HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մաշտոցի պուրակից՝ Տիգրան Սարգսյանին

ՀՀ վարչապետ պարոն Տ. Սարգսյանին

Հարգելի պարոն վարչապետ,

Արդեն մեկ ամսից ավելի է, ինչ շարունակվում է Երևանի Գլխավոր պողոտայի Մաշտոց-Կողբացի հատվածի հանրային կանաչ տարածքի սեփականության պաշտպանության մեր քաղաքացիական պայքարը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շարունակում է մեր հարցադրումներին ու պահանջներին տալ ոչ լիարժեք, միևնույն ժամանակ իրարամերժ պատասխաններ:

Մեկ ամիս անց` ս. թ. մարտի 13-ին, ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջից տեղեկացվում ենք, որ ս. թ. մարտի 15-ին նիստերի օրակարգում ընդգրկված է Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյանի հեղինակած ՀՀ կառավարության «Երևանի քաղաքապետին լիազորություն վերապահելու մասին» որոշման նախագիծ:

Համաձայն այդ նախագծի 3-րդ կետի` «Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված տարածքների նկատմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մաuին ՀՀ կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու պահից ոչ ուշ քան 3 տարվա ընթացքում Երևանի Մ.Մաշտոցի պող. N 22/1 հասցեում գտնվող զբոսայգում Երևանի ենթակայության «Կենտրոն-Կանաչապատում» փակ բաժնետիրական ընկերության կողմից տեղադրված տաղավարները ենթակա են ապամոնտաժման՝ «Հին Երևան»  քաղաքաշինական ծրագրի իրագործումն ապահովելու համար»:

Սույն նախագծի բովանդակությունը վկայում է, որ Երևանի քաղաքային և Հայաստանի գործադիր իշխանությունն այդպես էլ ՃԻՇՏ չեն ընկալել մեր` հանրության պահանջը Մաշտոցի պուրակի հարցում: 

Կրկին անգամ շեշտում ենք, որ վերը նշված տարածքում տաղավարների/կրպակների կառուցումն ու տեղադրումն ԱՊՕՐԻՆԻ է և հակասում է Երևանի գլխավոր հատակագծին: Մեր համոզմամբ Երեւանի գլխավոր հատակագծով և հայեցակարգով Կենտրոն վարչական շրջանի գոտիավորման նախագծով Գլխավոր պողոտայի հանրային կանաչ տարածքի Մաշտոցի պուրակի հատվածում Աբովյան պուրակից տեղափոխված առեւտրային նշանակություն ունեցող տաղավարների տեղադրում ներառող կառուցապատման որեւէ ծրագիր նախատեսված չէ:

Հետևապես արձանագրում ենք, որ քաղաքային իշխանության կողմից բացահայտ խախտված են`

1) ՀՀ կողմից 2001թ. վավերացված Օրհուսի կոնվենցիայի պահանջները` հասարակության մասնակցությունը կոնկրետ հարցերի կապակցությամբ որոշումներն ընդունելուն (Հոդված 6-րդ), հասարակության մասնակցությունը շրջակա միջավայրին առնչվող ծրագրերին, նախագծերին և քաղաքականությանը առնչվող հարցերի լուծմանը (Հոդված 7-րդ), հասարակության մասնակցությունը անմիջական կիրառման ուժ ունեցող նորմատիվ դրույթների և/կամ ընդհանուր կիրառում ունեցող իրավականորեն պարտադիր նորմատիվ ակտերի նախապատրաստման գործում (Հոդված 8-րդ):

2) Իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 27.1-ին հոդվածի 4-րդ մասի պահանջը` իրավական ակտի կարգավորման ազդեցության գնահատումը, ինչպես նաև այդ պահանջի հիման վրա ՀՀ կառավարության կողմից 25.03.2010թ. «Հանրային քննարկումների կազմակերպման և իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 296-Ն որոշման պահանջները,

3) ՀՀ հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի պահանջը,

4) «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 13-րդ, 14-րդ, 22.1 հոդվածի պահանջները,

5) ՀՀ կառավարության 28.20.1998թ. «Կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկման եւ հրապարակված քաղաքաշինական ծրագրերի ու նախագծերի քննարկմանը եւ որոշումների ընդունմանը հասարակայնության ներկայացուցիչների մասնակցության կարգը սահմանելու մասին» թիվ 660 որոշման պահանջները:

6) «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի «ժ» ենթակետի, 12-րդ հոդվածի պահանջները,

7) ՀՀ կառավարությունը 30.03.1999 «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ենթակա նախատեսվող գործունեությունների սահմանային չափերի մասին» թիվ 193 որոշման պահանջները,

8) ՀՀ կառավարության 02.05.2003թ. թիվ 625-Ն որոշման պահանջները` նախագծման առաջադրանքի կազմման, uխեմաների մշակման, փորձաքննության, համաձայնեցման ու հաuտատման նույն ընթացակարգերը,

9) ՀՀ կառավարության 24.09.2001թ. «Ոչ հիմնական շինությունների տեղադրման կարգը հաստատելու մասին» թիվ 896 որոշման պահանջները,

10) Հանրային կանաչ տարածքում կառուցապատման աշխատանքների իրականացման արդյունքում խախտվել են ՀՀ քաղաքաշինության նախարարի 23.05.2003թ. «ՀՀՇՆIII-9.02-02-03 «Արդյունաբերական կազմակերպությունների գլխավոր հատակագծեր» շինարարական նորմերի հաստատման մասնի» թիվ 32-Ն հրամանով հաստատված նորմերը, որոնք սահմանում են շինությունների հեռավորությունը ծառերից եւ ՀՀ քաղաքաշինության նախարարի 14.01.2008թ. «ՀՀՇՆI-3.01.01-2008 «Շինարարական արտադրության կազմակերպման աշխատանքների կատարում» շինարարական նորմերը հաստատելու մասին» 14.01.2008թ. թիվ 11-Ն հրամանով հաստատված նորմերը, որոնք սահմանում են աշխատանքների կատարման վերաբերյալ հասարակական իրազեկումը:

Բացի դրանից՝ հարկ ենք համարում մեկ անգամ ևս հիշատակել ՀՀ սահմանադրությամբ երաշխավորված այն իրավունքները, որոնք խախտվել են քաղաքային իշխանության կողմից, դրանք են`

1) Պետությունն ապահովում է շրջակա միջավայրի պահպանությունը և վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը (հոդված 10):

2) Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ապրելու իր առողջությանը և բարեկեցությանը նպաստող շրջակա միջավայրում, պարտավոր է անձամբ և այլոց հետ համատեղ պահպանել և բարելավել շրջակա միջավայրը (հոդված 33.2-րդ հոդված):

3) Մարդու և քաղաքացու առանձին հիմնական իրավունքներ ու ազատություններ, բացառությամբ Սահմանադրության 15, 17-22 և 42-րդ հոդվածներում նշվածների, կարող են օրենքով սահմանված կարգով ժամանակավորապես սահմանափակվել ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ՝ արտակարգ իրավիճակներում պարտավորություններից շեղվելու վերաբերյալ ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում (44-րդ հոդված):

Ելնելով վերոշարադրյալից, մեկ անգամ ևս հստակեցնում ենք մեր` հանրության մեկ ամիս շարունակվող բողոքի պահանջը, այն է` 

