HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Արտակարգ դրության խիստ սահմանափակումների շրջանում հանցագործությունները 42 %-ով նվազել են

Արտակարգ դրության խիստ սահմանափակումների շրջանում Հայաստանում հանցագործությունների թիվը նվազել է։ Մարտի 16-ից մինչև մայիսի 14-ը Հայաստանում գրանցվել է 1577 հանցագործություն։ 2019 թվականի նույն ժամանակահատվածում Հանրապետությունում արձանագրվել էր հանցագործության 2724 դեպք։ Այսինքն՝ արտակարգ դրության այս երկու ամիսներին հանցագործությունները նվազել են մոտ 42 %-ով։

Արտակարգ դրության սկզբից՝ մարտի 16-ից մինչև մայիսի 14-ը, տնտեսական գործունեության շատ ոլորտներ փակ էին, ինչով պայմանավորված՝ նվազել են սեփականության դեմ ուղղված հանցագործությունները։

Ոստիկանության՝ «Հետքին» տված վիճակագրությունը ևս վկայում է այդ մասին։ 2020 թվականի մարտի 16-ից մինչև մայիսի 14-ը նվազել են գողությունները՝ 2019թ․ նույն ժամանակահատվածի համեմատ։

Դրան հակառակ՝ ավելացել են սպանությունները և ավտոմեքենա վարելու իրավունքից զրկված կամ վարելու իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու դեպքերը։

Մարտի 16-ից մինչև մայիսի 14-ը Հանրապետությունում կատարվել է 19 սպանություն․ այս թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 4-ով ավելի է։ Փաստաբան Գևորգ Գյոզալյանի դիտարկմամբ՝ սպանությունների թվի հնարավոր նվազումը չէր կարող պայմանավորվեր արտակարգ դրությամբ․ «Սպանության չկատարումը սահմանափակումների հետ որևէ կապ չէր կարող ունենալ, այն որպես կանոն նախապես ծրագրված է լինում»,- նշեց նա։

Իսկ ավտոմեքենա վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված անձի կողմից ավտոմեքենա վարելու դեպքերը աճել են մոտ 9 անգամ (46 դեպք)։ Նախորդ տարվա նույն երկու ամիսներին գրանցվել էր այդպիսի 5 դեպք։

Արտակարգ դրության շրջանում կատարված 3 խոշոր հանցագործությունները

Արտակարգ դրության ժամանակ գողությունները չեն դադարել․ դրանք շարունակում են մնալ ամենատարածված հանցագործությունները։ Մարտի 16-ից մինչև մայիսի 14-ը Հայաստանում արձանագրվել է գողության 685 դեպք։ Այսինքն, այս երկու ամիսների հանցագործությունների թվի 43 %-ը բաժին է հասել գողություններին։

Սակայն 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ գողությունները նվազել են 398-ով (1083 դեպք

Մյուս ամենատարածված հանցագործության տեսակն է ծեծը։ Մարտի 16-ից մինչև մայիսի 14-ը հանրապետությունում ծեծելու կամ այլ բռնի գործողություններ կատարելու 187 դեպք է գրանցվել՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 240-ի փոխարեն։

Նշենք, որ 2019 թվականի մարտի 16-ից մինչև մայիսի 14-ը հանցագործությունների երկրորդ հորիզոնականը զբաղեցնում էին ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքային ծառայությունից խուսափելու դեպքերը։ Նախորդ տարվա այդ շրջանում գրանցվել էր այդպիսի հանցագործության 323 դեպք։

Արտակարգ դրության խիստ սահմանափակումների շրջանում հաճախ հանդիպող հանցագործություններից են եղել ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու դեպքերը։ Նման 67 դեպք է արձանագրվել՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 65-ով պակաս (132 դեպք

Ըստ փաստաբանի՝ մարդկանց սոցիալական վիճակի վատթարացումը էականորեն չի ազդի հանցագործությունների աճի վրա

Փաստաբան Գևորգ Գյոզալյանը բնական է համարում արտակարգ դրության շրջանում հանցագործությունների թվի նվազումը։ «Ամեն դեպքում խիստ սահմանափակումներ կիրառվեցին և, բնականաբար, այդ պայմաններում, օրինակ՝ ավտոմեքենաների մասերի գողությունը, բնակարանային գողությունները կնվազեր, քանի որ բոլորը տանն էին»,- «Հետքի» հետ զրույցում նշեց նա։

Գևորգ Գյոզալյանը կարծում է՝ սահմանափակումների շրջանում մարդկանց սոցիալական վիճակի վաթարացումը էական ազդեցություն չի ունենա սեփականության դեմ ուղղված հանցագործությունների աճի վրա։

Փաստաբանական իր փորձը դիտարկելով՝ Գևորգ Գյոզալյանը նկատել է, որ նախկինում կատարված հանցագործությունները եղել են առավել նպատակաուղղված գործողություններ, հատկապես՝ անձի դեմ ուղղված հանցագործությունների դեպքում։ 

Փաստաբանը նաև այն կարծիքին չէ, որ մարդու սոցիալական վատ վիճակը բերում է հանցագործության կատարման։ Ասում է՝ դրանով պայմանավորված՝ հանցագործության մի քանի դեպքեր կարող են լինել, բայց՝ ոչ համատարած։

«Ես հեռու եմ այն մտքից, որ մարդու սոցիալական վիճակը կարող է բերել հանցագործության կատարման։ Կարող է փոքր-ինչ վատ ապրելակերպը բերել հանցագործությունների թվի աճին, բայց ամբողջությամբ դրա հետ կապելը սխալ է, քանի որ եթե մարդը ներքուստ կարգապահ է, հակված չէ այդ հանցագործություն անելուն, դժվար կատարի այն»,- նշեց Գևորգ Գյոզալյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter