HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Համաճարակն ընդհատեց «Դալի և Պիկասո» նախագծի ցուցադրությունը

Ազգային պատկերասրահը չի գործում արտակարգ դրություն հայտարարելու առաջին օրվանից

Հայաստանի ազգային պատկերասրահը գարնանը 20-րդ դարի կերպարվեստի խոշորագույն արվեստագետների՝ Սալվադոր Դալիի և Պաբլո Պիկասոյի ստեղծագործությունները վայելելու բացառիկ հնարավորություն էր ընձեռել արվեստասերներին: Սակայն, ցուցադրությունն ընդամենը 4 օր տևեց: Կորոնավիրուսի համաճարակի պատճառով, մարտի 16-ից երկրում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված, դադարեցվեց նաև պատկերասրահի գործունեությունը:

«Դալի և Պիկասո» նախագծի ցուցադրության բացումը տեղի ունեցավ մարտի 7-ին և տևելու էր մինչեւ ապրիլի 26-ը: Ներկայացված էր «Искусство Наций» հիմնադրամի նախագահ, մեկենաս և հավաքորդ Ալեքսանդր Շադրինի մասնավոր հավաքածուից 260 ստեղծագործություն (քանդակ, գրաֆիկա, խեցեղեն):

Ազգային  պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը «Հետք»-ին հայտնեց, որ ցուցադրության 4 օրերին մարդկանց ակտիվ հոսք կար, հետաքրքրությունը մեծ էր: Այնուհետև թանգարանի աշխատանքը դադարեցվեց, բայց ցուցանմուշները չեն հավաքել, որովհետև դրանք չեն կարողանում վերադարձնել: Հավաքածուի սեփականատերերը Ռուսաստանում են, իսկ ճանապարհը փակ է:

Սահմանված ժամկետից այսքան երկար ցուցանմուշները պահելը, բնականաբար, լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ է առաջացնում, որովհետև դրանք որոշակի ժամանակով էին տրամադրվել: Մեր հարցին, թե հավաքածուի սեփականատերերը հաշվի առնո՞ւմ են ֆորս մաժորային իրավիճակը, պրն Ծատուրյանը հայտնեց, թե դեռ կարողանում են հարցը կարգավորել, նրանք զիջումներ անում են:

Տնօրենը հայտնեց, որ նախագիծը ֆինանսական հովանավորներ է ունեցել, հակառակ դեպքում երբեք չէին կարողանա այդ ցուցադրությունը կազմակերպել: Մտածում էին, որ ցուցադրությունը կփոխհատուցեր կատարված ծախսերը: Սակայն արդեն երրորդ ամիսն է, ինչ մշակութային հիմնարկները փակ են:

Ա. Ծատուրյանը դիմել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍ)՝ խնդրելով թույլատրել պատկերասրահի գործունեությունը՝ խիստ ռեժիմ սահմանելով: «Նամակում գրել եմ, եթե մոլերին թույլ եք տվել աշխատել, պատկերասրահին էլ թույլատրեք՝ թող մարդիկ մեկ-մեկ գան դիտելու, հեռավորությունը պահելով»,- տեղեկացրեց տնօրենը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը հայտնեց, որ մի քանի թանգարանների և մարզային գրադարանների աշխատանքը վերսկսելու թույլտվություն ստանալու համար դիմել են պարետատուն: Թանգարանների համար առաջարկել են այցելությունները թույլատրել խիստ ռեժմային տարբերակով, առցանց գրանցումով:

Մարզային գրադարանների համար առաջարկել են թույլատրել աշխատանքները մեկ պատուհանի սկզբունքով՝ գրքերը հանձնելուց և ընդունելուց ախտահանման կանոնները պահպանելով:

«Շատ ենք ուզում, որ բացվեն, որովհետև դա խիստ անհրաժեշտ է այդ հիմնարկների համար և՛ մշակութային, և՛ ֆինանսական առումով: Բայց առողջապահական առումով շատ ավելի կարևոր է և պետք է ենթարկվենք պարետի ցուցումներին»,- ասաց Ն. Խաչատուրյանը:

Արման Ծատուրյանը հայտնեց, որ այս ընթացքում մաքրել են պատկերասրահի պատերը: Հավաքածուի սեփականատերերի հետ բանակցում են ցուցադրության ժամկետը մեկ ամսով երկարացնելու համար: Կառավարությունը, եթե թույլատրի իրենց գործունեությունը՝ հավաքածուի սեփականատերերին կհամոզեն ժամկետը երկարացնել:

Ազգային պատկերասրահի տնօրենն ափսոսանք հայտնեց իրենց ձախողված ծրագրերի համար: «Դալի և Պիկասո» նախագծի ցուցադրությունից հետո ծրագրում էին Վինսենթ Վան Գոգի նկարների 3D ձեւաչափով ցուցադրությունը կազմակերպել, որը խափանվեց:

«Դալի և Պիկասո» նախագծի հեղինակները հայտնում են, որ ցուցադրության ներկայացված հավաքածուն Ալեքսանդր Շադրինը համալրել է 15 տարիների ընթացքում: Այն Դալիի ստեղծագործությունների խոշորագույն և Պիկասոյի խեցեգործական աշխատանքների ամենաներկայանալի հավաքածուներից է աշխարհում և ներկայացվել է բազմաթիվ երկրներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter