
ԱԱԾ և Ոստիկանության աշխատակիցների համազգեստներով բեմականացումն, ըստ ԱԱԾ տնօրենի, եղել է «Վիլլա հիլզ»-ում
Կորոնավիրուսի դեմ պայքարը ցանկացածիս խնդիրն ու օրակարգային հարցն է: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը:
Դիտարկմանը, որ վարչապետ Փաշինյանը իրեն էր հանձնարարել Շենգավիթ վարչական շրջանում կազմակերպված մանկական հավաքույթի մեղավորներին գտնելը, արդյոք դրանով վարչապետը չի անլրջացնում ԱԱԾ-ի դերը, Մարտիրոսյանն ասաց.
«Ոստիկանության ուժերն ուղղակի չէին բավարարում, և պարոն վարչապետը հանձնարարություն տվեց, որ մենք էդ խնդրով զբաղվենք, ու հարցը շուտ լուծվի, քանի որ խնդիրը երեխաների հնարավոր վարակման մասին է»:
Անդրադառնալով սոցիալական ցանցերում քննարկվող այն տեսանյութին, որում հարսանիքի ժամանակ ԱԱԾ և ոստիկանության համազգեստով անձինք բեմադրություն են անում, ԱԱԾ տնօրենն ասաց.
«Դուք դրա արդյունքը կտեսնեք դեռ, այն «Վիլլա հիլզ» ռեստորանային համալիրում է եղել, Պտղնիում, կարծում եմ` իրավապահ համակարգի աշխատողների համազգեստով բեմականացումն էնքան էլ սիրուն չէ»:
Ինչ վերաբերում է Գագիկ Խաչատրյանի որդու` Գուրգեն Խաչատրյանի հետախուզմանը, թե ինչպես է վերջինիս փախուստը իրականացվել, և ինչու ԱԱԾ-ն չի կանխել այն, Էդուարդ Մարտիրոսյանն ասաց, որ մինչ քրեական գործի հարուցումը Խաչատրյանի նկատմամբ օպերատիվ հետախուզական աշխատանքներ չեն իրականացվել:
Հարցին, թե վերջինս երկրից մեկնել է, թե ոչ, Մարտիրոսյանը պատասխանեց.
«Ձեզ կարող եմ վստահեցնել, որ մեր սահմաններով իր տեղաշարժը չի ֆիքսվել»:
ԱԱԾ տնօրենը նաև ասաց, որ ստուգել են այն լուրերը, որ վերջինս ՌԴ-ում է և հավելեց, որ այդ տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում:
Մեկնաբանել