  • Մաշտոցի պուրակը հանդիսանում է հանրային տարածք` կանաչապատ գոտի, որից իրավունք ունի օգտվելու յուրաքանչյուր ոք, եւ կոչ ենք անում քաղաքային իշխանությանը ապամոնտաժել օրենսդրության պահանջների խախտումներով արդեն իսկ տեղադրված կրպակները: Մենք թույլ չենք տալու, որպեսզի այդ կրպակները շահագործվեն մեր` հանրային սեփականության իրավունքի խախտումների հաշվին:
  • Մենք շարունակում ենք մեր պայքարն այնքան ժամանակ, քանի դեռ դրանք չեն ապամոնտաժվել և պուրակը չի բերվել իր նախկին տեսքին և չի ծառայել իր նպատակին: Վերստին շեշտում ենք, որ Երևանի քաղաքային իշխանությունը հաշվետու է մեր՝ Երևան համայնքի բնակչության առջև և պարտավոր է խստորեն հետևել և անվերապահորեն կատարել ՀՀ օրենսդրության պահանջները:
  • Մաշտոցի պուրակի ձևափոխման և բարեկարգման ցանկացած նախագիծ այսուհետև ենթակա է հանրային լսումների և հանրության կողմից համաձայնության՝ մինչև այդ բարեկարգման ծրագրի իրականացումը: Թե քաղաքային, թե գործադիր իշխանությունը, որպես նորմատիվ իրավական ակտի նախագիծ մշակող մարմին, հանրային նշանակության քննարկման դրված հարցերի վերաբերյալ պետք է նախապես բացահայտի հանրային կարծիքը, այլընտրանքային տարբերակները, հնարավոր ծախսերի, օգուտների և հավանական ռիսկերի վերաբերյալ տեղեկությունների ստացումը և հասարակության մասնակցության ապահովումն այդ և իրավաստեղծ աշխատանքներում:

Այսպիսով, ելնելով վերը շարադրվածից պահանջում ենք ս. թ. մարտի 15-ի նիստի օրակարգից հանել կրպակների եռամյա ժամկետում ապամոնտաժելու մասին կետը և որոշմամբ ամրագրել ԱՆՀԱՊԱՂ ապամոնտաժելու դրույթ, և ոչ թե` ի գիտություն, այլ հստակ հանձնարարություն քաղաքային իշխանությանը, քանզի սույն որոշման ընդունմամբ ՀՀ կառավարությունն իր վերահսկողության տակ է վերցնելու տվյալ որոշման պահանջների կատարումը: 

Հարգանքով`

«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնություն
«Մեր քաղաքը» քաղաքացիական նախաձեռնություն

Մեկնաբանություններ (3)

susik
չենք հեռանա Մաշտոցի պողոտայից, Չենք դադարելու պայքարել, Մաշտոցի այգու համար Դու ծառա ես ընդամենը, որը էսօր իրան տիրոջ տեղա դրել, Տարոն Մարգարյան
Hovhanes-Karine
AYS ERKRUM ORENG EV ORINAKANUTYUN MENG ENG STEXTSELU MER APAGA EREXANERIN VOR AMEN OR TSNVUM EN HENTS MER MASHTOTSI PURAKUM TSNNDATAN@ MARGARYAN TSNNDATAN@ MENG ENG POXANTSELU PAYTSAR APAGAYI HERANKAR@ ANDZAMB IM EREXAYIN ES 22 TAREKAN EM U PAYGARELU EM, EV AMEN MI ERITASARD PETQ E DA LURJ @NDHUNI EV AJAKTSI MEZ , MER VAXVA MATAX SERNDI TIKUNK MENK ENK LINELU EV UZUM ENG APREL ORENGI ERKRUM ,EV CHENG UZUM LGEL MER TSNNDAVAYR@ ,MER PAPER DA CHEN KAROXATSEL ANEL HIMA MENG PETK E IRAKANADZNENQ AYS AMEN ,HAVATATSEK ETE CHPAYGARENG MEZ TEX CHEN TALU AYS OLIGARXA-PETAKAN -BRNAPETAKAN HAMAGARGUM APREL HNARAVOR CHE ARANDZ ORENGI...............SHNORHAGALUTYUN BOLOR NRANTS OVKER MEZ- EV MER KOXQIN EN
Armen
Մինչ Երևանի քաղաքացիները քնում են ցուրտ մարտյան բաց երկնքի տակ, գետնին, փորձելով պաշտպանել քաղաքը բոլորի համար, այդ քաղաքը վնասող կրպակների տերերը, որոնք նույնպես հայ են, երեխաների հետ հաճելի հանգիստ են անցկացնում Դուբայում, ծովի ափին: Այնտեղ հիմա հրաշալի եղանակ է, օդի ջերմաստիճանը գիշերը 21, ցերեկը 29, ջրի ջերմաստիճանը` 24: Տեղումներ այս շաբաթ չեն սպասվում: Հետաքրքիր կյանք է չէ?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter