HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». «Վեգան» ու «Նորվիկը» մոլորեցնում են հաճախորդներին

«Վեգա» կենցաղային տեխնիկայի խանութի հետ համագործակցող «Նորվիկ» վարկային կազմակերպությունը մարդկանց բջջային հեռախոսներին այս օրերին ակտիվորեն հաղորդագրություններ է ուղարկում` կոչ անելով գնումներ կատարել «Վեգայից»: Հաղորդագրությունում նշվում է հետևալը. «Հարգելի «Նորվիկի» հաճախորդ, մինչև ապրիլի 7-ը «Վեգա» խանութներում ձևակերպեք ապառիկ տեղում, միայն անձնագրով, և ստացեք նվեր»: «Վեգան» էլ իր հերթին է հաղորդագրություններ ուղարկում` մարդկանց անուն-ազգանունները հաղորդագրությունում նշելով և տեղեկացնելով, որ հաճախորդները կարող են առանց կանխավճարի և առանց աշխատանքի վայրից տեղականք բերելու ապառիկ պայմաններով ապրանք վերցնել: Երբ մարդիկ հաղորդագրությունում նշված հեռախոսահամարով զանգահարում են խանութ, այնտեղից հաստատում են, որ 0% կանխավճարով և առանց աշխատավարձի մասին տեղեկանքի կարող են ապառիկ ձևակերպել:

Սակայն պարզվում է, որ այս ակցիայի կազմակերպիչները ոչ թե մարդասիրական նպատակներ են հետապնդում, այլ խաբեությամբ հնարավորինս շատ հաճախորդներ են փորձում ներգրավել:

«Հայացքը» «Վեգայի» հաճախորդներից ստացել է բողոքներ այն մասին, որ մարդկանց կանչում են խանութ, ժամերով սպասեցնում, իսկ վերջում համակարգչային ծրագիրը որոշում է, որ ապառիկն առանց կանխավճարի կամ առանց աշխատանքի վայրից տեղականքի հնարավոր չէ ձևակերպել:

«Եթե այդպես է, էլ ինչո՞ւ են մարդկանց խաբում, մոլորության մեջ գցում, հասցնում խանութ, ու վերջում պարզվում է, որ կանխավճար կամ աշխատավայրից տեղեկանք պետք է բերենք»,- բողոքեց հաճախորդներից մեկը: Նրա խոսքով` օրերս խանութում իրենք ընտրել են իրենց ցանկացած ապրանքը, մոտ 2 ժամ սպասել, որ ձևակերպեն, սական «Վեգայի» աշխատակիցները, կապվելով «Նորվիկի» հետ, պարզել են, որ անհրաժեշտ է տեղեկանք աշխատանքի վայրից և կանխավճար:

«Վեգա գրուպի» տնօրեն Մարինա Պողոսյանը պատասխանատվությունը «Նորվիկի» և իրենց հետ համագործակցող բանկերի վրա գցեց: Ըստ նրա` բանկերն են «հրավիրում» հաճախորդներին, բանկերն էլ մերժում են տարբեր պատճառաբանություններով: «Խանութի խնդիրը չի դա: Մենք մի շարք բանկերի հետ ենք համագործակցում, նրանք են հրավիրում հաճախորդներին: Մենք ասում ենք, որ կարող են մեզ մոտ գնումներ կատարել, բայց երբ հաճախորդը գալիս է, պարզվում է, որ նա վարկեր, պարտքեր և գրավադրված ոսկի ունի, բանկերը մերժում են: Խանութը ոչինչ չի կարող անել»,- ասաց նա: Այնուհետև Մարինա Պողոսյանը սկսեց թվարկել, թե ինչպիսին պետք է լինի իրենց խանութի հաճախորդը. «Հաճախորդը պետք է կարգապահ լինի, պարտքեր չունենա»: Ըստ նրա` «SMS-ը չի կարող ֆիլտրել պարտաճանաչ հաճախորդներին»: «Եթե մեկ հոգի դժգոհ է, ապա 50 հոգի բավարարված է գնում մեր խանութից»,- ընդգծեց «Վեգա գրուպի» տնօրենը:

Մեզ դիմած հաճախորդներից մեկը թեև մյուս բանկերում չունի վարկային պարտավորություններ և գրավադրված ոսկի, սակայն նրանից էլ «Նորվիկը» պահանջել է կանխավճար և տեղեկանք աշխատավայրից: Վարկային կազմակերպությունից փորձեցինք պարզել, թե ինչո՞ւ իրենց հաղորդագրությունները չեն համապատասխանում իրականությանը: «Մենք 0%-ից սկսած կանխավճար ենք սահմանում, չենք ասում, որ առանց կանխավճարի ենք գործարք կնքում: Կոնկրետ այդ հաճախորդը գրանցված աշխատող չէ, դրա համար էլ նրանից 15% կանխավճար ու աշխատաքի վայրից տեղեկանք ենք ուզել: Եթե մարդը նորմալ գրանցված աշխատող է, թուղթ պետք չի»,- պարզաբանեց «Նորվիկ» վարկային կազմակերպության ապառիկ վարկավորման մասնագետ Կարինե Վարդանյանը: Ըստ նրա` միայն անձնագրով ներկայանալը վերաբերում է միայն գրանցված աշխատողներին: Իսկ թե ինչո՞ւ այդ մասին հաղորդագրությունում չի նշվում, թե ինչո՞ւ են «Վեգա» զանգահարողներին հավաստիացնում, որ 0% կանխավճարով և առանց աշխատավարձի մասին տեղեկանքի կարող են ապառիկ ձևակերպել, այդպես էլ չմեկնաբանեցին: Իսկ շատ հաճախորդներ չիմանալով այդ մասին` գայթակղվում, գնում են SMS-ի հետևից և քայքայում իրենց նյարդերը` իրենց խաբված զգալով:

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter