
Ալեն Սիմոնյանը` Գագիկ Ծառուկյանին. «Հայաստանում իշխանությունը փոխում է մի սուբյեկտ` քաղաքացին, ոչ թե գործարար կամ ինչ-որ խումբ մարդիկ»
Իշխող քաղաքական ուժը վարչության նիստում քննարկել է կորոնավիրուսը Հայաստանում և դրա ազդեցությունը քաղաքական դաշտի վրա, այդ թվում` Գագիկ Ծառուկյանի վերջին հայտարարությունը:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ, «Քաղաքացիական պայմանագիր» վարչության անդամ Ալեն Սիմոնյանը` անդրադառնալով խմբակցության հրավիրած նիստին: Սիմոնյանի խոսքով` խմբակցության հերթական նիստի օրակարգում երեք-չորս հարց կար, որոնց շարքում նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և համանուն խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի` նախօրեին արված հայտարարությունը: Հիշեցնենք, որ Ծառուկյանն ասել էր, որ Կառավարության 100 տոկոսը պետք է փոխվի:
«Հայաստանում իշխանությունը փոխում է մի սուբյեկտ` քաղաքացին, ոչ թե գործարար կամ ինչ-որ խումբ մարդիկ: Դա Գագիկ Ծառուկյանի անձնական կարծիքն է, երբ ինքը համագործակցում էր ՀՀԿ-ի հետ և նման հայտարարություն անում, միգուցե ինչ-որ սակարկումների սկիզբ էր դնում, սա այդ դեպքը չէ: Մնացածի հետ կապված մենք կտեսնենք` ինչ կլինի քաղաքական կյանքում»,-ասաց ԱԺ փոխխոսնակը:
Ըստ նրա` Գագիկ Ծառուկյանի հայտարարությունն ինչ-որ առումով ուրախալի էր, քանի որ տեղի ունեցողը կարելի է բնորոշել որպես կոորդինատների ճշտում քաղաքական դաշտում:
«Հեղափոխությունը բոլորին հնարավորություն էր տվել զրոյական կետից սկսել, ովքեր օգտվեցին` օգտվեցին, ովքեր ոչ` ոչ: Մենք միշտ իմացել ենք, որ մեր միակ դաշնակիցը Հայաստանի քաղաքացիներն են, և երբևէ իրենց չենք դավաճանել ու շարունակելու ենք իրենց հետ աշխատանքը, իսկ մնացածը ճաշակի, քաղաքական հիշողության հարց է»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանն արձագանքել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը` կարծիք հայտնելով, որ պարոն Ծառուկյանը պարզապես մտահոգված է մի շարք քրեական գործերի ընթացքով, որոնք վերաբերվում են փողերի լվացմանը, ընտրակաշառք բաժանելուն, հարկերից խուսափելուն, կոռուպցիային:
Անդրադառնալով այս գրառմանը՝ Ալեն Սիմոնյանն ասաց, որ որևէ մեկը չպիտի թաքնվի քաղաքական գործչի կերպարում և այնպիսի ելույթներ ունենա, որ հետագայում քաղհալածյալի տպավորություն թողնի:
«Հայաստանում որևէ մեկի նկատմամբ քաղաքական դրդապատճառներով քրեական գործ չի հարուցվել ու չի կարող հարուցվել»,-վստահեցրեց նա:
Սիմոնյանի կարծիքով` համավարակի այս պայմաններում քաղաքական դիվիդենտներ շահելու գործընթացն այդքան էլ ճիշտ չէ:
Մեկնաբանել