HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Սկսվեց «Կոշ» քրեակատարողական հիմնարկի նախկին պետ Լյովա Բաղդասարյանի և մյուսների գործի քննությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Մեսրոպ Մակյանի, այսօր սկսվեց «Կոշ» քրեակարատողական հիմնարկի նախկին պետ Լյովա Բաղդասարյանի և մյուսների վերաբերյալ գործի քննությունը, որը վերաբերում է 700 հազ. դրամ կաշառք ստանալուն, պաշտոնեական կեղծիք կատարելուն և պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ խոշոր չափի յուրացում կամ վատնում կատարելուն։

Ըստ մեղադրանքի՝ Լյովա Բաղդասարյանը, 2015 թվականի մարտի 23-ից զբաղեցնելով Արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնը, նշված հիմնարկում ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալների ռեժիմի խախտման դեպքերը չարձանագրելու, շրջանառությունն արգելված իրեր հայտնաբերելուն ուղղված միջոցառումներ չիրականացնելու, որոշ դատապարտյալների համար արտոնյալ պայմաններ ստեղծելու համար 2019թ․ սեպտեմբերի 17-ին Նորք-Մարաշ վարչական շրջանի Արմենակյան փողոցի 197 հասցեում գործող ավտոլվացման կետում ստացել է խոշոր չափերով՝ 700․000 դրամ կաշառք, որից հետո բերման է ենթարկվել ԱԱԾ աշխատակիցների կողմից։

Ըստ քրեական գործի՝  վերը նշված գումարը հավաքագրվել է քրեական հեղինակություն վայելող, այսպես կոչված՝ «զոն նայող» դատապարտյալ Հայկ Կարապետյանի, ինչպես նաև ՔԿՀ-ի նախկին դատապարտյալ Արսեն Հովհաննիսյանի կազմակերպմամբ։ Ըստ գործի՝ գումարը հենց Հովհաննիսյանի միջոցով է փոխանցվել Բաղդասարյանին։

Գործով ամբաստանյալի կարգավիճակ ունեն նաև Հայկ Կարապետյանն ու Արթուր Հովհաննիսյանը։

Այսօր Հովհաննիսյանի պաշտպան Լուսինե Զեյնալյանը դատարան չէր ներկայացել, նիստի սկսվելուց րոպեներ առաջ գրություն էր ուղարկել դատարան, որով հայտնել էր, որ հարազատը մահացել է, որի պատճառով չի կարող ներկայանալ։

Դատարանը նիստը հետաձգելուց առաջ ամբաստանյալներից ճշտեց վերջիններիս ինքնությունը, անդրադարձավ նիստի լուսաբանման, դատախազի նկատմամբ բացարկի հարցերին։

Դատավարության մասնակիցներից միայն մեկը՝ ամբաստանյալ Հայկ Կարապետյանն առարկեց տեսանկարահանման դեմ, դատարանը որոշեց տեսանկարահանումը թույլատրել, բայց այնպես, որ Կարապետյանը չտեսանկարահանվի։

Ամբաստանյալների ինքնությունը ճշտելու փուլում 62-ամյա Լյովա Բաղդասարյանը հայտնեց, որ ծնվել է Վրաստանի Հանրապետությունում, ազգությամբ հայ է, ՀՀ քաղաքացի, այս պահին թոշակառու է, խնամքին անձինք չունի, ունի մի շարք հիվանդություններ։

Նրա հիվանդությունների վերաբերյալ դատարանում փաստաթղթեր չկային, պաշտպան Հրանտ Անանյանը նշեց, որ հետագայում կներկայացնեն այդ փաստաթղթերը։

Նշենք, որ Բաղդասարյանը կալանավորված է եղել, սակայն հետագայում գրավի դիմաց ազատ է արձակվել։

Ամբաստանյալ Հայկ Կարապետյանը, որը մեղադրվում է խոշոր չափով կաշառք տալու մեջ, հայտնեց, որ նախկինում դատապարտված է եղել 10 տարի, 9 ամիս ժամկետով ազատազրկման՝  սպանություն կատարելու համար, ունի միջնակարգ կրթություն, ամուսնացած է, խնամքին ունի 4 տարեկան տղա, ունի առողջական խնդիրներ, որոնց մասին տեղեկություններ կան դատական գործում։ Կարապետյանն այս պահին կալանքի տակ է։

Արթուր Հովհաննիսյանը, որը մեղադրվում է  կաշառք տալուն օժանդակելու մեջ, նախկինում դատապարտված է եղել 8 տարի ժամկետով ազատազրկման՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու համար։ Հետագայում Հովհաննիսյանը պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել, խնամքին ունի երկու անչափահաս երեխա։ Արթուր Հովհաննիսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը։

 Ինչպես պարզվեց, Հովհաննիսյանն, ամենայն հավանականությամբ, Հայաստանում հայտարարված արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ չի ստացել իր իրավունքների և պարտականությունների պարզաբանման վերաբերյալ հուշաթերթիկը։ Դատավոր Մեսրոպ Մակյանը հայտնեց, որ այն նախկինում ուղարկվել է Հովհաննիսյանին, սակայն վերադարձվել է, ուստի հուշաթերթիկն այսօր հանձնվեց ամբաստանյալին։ 

Գործով մեղադրանքը պաշտպանում է գլխավոր դատախազության Հատուկ քննչական ծառայության մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Վահագն Պողոսյանը, նրա նկատմամբ բացարկի միջնորդության հիմքեր չկային։

Դատարանը հետաձգեց նիստը մինչև  հունիսի 22-ը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter