HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հավանության է արժանացել ՀՀ-ի և ԱՄՀ-ի միջև նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին օրենսդրական նախաձեռնությունը

Գործադիրը հավանություն է տվել տալ «Հայաստանի Հանրապետության և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև 2020 թվականի մայիսի 23-ին և հունիսի 1-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման և լրացուցիչ փոխառու միջոցների ներգրավման մասին» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մասին կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Հիմնավորման համաձայն՝ Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից դեռևս 2019թ. մայիսին Հայաստանի Հանրապետության համար հաստատվել է 180 մլն ՀՓԻ (248.2 մլն ԱՄն դոլար) արժողությամբ եռամյա Պահուստային ծրագիրը (Stand-by Arrangement)` ուղղված տնտեսական հիմնարար և կառուցվածքային բարեփոխումների իրականացմանը:

Հիմնադրամի գործադիր տնօրենների խորհրդի՝ սույն թվականի մայիսի 18-ին տեղի ունեցած նիստում հաստատվել է ծրագրի երկրորդ վերանայումը, որով ծրագրի շրջանակում ՀՀ-ի համար հասանելի են դարձել ընդհանուր 77․142 մլն ՀՓԻ (105 մլն ԱՄՆ դոլար) ծավալով փոխառու միջոցներ։ Հիմնադրամի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է նաև հիմնադրամի արագ ֆինանսավորման գործիքի (Rapid Financing Instrument) շրջանակում հավելյալ 128.8 մլն ՀՓԻ (175 մլն ԱՄՆ դոլար) ներգրավելու հայտը։

Բացի այդ, հիմնադրամի ներկայացուցիչների հետ բանակցությունների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել Պահուստային ծրագրի շրջանակում հասանելի միջոցները որպես ուղղակի բյուջետային աջակցություն օգտագործելու ուղղությամբ՝ նպատակ ունենալով ապահովել նոր կորոնավիրուսային համավարակի տարածմամբ առաջ եկող հետևանքների մեղմմանն ուղղված սոցիալ-տնտեսական միջոցառումների ֆինանսավորումը: Արդյունքում, ներկա պահին Հայաստանի համար հասանելի են ընդհանուր առմամբ շուրջ 206 մլն ՀՓԻ (280 մլն ԱՄՆ դոլար) ծավալով բյուջետային միջոցներ, և ևս 25․714 մլն ՀՓԻ (35 մլն ԱՄՆ դոլար) հասանելի կդառնա ծրագրի երրորդ վերանայման արդյունքում։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է բանկերի և վարկային կազմակերպությունների տրամադրած վարկային արձակուրդներին: «Այս պահի դրությամբ հակաճգնաժամային նպատակներով բանկերն ու վարկային կազմակերպությունները վերանայել են մոտ 550 հազար ֆիզիկական անձանց 682 մլրդ դրամի վարկի գծով պարտավորությունները՝ 45 մլրդ դրամի չափով վարկային արձակուրդ են տրամադրել, և 17 400 իրավաբանական անձանց 640 մլրդ դրամի վարկի գծով` 57 մլրդ դրամի ընթացիկ պարտավորությունների հետ կապված վարկային արձակուրդ են տրամադրել»,-ասել է վարչապետը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter