HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Երբ անտեսվում է ամենակարևոր հարցի պատասխանը

Հանրապետական կուսակցության 13-րդ համագումարին Սերժ Սարգսյանը ելույթ չունեցավ իբրև երկրի նախագահ: Նա խոսեց որպես ընտրությունների պատրաստվող և արդեն իսկ քարոզարշավն սկսած կուսակցության ղեկավար: Նրա ողջ ելույթի իմաստը հանրությանը համոզելն էր ընտրություններում վստահել ՀՀԿ-ին: Բայց դա այնքան ճակատային էր արվում, այնքան համառորեն էր փաթաթվում մրա մտքի թելին հետևողներին, որ անտեսվեց ամենակարևոր հարցի պատասխանը. իսկ ինչու պետք է վստահել, հավատալ ու ընտրել 13 տարի շարունակ իշխանություն ունեցող այս քաղաքական ուժին: Իր ո՞ր որակների, ո՞ր առաքինությունների, արած ո՞ր նշանակալի գործի և ամենակարևորը` ի՞նչ հեռանկարի, տեսլականի համար ընտրել այս  կուսակցությանը: Ողջ ելույթի ընթացքում Սերժ Սարգսյանը դրա համար հետևողականորեն ընդամենը մեկ հիմնավորում էր բերում. վստահեք ու հավատացեք մեզ, որովհետև մենք… իշխանություն ենք ու մենք բոլորից լավ գիտենք` ինչն է ձեզ համար լավ, ինչը` վատ: Եվ եթե ինչ- որ բան չի ստացվում, դեռ պետք է շնորհակալ լինել, որովհետև կարող էր շատ ավելի վատ լինել:

«Չեմ ցանկանում նսեմացնել, թերագնահատել կամ ստվերել Հայաստանում գործող որևէ ազնիվ և ազգային շահին ուղղված քաղաքական ուժի և կուսակցության գործունեություն: Ավելին, ուրախ եմ, որ մեր քաղաքական կյանքը բազմազան է: Սակայն, մեր կուսակցությունն է, որ իր կարողություններով ու հնարավորություններով ունակ է շարունակել առաջնորդել դեպի նոր տնտեսական քաղաքականություն և հարաբերություններ, դեպի նոր փոփոխություններ ու արդիականացում»,-ասում է նախագահը:

Սա միայն իշխանության անփոփոխելիության ու շարունակականության փիլիսոփայություն չէ, այլ իշխանություն լինելն իբրև արժանիք ընկալելու և դրանով առաջնորդվելու մտայնության դրսևորում: Սա իշխանության այնպիսի մոդելի ձևավորում է, որն առաջնորդվում է անսխալականության կանխավարկածով, որտեղ թույլ տրված սխալները` անկախ նրանից որքանով են եղել ճակատագրական կամ որոշիչ, ընկալվում են որպես արժանիքներ: «Գործ անողի թույլ տված սխալը հնարավոր է ուղղել: Այդ սխալը, անգամ որպես սխալ, շատ ավելի մեծ արժեք է, քան ոչինչ չանողների դատարկ ու ամուլ` թվացյալ ճիշտ ելույթները»,-ասում է Սերժ Սարգսյանը: Նա իբրև արժեք է մատուցում սխալը, այլ ոչ թե դրանից քաղած դասերը կամ գոնե դրա ձգտումը: Եվ սա հստակ ուղերձ է վարչական ողջ ապարատին, հանրությանը, որ սխալներ իշխանության համար գոյություն չունեն, հետևաբար նաև սխալները խոստովանելու ևւ  դրանց համար պատասխանատու լինելու հարց էլ գոյություն չունի:

Եվ եթե այդպես է, ապա բացարձակ անտեղի է դառնում հավաստիացումը ներքին վերափոխումների գնալու պատրաստակամության մասին: Եթե նախագահը դա ընկալում է որպես մարտահրավեր, ապա նրանից ոչ ոք ավելի մեծ հնարավորություններ չուներ թեկուզ հենց ներկուսակցական, ներիշխանական կամ ներպետական մակարդակով վաղուց նախաձեռնելու այդ փոփոխությունները: Ո՞վ էր մինչ այսօր բռնել իշխանության, Հանրապետականի ձեռքը: Եթե ի նկատի է առնվում հասարակությանը, ապա նա ձեռքեր կապկպելու փոխարեն վաղուց արդեն վարժվել է ինքնամեկուսացմանն ու ծայրահեղ դեպքում երկիրը լքելուն:

Այսպիսի մոտեցումը նշանակում է` ցանկացած քննադատություն, վերաբերմունքի արտահայտություն ընկալել որպես «ոչինչ չանողների դատարկ ու ամուլ` թվացյալ ճիշտ ելույթներ»: Այս տիպի որակումների ֆոնին այլևս ոչ մի իմաստ չունեն հավատացումները «այլակարծության հանդեպ բացարձակ անհանդուրժողականությունը չընդունելու», «ընդդիմախոսների` բարի նպատակ և ազնիվ մղումներ ունենալու իրավունքը վերականգնելու» մասին:  

Սակայն այս ամենից զատ` առավել կարևոր էր, թե ինչ նոր Հայաստանի պատկեր էր գծագրում նախագահը: Իրականում նման պատկեր մենք չստացանք, բացառությամբ, թերևս, փոխվելու և փոխելու ցանկության արտահայտության: Թեև նախընտրական քարոզարշավը դեռ նոր է սկսվում ու ՀՀԿ-ն գուցե դեռ կարողանա բացատրել:

Այսուհանդերձ` որևէ կերպ հասկանալի չդարձավ` ՀՀԿ-ն փոփոխություն է առաջարկում` հանուն ինչ՞, ընթացքի ինչ-որ ուղղությա՞ն, թե՞ անընդհատ տեղապտույտի: Ո՞րն է ի վերջո երկրի, պետության, հասարակության զարգացման հեռանկարը: Մինչդեռ հենց դրանք պետք է լինեին իշխանեությունը պահելու նպատակ ունեցող, պաշտոնավարման երկրորդ ժամկետի գնացող լիդերի ասելիքի առանցքը: Որովհետև իշխանությունը պահեը ոչ թե նպատակ է, այլ միջոց: Մի գաղափար, որ վաղուց դուրս է շպրտվել օրակարգից:

Մեկնաբանություններ (2)

Panatec
ՀՀԿ-ական իշխանության այս տարիների աշխատանքը գնահատվում է գեղեցիկ «ձախողում» բառով։
Արթուր Հովհաննիսյան
Փայլուն հոդված է: Միայն մեկ նկատառում. կարծում եմ, դեռ պետք է մտածել` հավատի բացակայությունը պատճա՞ռն է, թե հետևանքն է նաև նրա, որ այսօր մեր հասարակությունը կամ նրա գերակշիռ մասը չունի վերոնշյալ հարցերի պատասխանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter