HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի մեկնաբանությունն ադրբեջանական իշխանական տարբեր օղակների ռազմատենչ հայտարարությունների առնչությամբ

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանություն է ներկայացնում ադրբեջանական իշխանական տարբեր օղակների ռազմատենչ հայտարարությունների առնչությամբ։ Մեկնաբանությունը հրապարակվել է ԱԳՆ պաշտոնական կայքում։

«Վերջին շրջանում Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության և տարբեր գերատեսչությունների կողմից բովանդակային կառուցվածքից զուրկ, հիստերիա հիշեցնող հակահայկական մրցակցային հայտարարություններ են արվում: Տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է գերազանցել իր նախկին հակահայկական հայտարարությունները, ինչը տասնամյակների ընթացքում հետևողական հակահայկական դիսկուրսի պայմաններում հեշտ գործ չէ:

Հատկանշական է, որ սեփական ժողովրդի առջև ատելություն քարոզող և պատերազմի սպառնալիքներով հանդես եկող Ադրբեջանի ավտորիտար իշխանություններն  օգտագործում են կորոնավիրուսի դեմ պայքարն իրենց երկրում մարդու իրավունքների լայնածավալ խախտումներ իրականացնելու համար. իրողություն, որը բարձրաձայնվել է մի շարք հեղինակավոր միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների կողմից:

Այնուհանդերձ, ինչքան էլ որ հայերի դեմ ատելության քարոզը և պատերազմի սպառնալիքները միտված լինեն ներքին լսարանին, նման հայտարարությունները լրջորեն վնասում են խաղաղ գործընթացին և մատնանշում, որ ոչ թե Ադրբեջանի ժողովուրդը, այլ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը պատրաստ չէ խաղաղության:

Ադրբեջանի ղեկավարության հակահայկական գործողություններն արդեն ստացել են իրենց իրավական գնահատականը միջազգային ատյանների կողմից: Այսպես,  ՄԻԵԴ-ի «Մակուչյանը և Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» գործով դատավճիռը դատապարտեց ադրբեջանական պետության  ռասիստական քաղաքականությունը, որն արտահայտվել էր մարդասպան Ռամիլ Սաֆարովին ներելու, ազատ արձակելու և պարգևատրելու գործողություններով:

Հայատյացությունը որպես ներքին համախմբման և իշխանության լեգիտիմության հիմնական աղբյուր դիտարկող Ադրբեջանի ներկայիս իշխանությունը սպառնալիք է ոչ միայն Արցախի, Հայաստանի և ողջ հայ ժողովրդի, այլև տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար: 

Արցախի և Հայաստանի անվտանգային համակարգը բավարար համալիր և կայուն է՝  արդյունավետորեն հասցեագրելու և հակադարձելու նման սպառնալիքները»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter