HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատավոր Դավիթ Բալայանը կարճել է դատավոր Դավիթ Գրիգորյանի և վերջինիս նիստերի քարտուղարի վերաբերյալ քրեական գործի վարույթը

Դատավոր Դավիթ  Բալայանը կարճել է դատավոր Դավիթ Գրիգորյանի և վերջինիս նիստերի քարտուղար Գ․ Վ-ի վերաբերյալ քրեական գործի վարույթը։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Գրիգորյանի պաշտպաններից Երվանդ Վարոսյանը։

«Թեև որոշումը կատարելապես օրինական է և իրավական առումով որևէ այլ ակնկալիք լինել չէր կարող՝ ես, այնուամենայիվ, հաճելիորեն զարմացած եմ, որովհետև, ցավոք սրտի, Հայաստանում օրինական որոշում կայացնելու համար պետք է ոչ միայն գիտելիքների պաշար, այլ նաև խիզախություն։ Կարող եմ ասել, որ այս որոշումով նշանավորվեց այն, որ Հայաստանում արդարադատությունը չի մահանալու»,- մեզ հետ զրույցում ասաց Երվանդ Վարոսյանը։

Վերջինս անդրադարձավ նաև որոշման հիմնավորումներին։ Ըստ Երվանդ Վարոսյանի՝ դատարանը նշել է, որ  Դավիթ Գրիգորյանի նկատմամբ ի սկզբանե  իրականացվել է ապօրինի քրեական հետապնդում։

«Դատարանը գտել է, որ Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվել առանց Բարձրագույն դատական խորհրդի թույլտվության, և այդ պահից սկսված՝ իրականացված ամբողջ վարույթը ապօրինի է։ Դատարանը հաստատել է այն, ինչ ամիսներ շարունակ մենք պնդում էինք»,- ասաց  Երվանդ Վարոսյանը։

Սակայն սա որոշման միակ հիմքը չէ։ Դատավոր  Բալայանն անդրադարձել է նաև Գրիգորյանին ու Վարդանյանին առաջադրված մեղադրանքներին ու հանգել հետևության, որ նրանց վերագրվող արարքում գոյություն չունի հանցակազմ։

«Դատավորին վերագրված արարքը չի համապատասխանում քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով նախատեսված հանցակազմին, բացի այդ՝ դատարանը գտել է, որ եթե անգամ արարքը համապատասխաներ նշված հոդվածով  նախատեսված հանցակազմին, ապա տեղի չի ունեցել  հանցագործություն այն պարզ պատճառով, որ գոյություն չունի  հանրության համար վտանգավոր հետևանք»,- ասաց Երվանդ Վարոսյանը։

Նշենք, որ Դատավոր Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործը դեռևս նոր էր ուղարկվել դատարան։

Քրեական դատավարության օրենսգրքի  292-րդ հոդվածը սահմանում է, որ քրեական գործն իր վարույթ ընդունած դատավորը հետազոտում է գործի նյութերը և  այն վարույթ ընդունելու պահից 15 օրվա ընթացքում  կայացնում հետևյալ որոշումներից մեկը

  • դատական քննություն նշանակելու մասին.
    2. քրեական գործի վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին.
    3. քրեական գործի վարույթը կասեցնելու մասին.
    4. գործը մեղադրողին վերադարձնելու մասին.
    5. քրեական գործը լրացուցիչ նախաքննության վերադարձնելու մասին.
    6. գործն ըստ ընդդատության ուղարկելու մասին.
    7. ինքնաբացարկի մասին:

Տվյալ դեպքում, փաստորեն, դատավորը կայացրել է քրեական գործի վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը։

Դավիթ Գրիգորյանն այն դատավորն է, ում մակագրվել էր Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի և պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի վերաբերյալ քրեական գործի քննությունը։ Մեկ տարի առաջ՝ 2019 թվականի մայիսի 18-ին, Գրիգորյանը որոշել էր Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակել։ Դրանից երկու օր անց՝ մայիսի 20-ին, նա որոշում էր կայացրել Քոչարյանի և մյուսների վերաբերյալ գործի քննությունը կասեցնել ու դիմել Սահմանադրական դատարան։

Այս որոշումները կայացնելուց ամիսներ առաջ քաղաքացի Սերգո Փանոսյանը Գրիգորյանի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ հաղորդում է ներկայացրած եղել իրավապահներին, սակայն հաղորդման հիման վրա նախապատրաստվող նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է։ Հետագայում Սերգո Փանոսյանը բողոքարկել է քրգործի հարուցումը մերժելու վերաբերյալ որոշումը։

Քոչարյանի գործով Դավիթ Գրիգորյանի կայացրած որոշումներից կարճ ժամանակ անց գլխավոր դատախազը Սերգո Փանոսյանի բողոքի հիման վրա վերացրել է քրեական գործ չհարուցելու մասին որոշումը։ Կայացվել է պաշտոնեական կեղծիք կատարելու առթիվ քրեական գործ հարուցելու մասին որոշում։

Ըստ ՀՔԾ-ի տարածած հաղորդագրության՝ դատավոր Գրիգորյանին մակագրվել է 2018 թվականի սեպտեմբերին քաղաքացու կողմից քննիչի և դատախազի որոշումների դեմ բերված բողոք, և դատավորը, «պարտավոր լինելով բողոքի քննությունը սկսել այն ստանալու պահից տասն օրվա ընթացքում, բողոքի քննությունն այդ ժամկետում սկսված ցույց տալու, դատավարական ժամկետները պահպանված լինելու պատրանք ստեղծելու և այդ կերպ հետագայում աշխատանքում թերացման պատճառով հնարավոր իրավական ներգործության միջոցների կիրառումից զերծ մնալու անձնական դրդումներով, դատական նիստ կայացած չլինելու պայմաններում դատական նիստերի քարտուղար Գ․ Վ․-ի օժանդակությամբ կազմել է դատական նիստ անցկացնելու մասին կեղծ արձանագրություն»:

Ըստ ՔՀԾ-ի՝ արձանագրության մեջ կեղծ տեղեկություններ են մտցվել առ այն, թե իբր դատական նիստին չեն ներկայացել բողոքաբերը, քննչական կոմիտեի և դատախազության ներկայացուցիչները, որոնց չներկայանալու մասին դատարանն իբր տեղեկություններ չունի, և նշված հիմքով էլ դատական նիստը հետաձգվել ու նշանակվել է մեկ այլ օր:

Ըստ մեղադրանքի՝ Դավիթ Գրիգորյանի և վերջինիս նիստերի քարտուղարի կողմից կատարվել է ևս մեկ նմանատիպ արարք՝ մեկ այլ գործով։

Դավիթ Գրիգորյանը մի քանի անգամ հայտարարել է, որ ինքն անմեղ է և արդարացվելու է, ինչպես նաև, որ իր նկատմամբ քրեական հետապնդումն ապօրինի է սկսվել։

Լուսանկարում՝ ձախից՝Դ ավիթ Գրիգորյանը, Դավիթ Բալայան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter