HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». Միասնական ընտրական շտաբի ստեղծմամբ կխուսափենք ընտրակեղծարարությունից

«Հայացքի» հյուրն է Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը

- Պարոն Հովհաննիսյան, առաջիկա ընտրությունների վերաբերյալ ի՞նչ կանխատեսումներ ունեք:

- Կա՛մ շատ լավ է լինելու, կա՛մ շատ վատ. միջին վիճակ չի լինի: Կա՛մ ընտրությունները կանցնեն իսկապես ազնիվ և հնարավորություն կտան ստեղծելու քաղաքական ուժերի համագործակցության նոր որակ, կա՛մ ընտրությունները հերթական անգամ կկեղծվեն, և կսպասվեն չափազանց ծանր հետևանքներ:

- Ընտրակեղծարարություններն անխուսափելի՞ են:

- Եթե մենք ընկրկենք, տեղի տանք Հանրապետական կուսակցության կողմից ղեկավարվող այսօրվա տրամադրություններին, եթե կուսակցությունները չկարողանան համախմբվել և ՀՀԿ-ին պարտադրել մասնակցել միասնական շտաբի ձևաչափի աշխատանքներին, որի շրջանակներում կլուծվեն շատ խնդիրներ, ընտրակեղծարարություններից չենք խուսափի:

- Իսկ արդար ընտրությունների հավատ դեռ ունի՞ քաղաքացին:

- Հավատը դատարկ տեղում չի ստեղծվում. հավատը ստեղծվում է այն դեպքում, երբ իշխանությունները բարի կամք են դրսևորում և հստակ ազդանշաններ ուղղելով հասարակությանը` ցույց են տալիս, որ ընտրությունների կազմակերպման գործում իրենք պատրաստ են առաջնորդվել ազնվության չափանիշներով:

- Այս ընտրություններն ինչո՞վ կտարբերվեն նախորդներից:

- Այս ընտրությունները նախորդներից կտարբերվեն, եթե իրականություն դառնա մեր նախաձեռնությունը, և գործնականում ձևավորվի հանրային վերահսկողության միջկուսակցական միասնական ընտրական շտաբ: Դա հնարավորություն կտա կուսակցությունների համագործակցության միջոցով ապահովել ընտրությունների նոր որակ, քանի որ իշխանությունների վրա հույս դնել չի կարելի. նրանց պետք է պարտադրել նոր որակի ընտրությունների անցկացում: Հակառակ դեպքում ընտրությունները կնմանվեն նախորդներին, այն տարբերությամբ, որ այսօր մեր տարածաշրջանի շուրջ զարգացումները շատ ավելի բարդ ու պայթյունավտանգ են, քան 2003-ին և 2007-ին:

- Հանրային վերահսկողության ի՞նչ մեխանիզմներ պետք է ներդրվեն արդար ընտրությունների անցկացման համար:

- Նման ծանր սոցիալ-տնտեսական ճգնաժամի, արտաքին քաղաքական մարտահրավերների պայմաններում պետք է ստեղծել քաղաքական ուժերի համագործակցության մշտապես գործող կլոր սեղան, որին մասնակից կդառնան նաև քաղաքացիական սեկտորի ներկայացուցիչները, հանրային հեղինակությունները, ովքեր միասնաբար կփորձեն հետևել ընթացիկ քաղաքական իրադարձություններին և կարձագանքեն դրանց: Վերահսկողության մեխանիզմներից են միասնական ընտրական շտաբի ստեղծումը, ինչպես նաև ընտրացուցակների ստուգումը: Իշխանությունները բոլոր քաղաքական ուժերի հետ համատեղ պետք է զննեն ընտրացուցակները և մաքրեն մեռյալ հոգիներին: Երբ կուսակցությունները հաստատեն այն ընտրացուցակը, որն արժանահավատ է, այդ դեպքում, համոզված եղեք, ընտրությունների արդյունքները կդառնան արժանահավատ նաև մեր քաղաքացիների համար:

- Իսկ ինչպիսի՞ն է քաղաքացիական ակտիվությունը:

- Այսօր դեռ չկա քաղաքացիական ակտիվության բարձրացում: Դա հնարավոր է միայն միասնական շտաբ ստեղծելու դեպքում: Քաղաքացիական ակտիվության բարձրացմանը կնպաստի նաև ընտրությունների ինստիտուտի նկատմամբ հավատը: Ցավոք, ընտրությունների ինստիտուտը մեզանում վարկաբեկված է:

ԼԻԼԻԹ ՎԱՀԱՆՅԱՆ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter