HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

«Facebook»-ը տարբերակելու է պետությունների կողմից վերահսկվող լրատվամիջոցներին

«Facebook» սոցիալական ցանցը կսկսի տարբերակել բոլոր այն լրատվամիջոցների էջերը, որոնք վերահսկվում են պետությունների կողմից։ Այդ մասին հինգշաբթի օրը՝ հունիսի 4-ին «Facebook»-ի բլոգում գրել է ընկերության կիբերանվտանգության բաժնի ղեկավար Նաթանիել Գլեյհերը։ 

 Նրա խոսքերով՝ մարդիկ պետք է իմանան, թե այս կամ այն նորությունը հրապարակվել է արդյոք ԶԼՄ-ներում, որոնք գտնվում են այս կամ այն պետության կառավարության ազդեցության ներքո։ Թե ինչ չափանիշներից ելնելով ընկերությունը կտարբերակի ԶԼՄ-ներին, դեռևս հայտնի չէ, սակայն դրանք մշակվել են ընկերության և ոլորտային փորձագետների քննարկումների արդյունքում։

«Reuters» գործակալությունը գրում է, որ «State-controlled media» («պետության կողմից վերահսկվող ԶԼՄ») հատուկ նշումը, ընդհանուր առմամբ, կհայտնվի մոտ 200 ԶԼՄ-ների էջերում։ Միևնույն ժամանակ, «Facebook»-ը հայտարարել է, որ ԱՄՆ-ում գործող համանման լրատվամիջոցների էջերում չի հայտնվի այդ նշումը։ Գլեյհերը հայտարարել է, որ ընկերությունն այն կարծիքին է, որ ամերիկյան նմանատիպ լրատվամիջոցներում գործում է խմբագրական անկախությունը։

Առաջիկայում «Facebook»-ը պատրաստվում է նաև տարբերակել ԶԼՄ-ների կողմից տեղադրված գովազդները, որոնք ընկերության կարծիքով կարող են գտնվել պետությունների ազդեցության տակ։ Բացի այդ, սոցիալական ցանցը պատրաստվում է արգելափակել դեպի ԱՄՆ-ն ուղղված բոլոր գովազդները, որոնք տեղադրվել են օտարերկրյա պետական մարմինների կողմից։ Նպատակը այս տարի նոյեմբերին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրությունների նկատմամբ հնարավոր արտաքին ազդեցության կանխումն է։

Ավելի վաղ, ընկերությունը խոստավանել էր, որ չի կարողացել կանգնեցնել իր հարթակի միջոցով 2016 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ Ռուսաստանի արտաքին ազդեցությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter