման զուգահեռ աշխարհներ հայտնաբերելուն ու սահմանելուն:
Հասկանալով հանդերձ, որ մերօրյա ֆորսմաժորային իրավիճակի և տնտեսական ճգնաժամի պայմաններում պետք է շտապ կարգով օգնություն հասցնել հասարակության բոլոր շերտերին (այդ թվում՝ ֆրիլանս արվեստագետներին), այնուամենայնիվ, գտնում ենք, որ դրան զուգահեռ, արագացված տեմպերով պետք է մանրակրկիտ ուսումնասիրվի վերը մեջբերված եվրոպական օրենսդրական կարգավորումների ամբողջ բովանդակությունը, աշխատանքներ տարվեն դրանք ադապտացնելու, տեղայնացնելու, լրացնելու և օգտագործելու ուղղությամբ:
Այս փաթեթը ոչ միայն կօգնի այսօրվա ֆրիլանս արվեստագետներին, այլև հիմք կստեղծի դաստիարակելու ստեղծագործ մարդկանց ապագա սերունդներ, որոնք ի վիճակի կլինեն ինքնուրույն և բաց ղեկավարել գործունեությունը, ժամանակը, ստեղծագործությունը, շուկան և պետության հետ իրենց հարաբերությունները:
Ժամանակն է: Ուշացել ենք:
Մարինե Կարոյան
ԱՐԷ կատարողական արվեստների փառատոնի ղեկավար
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել