HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». Հայաստանում առանց «կռիշի» չես կարող գործ սկսել

Հարցազրույց ՆՕԿԻ հայ-ամերիկա-գերմանական համատեղ ձեռնարկության հիմնադիր, գերմանահայ գործարար Հրայր Խոսրավյանի հետ

- Պարոն Խոսրավյան, ՆՕԿԻ-ն որքա՞ն ժամանակ է գործում Հայաստանում:

- Մեր ձեռնարկությունը հիմնադրվել է 20 տարի առաջ: 1991 թ. ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի հրավերով եկա Հայաստան, իսկ 1991-92 թթ. գերմանական և ամերիկյան կապիտալով հիմնեցի դեղերի արտադրություն (այսօր այն գործում է Խարբերդում) և առ այսօր զբաղվում եմ այդ գործով: Ձեռնարկությունն արտադրում է ցավազրկողներ, հակաբորբոքիչներ և վիտամիններ:

- Ձեր արտադրանքը միայն ներքին շուկայի՞ սպառման համար է:

- Հիմա արդեն այո, ու թեև դժվարություններ շատ կան, սակայն փորձում եմ ընդլայնել արտադրությունը:

- Ուրեմն զբաղվել եք նաև արտահանմա՞մբ:

- Իհարկե, սակայն ինչ-ինչ պատճառներով դադարեցրել եմ արտահանել, քանի որ այդ դաշտը հստակ չէ, նաև ինձ համար ոչ այնքան հասկանալի: Թեև էկոնոմիկայի նախարարությունը հավաստիացնում է, թե մի շարք ոլորտներում (դեղագործություն, կոնյակի արտադրություն) նոր ծրագրեր են մշակվում արտադրության ընդլայնման նպատակով, սակայն մենք, որպես անկախ կազմակերպություն, բազմաթիվ դժվարությունների ենք հանդիպում: Հայաստանը գործում է կոմունիստական մտածելակերպով, մինչդեռ Վրաստանում և Ռուսաստանում ներքին արտադրողներին բավականին արտոնություններ տրվեցին: Այդպես էլ պետք է լիներ, քանի որ նա՛ է աշխատատեղ ու տեխնոլոգիա ստեղծում, այն դեպքում, երբ ներկրողը միայն զբաղված է ներկրմամբ ու վաճառքով, և նրան ամենևին չի մտահոգում աշխատատեղի խնդիրը:

- Հայաստանում ի՞նչ դժվարությունների եք հանդիպում:

- Եթե որևէ կուսակցության լիդերի կամ պատգամավորի ձեռնարկություն չէ, ապա դժվարություններն անխուսափելի են: Մաքսային մարմինների հետ նույնպես խնդիրներ կան. այնտեղ էլ գումար են պահանջում կամ պարտադրում են աշխատել մաքսային բրոքերի հետ, որոնք էլ իրենց պահանջներն են ներկայացնում: Կան խնդիրներ` կապված դեղերի գրանցման ընթացակարգի հետ: Օրինակ` Վրաստանում դեղի գրանցման վճարը 350 դոլար է, մինչդեռ Հայաստանում` 300 հազար դրամ (շուրջ 800 դոլար): Տեսնո՞ւմ եք տարբերությունը: Նկատել եմ, որ այստեղ դեղերի արտադրությունը չի խրախուսվում, քանի որ ներկրումն ավելի շահութաբեր է:

- Սակայն Հայաստանում քիչ չեն դեղարտադրող կազմակերպությունները, որոնք հաջողությամբ գործում են:

- Գիտե՞ք, հաջողություն ունեն միայն նրանք, որոնք հովանավորներ ունեն: Երբ առաջին անգամ եկա Հայաստան և ծանոթներիս հայտնեցի ձեռնարկություն հիմնելու մտադրության մասին, նրանք ասացին, որ առանց «կռիշի» չես կարող գործ սկսել: Ես զարմանում էի, քանի որ չէի հասկանում, թե ինչ ասել է «կռիշ», բայց հիմա արդեն հասկանում եմ: Քանի որ անկախ կազմակերպություն ենք և Հայաստանի դեղարտադրողների և ներմուծողների ասոցիացիայի անդամ չենք, մեր իրավունքներն այնտեղ ներկայացված չեն: Իսկ տեղական արտադրողի և ներկրողի իրավունքներն ու շահերը չեն կարող նույնը լինել, թեև պետք է այդպես լիներ:

- Իսկ ի՞նչ կարծիքի եք տեղական արտադրողների մասին:

- Ինքս 30 տարվա դեղագործ եմ և կարծում եմ, որ բարեխիղճ ու բանիմաց դեղարտադրողը չի հանդուրժի, որ թերի արտադրանքը շուկա մտնի: Տարիներ շարունակ մարդիկ ցանկանում էին ինձանից իմանալ այս կամ այն դեղի տեխնոլոգիան, և ես սիրահոժար հայտնում էի: Երբ ոմանք հարցնում էին, թե ինչու եմ վաճառում տեխնոլոգիան, պատասխանում էի, որ դրանով զարկ եմ տալիս մրցակցությանը, առանց որի զարգացում չի լինի: Այստեղ ևս կան բարեխիղճ դեղարտադրողներ:

- Այդ դեպքում ինչո՞ւ է դեղերի շուկան ողողված կեղծ դեղերով:

- Դրանք մեծամասամբ դրսից, սև շուկայից բերված դեղեր են, որոնց մուտքը պետք է կանխել պետական մակարդակով:

ԱՆՈՒՇ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter