HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Ավագյան

Տեսարաններ՝ առանց հացի

Հեղափոխությունից հետո հեղաշրջման հնարավորության առաջին ազդակը վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կառավարական առանձնատուն ու Բաղրամյան 26 շտապելն էր ու, թող որ օրենքով նախատեսված, սակայն հեղափոխության տրամաբանությամբ մերժված թիկնազորի, ծառայողական մեքենաների, մյուս հարմարավետությունների ընդունումը: Սա նրա խոցելիության, իր իսկ խոսքով ասած` «չտեսության ու գյորմամիշության» մասին ազդակ էր, որը նրան ավելի կառավարելի կդարձներ տարբեր շահեր ունեցող ուժերի կողմից:

Հեղաշրջման հաջորդ լուրջ ազդակը Ալեն Սիմոնյանի գլամուր շրջապատից Արթուր Վանեցյանին ԱԱԾ տնօրենի պաշտոնին նշանակելն էր: Այս կառույցի ղեկավար, գոնե հեղափոխությունից հետո, պետք է նշանակվեր զուսպ, պրոֆեսիոնալ ու ինտելեկտուալ մեկը:

Հետո արդեն ՀՀ քաղաքացիներին սևերի ու սպիտակների բաժանելու անխոհեմությունն էր: Ապա՝ դատարանները շրջափակելու կոչը: Դատավորներին՝ երկրի ղեկավարին չպատշաճող բառամթերքով վիրավորելը:

Փաշինյանի տաղանդը՝ վերակենդանացնել ու ուժ հաղորդել այն գործիչներին, որոնց հեղինակությունը զրոյին մոտ էր, անվիճելի է: Նա Ռոբերտ Քոչարյանին դարձրեց ընդդիմադիր բևեռի կենտրոն: Հիմա ընդդիմադիր ուժերի համախմբման կենտրոնին հավակնում են Արթուր Վանեցյանը, Միքայել Մինասյանը, Գագիկ Ծառուկյանը:

Այսօր տասնամյակներ շարունակ քաղաքական կյանքում մաշված, իրենց զավակներին բանակից թռցրած, երկու կոպեկի համար պատիվը վաճառած զանազան դեմքեր իրավիճակի փրկությունից են խոսում՝ իրենց մասնակցությունն առաջարկելով այդ գործում:

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ հունիսի 5-ի ելույթը լուրջ ուղերձ էր իշխանություններին: Փոքրիկ լիրիկական շեղում. հասցրել էինք մոռանալ. հեղափոխությունից հետո առաջնորդին հոտնկայս, բուռն ու երկարատև ծափահարելու ավանդույթը, ռոկոկո-բարոկո ոճը, սակայն իրականությունն ավելի համառ է, քան մեր հիշողությունը։

Այն, ինչ ասաց Ծառուկյանը, մեծ հաշվով, սխալ չէր: Իշխանությանն ուղղված քննադատությունը սթափ ու թիրախային էր:

Խնդիրն այն էր, թե ում շուրթերից է հնչում այդ ճշմարտությունը:

Ամենամեծ օլիգարխ, բազմաթիվ քրեական մեղադրանքների կենտրոնում գտնվող Ծառուկյանը, առանց լուրջ երաշխիքներ ունենալու, նման հայտարարություն չէր անի:

Թեև սա առաջին դեպքը չէ. պարոն Ծառուկյանը ընդդիմության առաջնորդ դառնալու բազմաթիվ հավակնություններ է ունեցել կամ նրան ներքաշել են նման գործընթացների մեջ՝ փորձելով օգտվել նրա ֆինանսական ռեսուրսներից և նրան փողի համար աստվածացնող ընտրազանգվածից:

Գագիկ Ծառուկյանի՝ ընդդիմության առաջնորդ դառնալու փորձերը մշտապես տապալվել են: Հիշենք Սերժ Սարգսյանի հայտնի ելույթը: Հիշենք նաև այսօր բարոյականության մասին տրակտատների հեղինակ, այն ժամանակ՝ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի ելույթը, որն իր ստորակարգությամբ դեռևս անմրցելի է՝ «Դ-ի Գագոյին պարոն Ծառուկյան դարձնելու» մասին:

Այսօր Փաշինյանի դեմ են գրեթե բոլոր ուժերը: Սթափ մտածող քաղաքացիների համար ևս Փաշինյանն արդեն չի ընկալվում երկրի լուրջ ղեկավար՝ կայուն վարքագծով ու համակարգված մտածողությամբ: Վկան՝ վերջին օրերին Ֆեյսբուքի իր պատին նոն-ստոպ ռեժիմով ՀՀ քաղաքացիների լուսանկարների հրապարակումն է՝ հեղինակային մակագրություններով, դիմակ չկրելու համար ՀՀ քաղաքացուն ոտքի տակ առնող ոստիկանների գործողություններն անվերապահ արդարացնելը:

Քաղաքացիներից շատերի ընկալմամբ՝ սա նրա իշխանության ավարտն է, որքան էլ ցավալի լինի արձանագրելը:

Նա այս երկու տարիներին հասցրեց երկրի ներսում նորանոր ճակատներ բացել ու մարդկանց հանել իր և միմյանց դեմ՝ հեղափոխությանը մասնակցած քաղաքացիները մեկ էլ դարձան պողոսներ, գիտնականները սուրճ խմողներ են և այլն: Փաշինյանը հաջողացրեց իր դեմ հանել անգամ բոլոր իշխանությունների ժամանակ կրավորական դիրք ունեցող Հայ առաքելական եկեղեցու սպասավորներին:

Այսքանով հանդերձ, անգամ այս իրավիճակում, արտախորհրդարանական ու անգամ խորհրդարանական ուժերը՝ միասին վերցված, չեն կարող հեղինակության առումով մրցել  Փաշինյանի հետ: Ընդդիմադիր դաշտը՝ միասին վերցրած, չունի Փաշինյանի կշիռը:

Եվ եթե քաղաքացիները վտանգ տեսնեն՝ ուղղված Փաշինյանի իշխանությունն ապօրինի տապալելուն, կարծում եմ, դարձյալ ոտքի կկանգնեն՝ չընդունելով Փաշինյանին, սակայն որևէ ձևով հեղափոխությունը չզիջելով նախկիններին:

Ի վերջո, անհնար է պատկերացնել, որ հեղափոխություն է եղել, որպեսզի Արթուր Վանեցյանն ու Միքայել Մինասյանը, Գագիկ Ծառուկյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ իրենց սպասարկող ուժերով,  գան իշխանության:

Բանն այնտեղ է հասել, որ այսօր արդեն տեղին չէ խոսել պետության առջև կանգնած հրատապ մարտահրավերների մասին՝ կորոնավիրուսի դեմ պայքար, գազի գին, Արցախի խնդիր, Հարկային օրենսգիրք, ոչ միայն նախկինների, այլև իշխանությունների համար յուրաքանչյուր անցանկալի մեկի գլխին Դամոկլյան սրի պես կախված «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծ և այլն:

Խնդիրն այսօր չափազանց վտանգավոր է և նաև չափազանց զգայուն:

Ինչպե՞ս հնարավոր դարձավ հեղափոխական գործընթացը ճշգրտորեն կառավարող, իրավիճակին ամբողջությամբ տիրապետող քաղաքական գործչից վերածվել իրականությունից կտրված, իրականությանը ոչ համարժեք արձագանքող վարչապետի: Սա շատ տարօրինակ տրանսֆորմացիա էր, որը դժվար է միայն հաջողությունից գլխապտույտ ունենալով պայմանավորել:

Իշխող ուժը, անձամբ Նիկոլ Փաշինյանը, պետք է վերլուծեն իրավիճակը լրջորեն:

Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը պետք է փորձեն լուծումներ գտնել՝ վեր ամբիցիաներից: Նրանք պետք է իրավիճակի անցնցում հանգուցալուծում ապահովեն՝ իրականությունը գնահատելով ոչ թե երկու տարվա վաղեմության վստահության տոկոսով, այլ իրական վիճակով:

Առանց Նիկոլ Փաշինյանի հեղինակության ու պաշտոնավարության՝ «Իմ քայլ» -ի վարկանիշն, ինչ խոսք, ավելի կընկնի, սակայն գրագետ հանգուցալուծումով կարելի է փրկել հեղափոխության փշրանքները:

Սակայն, եթե ներքաղաքական կոլապսից խուսափելու ելք կարող է դիտարկվել, դիցուք, ներքին համաձայնությամբ վարչապետի այլ թեկնածու առաջադրելը՝ մինչև հաջորդ ընտրություններ ներքաղաքական կայուն վիճակ ապահովեն ու նաև ապահովեն հաջորդ ընտրությունների օրինականությունը, կարելի է գնալ նաև դրան:
Գուցե այլ տարբերակներ կան: Չգիտեմ:

Հակառակ դեպքում, որքան էլ անհավանական թվա, մի առավոտ կարող ենք արթնանալ այն Հայաստանում, որի փողոցներում տանկեր կլինեն: Եվ Արտակարգ դրություն հայտարարողը կլինի ամենևին ոչ լեգիտիմ իշխանությունը:

Բոլորիս ծանոթ այդ հին դեմքերը, որ միավորվում են, Հայաստանում  երեսուն տարի իշխել են: Բոլորս տեսել ենք՝ ինչի են ընդունակ նրանք:

Դժվար է գրել այս տողերը:

Չէի ուզի, որ հեղափոխությունը բոլորիս երազ թվա:

Նիկոլ ջան, քեզ ի՞նչ եղավ, ախր:

 

****

«Տեսակետ» խորագրում հրապարակված նյութերում արտահայտված մտքերը կարող են չհամընկնել «Հետքի» տեսակետին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter