
«Անկախ ամեն ինչից…». բաց նամակ վարչապետին
Հարգարժան պարոն Փաշինյան, Ձեր՝ պատգամավոր եղած ժամանակ մենք հանդիպեցինք իմ խցում և դեմ դիմաց նստած՝ զրուցեցինք: Այդ ժամանակ ես առհասարակ որևէ բան չասացի իմ գործից, այլ, որպես իրավաբան, հիմնավորված Ձեզ ներկայացրի այն ճչացող հակաիրավական, ապօրինի իրավիճակը, որը ստեղծվել է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով: Դատավորի պատմուճան հագած՝ մեկ ակնթարթում 42 մահապատժի դատապարտվածներիս այդ հրամանագրով դատապարտեց ցմահ ազատազրկման` մի պատժի, որը հանցագործությունների կատարման պահին գոյություն չի ունեցել: Այդ ապօրինի հրամանագիրը մինչ օրս խարան է, ծաղրանք դատական համակարգի, իրավունքի գերակայության և օրենքի նկատմամբ: Իմ խցում, դեմ դիմաց նստած, համաձայնեցիք, բայց որպես պատգամավոր՝ գրեթե անզոր էիք օրինականությունը վերականգնել: Իսկ հիմա արդեն անցել է երկու տարի…
Անկախ նրանից, որ 2018-ին արմատական փոփոխություններ էիք խոստանում հատկապես` արդարադատության ոլորտում տիրող անիրավություններից համբերության բաժակը լցված մեր ողջ հանրությանը, չարեցիք լյուստրացիա, որ ժողովուրդն իմանա, թե ով ում ծառան էր և գործակալը, չիրականացրիք նաև անցումային արդարադատություն, երբ իրավացիորեն պնդում էիք, որ դատական համակարգը թաղված է կոռուպցիայի մեջ: 2 տարի է անցել, և որևէ դատավոր պատասխանատվության չի կանչվել նախկինում անարդար դատական ակտ կայացնելու համար: Արդյո՞ք հասարակությունը Ձեզ կընտրեր, եթե իմանար, որ ունևոր մեղադրյալները հանգիստ հեռանալու են երկրից, իսկ նրանք, ովքեր կկալանավորվեն, շատ շուտ ազատ կարձակվեն` թալանածից մի փոքր փայ տալուց հետո, իսկ բանտերում հիմնականում կմնան նրանք, ովքեր գումար չունեն պետությանը կլորիկ գումար նվիրաբերելու համար:
Իրավական երկրում ճչացող դատական սխալով մահապատժի դատավճռի դեմ պատրաստված վճռաբեկ բողոքը օր առաջ կմուտքագրեն դատարան, սակայն հեղափոխական Հայաստանում ես և իմ պաշտպանը` Զարուհին, 2-րդ տարին է՝ խուսափում ենք դատարան դիմել, որովհետև դատաիրավական ոլորտում ոչինչ չի փոխվել:
Անկախ նրանից, որ 2018 թվականի մայիսին ոգևորված էինք` համոզված լինելով, որ հեղափոխություն ենք իրականացնում` ամիսներ անց հայրս հեռացավ այս կյանքից` այդպես էլ չտեսնելով արդարության վերականգնումը: Ինձ նույնիսկ չթույլատրվեց հորս վերջին հրաժեշտը տալ: Մեր կողմից այս հարցը բարձրացնելուց հետո, ճիշտ է, օրենքը փոխեցին` այժմ ցմահականներին էլ թույլատրում են նման իրավիճակներում կարճաժամկետ մեկնում, բայց իմ պարագայում արդեն ուշ էր:
Անկախ նրանից, որ Դուք տրվեցիք հակաիրավական ճնշմանը, հետ կանգնեցիք մարդասիրական մոտեցում ցուցաբերելու Ձեր բացառիկ իրավունքից, ու ես հեղափոխությունից հետո էլ արդեն 2-րդ տարին է՝ բանտում եմ՝ խցում փակված` անարդար դատապարտված, այնուամենայնիվ, մայրս դեռ շարունակում է հավատալ Ձեզ` հույս ունենալով, որ կտեսնի ինձ ազատության մեջ: Իսկ հայրս, ինձ հետ միասին անիրավ դատաիրավական համակարգի զոհ դարձած, անարդարություններից ինսուլտի և ինֆարկտի հետևանքով 7 տարի անկողնային հիվանդ լինելով, չէր հավատում, որ այս հեղափոխությամբ արմատական փոփոխություններ կլինեն, և, որ մեր ու շատ այլ ընտանիքների կյանքում արդարությունը կվերականգնվի: Մինչ այս պահը հայրս իրավացի է մնում, իսկ մայրս դեռ հավատում է:
Անկախ նրանից, որ 2018 թվականի մայիսին «Նուբարաշեն» բանտում դատական սխալների թեմայով դիպլոմային աշխատանքս պաշտպանելուց տեսախցիկների առաջ կոչ էի անում. «Դժվար է լինելու. եկե՛ք սատար կանգնենք Նիկոլ Փաշինյանին» ու անկախ նրանից, որ դատաիրավական համակարգում այդպես էլ ոչ մի հեղափոխություն չեղավ և ճչացող դատական սխալի հետևանքով իմ նկատմամբ կայացված ամենաանարդար մահապատժի դատավճիռը դեռ չի բեկանվել` ա՛յ այսքանից հետո, դեռ չգիտեմ` հա՞յրս էր ճիշտ, թե՞ մայրս է իրավացի… կարծում եմ, որ մորս սիրտն էլ է կոտրվելու, հույսն ու հավատը խաբվելու: Այդպես եմ մտածում, բայց թող, որ սխալված լինեմ` Աստծո կամքով մորս աչքերում, 24 տարվա արցունքներից հետո, ժպիտ թող երևա: Ես վստահ եմ մի հարցում, որ մեր՝ հանուն Արդարության ու Սիրո պայքարը իրական հեղափոխություն կանի մարդկանց սրտերում, հոգիներում ու մտքերում:
Անկախ նրանից, որ հենց Ձեր իշխանության օրոք կինս, մեր իրականության մեջ նախադեպը չունեցող ամենաանօրինական, ամենաանբարոյական, ամենազազրելի ձևով «քարկոծվեց» միայն նրա համար, որ արդարություն է պահանջում, որ սիրում է ցմահ բանտարկյալիս ու սիրված է, մենք չկոտրվեցինք ու ավելի ամրապնդվեցինք մեր սիրո ու պայքարի մեջ: Ձեր իշխանության օրոք ամենաստոր հարձակումների ենթարկվեց Կինը և Մայրը, միայն այն պատճառով, որ անպաշտպան է, իսկ բարոյականությունից զուրկ գործողությունները չեն դատապարտվել, ու անկախ այս ամենից` դեռ կարելի՞ է հավատալ արդարությանը: Բայց անկախ այս ամենից, դեռ վերջնականապես չգիտեմ` հա՞յրս էր ճիշտ, թե՞ մայրս է իրավացի, երբ դեռ հավատում է:
Ու դարձյալ անկախ ամեն ինչից, շարունակում ենք պայքարը, բայց արդեն հստակ գիտենք, որ այն, ինչ հեղափոխություն էր կոչվում, հաստատ Սիրո հեղափոխություն չէր, և 2019 թվականի հունվարին Զարուհու նկատմամբ կատարված աննախադեպ հոգեբանական բռնությունից հետո, այլևս Սիրո հեղափոխություն արտահայտությունը չեք անում, որովհետև Ձեր իշխանության օրոք Սերը քարկոծվեց, և Դուք ոչ մի խոսք չասացիք:
Իսկ մենք շարունակում ենք պայքարել և աղոթել, որ Աստված այս նյութական կյանքում էլ հաղթանակով պսակի հանուն արդարության այս ճանապարհը:
Հարգանքով՝ Մհեր Ենոքյան
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել