Կարեն Կարապետյան. «Երևան բրենդը աշխարհում ներկայացված չէ»
Երևան քաղաքի զբոսաշրջության զարգացման հիմնական մոտեցումներն ու ծրագրերն են քննարկվել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և զբոսաշրջային ու այդ ոլորտի շահագրգիռ ավելի քան 90 կազմակերպությունների ներկայացուցիչների հանդիպման ժամանակ:
Քաղաքապետն ընդգծել է, որ զբոսաշրջային հնարավորությունների թիրախավորված առանձնահատկությունները պետք է մատնանշեն այդ ոլորտում մասնագիտացած մասնավոր ընկերությունները:
Կարևորելով Երևանի զբոսաշրջության զարգացման հրամայականը, ինչպես նաև մայրաքաղաքի զբոսաշրջային միասնական հայեցակարգի մշակման անհրաժեշտությունը՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ քաղաքապետարանը պատրաստ է փոխգործակցել շահագրգիռ բոլոր կառույցների հետ:
«Երևանը աշխարհին ներկայանալու լավ հնարավորություններ ունի, բայց ցավոք այդ ամենը շատ վատ է կազմակերպված: Ըստ էության, Երևան բրենդը ընդհանրապես ներկայացված չէ աշխարհում ու դա, կարծում եմ՝ կհամաձայնեք, որ հիմնականում ձեր բացթողումն է: Մենք պատրաստ ենք լսել կառուցողական ցանկացած առաջարկ, որպեսզի միասին կարգավորենք այս դաշտը»,- նշել է քաղաքապետը:
Կարեն Կարապետյանը գործակալություններին առաջարկել է ակտիվորեն համագործակցել Երևանի քաղաքապետարանի հետ, ներկայացնել ծրագրային հստակ առաջարկներ, ինչպես նաև կարծիքներ, թե ինչ սպասելիքներ ունեն զբոսաշրջային գործունեության դաշտում ներգրավված ընկերությունները քաղաքապետարանից` Երևանը զբոսաշրջության առումով առավել գրավիչ դարձնելու հարցում:
Ընկերությունների ներկայացուցիչները խոստացել են առաջիկայում առավել հստակ առաջարկների փաթեթ ներկայացնել: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել