
Սամվել Ալեքսանյանը «Փակ շուկայի» հարցով բանակցությունների մեջ է
Մաշտոցի պողոտայում գտնվող «Փակ շուկայում» Երեւանի քաղաքապետարանը տեւական ժամանակ է արգելել է շինաշխատանքների իրականացումը, ինչը դուր չի գալիս սեփականատիրոջը՝ ԱԺ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանին: Վերջինս ՀՀԿ-ի մարտի 10-ի համագումարի ընդմիջման ժամանակ այս թեմայով բանավիճում էր Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ:
Սամվել Ալեքսանյանը, տեսնելով, որ Տարոն Մարգարյանի հետ վիճելն «անպտուղ» է, սկսեց բանակցել մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ու նույն նախարարության մեկ այլ աշխատակցի հետ:
«Շուկայի արմատուրաները փտած վիճակում ա, կոմունիստների ժամանակ սյուները փտած են եղել, ուգոլնիկներով դրել ամրացրել են, տակը սաղ ջուր ա եղել, հիմա, որ ուգոլնիկները բացել ենք տեսնենք, թե ինչ վիճակ ա, սաղ արմատուրեքը փտած ա: Առաջարկում եմ մասնագետները գան իրենց կարծիքը հայտնեն, թե ինչ պետք է արվի, հենց դա էի խոսում տիկին նախարարի հետ»,-նախարարի հետ բանակցությունն այսպես մեկնաբանեց Սամվել Ալեքսանյանը:
Ինչ վերաբերում է Տարոն Մարգարյանի հետ վիճելուն, ապա, ըստ պատգամավորի, «պարոն քաղաքապետի հետ վիճելու բան չկա». «Ասում էի, որ իրենք էլ գան նայեն»:
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ, իրոք, շինաշխատանքները կասեցված են, եւ ինքն այս հարցում առաջնորդվում է բացառապես օրենքով:
«Կասեցրել եմ շինարարությունը, օրենքով սահմանված կարգով արձանագրություն ենք կազմել, մինչեւ մշակույթի նախարարության կողմից թույլտվությունը չլինի, այն չի վերսկսվի, քանի որ շուկան համարվում է պատմամշակութային արժեքների տարածք, իսկ հսկողությունը միանշանակ մշակույթի նախարարությանն է»,-ավելացրեց Տարոն Մարգարյանը:
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել