HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Կենտրոնում և Արաբկիրում բնակարան գնելիս եկամտային հարկի վերադարձի ծրագիրը կարող է չեղարկվել

Կառավարությունը մտադիր է Երևանի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում դադարեցնել նորակառույց բնակելի շենքերից բնակարան գնելու դեպքում եկամտային հարկի վերադարձի ծրագիրը:

Այս մասին այսօր խորհրդարանում` 2019 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկմանն ասաց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Նախարարը հիշեցրեց, թե այս ծրագիրն առհասարակ ինչու էր ընդունվել.

«2014 թվականի զարգացումների արդյունքում 2015-ին ուժի մեջ մտած փոփոխություններ են, ըստ էության երկրորդ ալիքն էր համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո, որից հետո բախվեցինք իրավիճակի, երբ մեր ռազմավարական գործընկերոջ` Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառվեցին, և այն իր ազդեցությունն ունեցավ նաև մեր տնտեսության վրա»,- ասաց նախարարը:

Հիշեցնենք, որ անմիջապես կառուցապատողից բնակարան գնելու դեպքում ֆիզիկական անձի վճարած եկամտահարկը հետ է փոխանցվում յուրաքանչյուր եռամսյակը մեկ: Սակայն գնված բնակարանի արժեքը չի կարող ավելին լինել 55 միլիոն դրամից, իսկ հիպոթեքային վարկի տոկոսագումարներին մեկ ամսվա ընթացքում առավելագույնը կարող է ուղղվել 500 հազար դրամ՝ անկախ նրանից վարկառուները կամ համավարկառուները քանիսն են:

Նրա խոսքով` ծրագրի ներդրմամբ նպատակ էր դրվել տնտեսական անկման ռիսկը մեղմել, քանի որ 2008-ին շինարարության ոլորտը 34-35 տոկոսով էր կատարվել:

Նախարարի խոսքով` ծրագիրը, ընդունվելուց հետո, որոշակի փոփոխությունների է ենթարկվել, քանի որ պարզ է դարձել` այն վերածվել է համեմատաբար բարձր եկամուտ ունեցող խավի համար ավելի լայն հնարավորությունների տարբերակի` հարկ չվճարելու:

«Դժվար է ասել, որ բնակարանային կարիքի համար է, քանի որ պենտհաուս ձեռք բերելու համար պետական բյուջեից մեծ մասնակցություն չպիտի ենթադրվի: Դա ժամանակավոր միջոցառում էր ենթադրվում, քանի որ կառուցապատումը գնահատվում էր որպես շահութաբեր ոլորտ, և բյուջեի մասնակցությունը կառուցապատման ոլորտին շատ ծանրակշիռ հիմնավորում պետք է ունենա: Դրանով պայմանավորված` ավելացվեց սոցիալական բաղադրիչ և ավելացան սահմանափակումներ` թե ընդհանուր սահմանաչափի, թե եկամտահարկի եռամսյակային գումարի վերաբերյալ»,- ասաց նախարարը` հավելելով, որ Կառավարության մտադրությունն է աստիճանաբար հրաժարվել այդ ծրագրից:

Ատոմ Ջանջուղազյանի խոսքով` շինարարությունը շահութաբեր ոլորտ է, և բացի այդ, այն ոչ արտահանելի է, ոչ էլ արտադրական, որոնք էլ Կառավարության հայտարարած առաջնահերթությունների շարքում են:

«Մենք ասել ենք` գնում ենք այն ճանապարհով, որ տնտեսական աճի արտահանմանը միտված մոդել ենք ընտրել և ծախս ենք անում ոչ արտահանելի հատվածում, մենք բարձր տնտեսություն ունենալու առաջնահերթություն ենք դրել և ծախս ենք անում ոչ արտահանելի հատվածում: Աստիճանաբար այս համակարգից հրաժարվելը մեր քաղաքականության ուղղությունն է: Շրջանառվում է նախագիծ, որը, կախված համատարած հայտարարագրման մեխանիզմից, կորոշենք առաջարկել խորհրդարանին, թե ոչ, դրա շրջանակներում Երևանի առաջին և երկրորդ գոտիների ծրագրի իրականացումը կդադարեցվի»,- ասաց նա:

Տեղեկացնենք, որ առաջին և երկրորդ գոտիներն ընդգրկում են Երևանի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջանները, որտեղ էլ բնակարանների կադաստրային ամենաբարձր արժեքն է:

Նախարարի խոսքով` սա տրամաբանական զարգացում է, քանի որ տնտեսության մեջ միանվագ մասնակցություն ունենալը հանգեցնում է բյուջեի համար երկարատև պարտավորությունների կատարման:

«Էն, ինչ առաջարկվում է համատարած հայտարարագրման տրամաբանության ներքո, հենց էն տոկոսների համար արվող ծախսերը հարկման բազայից նվազեցնելու մոտեցում է»,- ասաց նա:

Նախարարի խոսքով` եթե խորհրդարանի հետ քննարկումների արդյունքում որոշվի, որ պետությունը բյուջեի շրջանակում պետք է մասնակցի կառուցապատմանը, դա էլ է լուծում, կարելի է ֆինանսավորել, բայց պետք է գնահատել նաև, թե դրա դիմաց հանրությանն ինչ արդյունք է տրամադրվում:

«Արդյոք նպատակահարմար է պետական բյուջեից ֆինանսավորել 1000 քառակուսի մետր բնակարանի համար, որը գտնվում է նորակառույցի վերջին հարկում, եթե կգտնենք, որ նպատակահարմար է, կարող ենք շարունակել»,- ասաց նա:

Տեղեկացնենք, որ նորակառույց բնակելի համալիրների քառակուսի մետրի արժեքը այդ դեպքերում, ըստ հարկայնության, փոխվում է. որքան բարձր հարկում է բնակարանը, այնքան արժեքն ավելի բարձր է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter