
Հայտնի է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության աշխատակիցների հնարավոր աշխատավարձի չափը
Կառավարությունը խորհրդարան է ուղարկել «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» օրենքներում փոփոխություններ կատարելու փաթեթը, որոնք վերաբերում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքի ներդրման համար անհրաժեշտ գործիքակազմին:
Հիշեցնենք, որ ապրիլին խորհրդարանն ամբողջությամբ ընդունել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ օրենքը: Նշենք, որ այն քրեաիրավական միջոց չէ, այլ` քաղաքացիական հայց ներկայացնելու ինստիտուտ:
Ըստ Կառավարության ներկայացրած փաթեթի` Գլխավոր դատախազությունում որպես առանձին վարչություն՝ նախատեսվում է կազմավորել առանձին վարչություն, որը կզբաղվի առերևույթ ապօրինի ծագում ունեցող գույքի ուսումնասիրմամբ:
Փաթեթով հստակեցվում է այդ ստորաբաժանման աշխատակիցների վարձատրության չափերը: Առաջարկվում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող վարչության պետի աշխատավարձի գործակիցը սահմանել 10, ըստ այդմ՝ աշխատավարձը կլինի շուրջ 661 հազար դրամ` հարկերը ներառյալ: Նույն վարչության պետի տեղակալի աշխատավարձի գործակիցը սահմանվել է 9.50, աշխատավարձը կկազմի շուրջ 628 հազար դրամ` հարկերը ներառյալ:
Վարչության ավագ դատախազի աշխատավարձի գործակիցը` 9.25, աշխատավարձը` շուրջ 611 հազար, իսկ դատախազի աշխատավարձի գործակիցը սահմանվել է 9, որի համաձայն աշխատավարձը կլինի 595 հազար դրամ(Հաշվարկն իրականացվել է Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքով, ըստ որի՝ պաշտոնյաների աշխատավարձը հաշվարկվում է բազային աշխատավարձով, այն 66140 դրամ է):
Մյուս փոփոխությունն այն է, որ առաջարկվում է առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում դատավորների մասնագիտացման դրույթի շրջանակներում սահմանել նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերը:
Տեղեկացնենք, որ նախագծերը մշակվել են Արդարադատության նախարարության կողմից:
Մեկնաբանել