
Փոխհատուցել զինծառայողի՝ ծառայության վայրում բնակարանի վարձակալության նոտարական և պետական գրանցման ծախսերը. նոր նախագիծ
Պաշտպանության նախարարությունը (ՊՆ) նախատեսում է փոխհատուցել նաև զինծառայողների՝ ծառայության վայրում բնակելի տարածություն վարձակալելու պայմանագրի նոտարական հաստատման և պետական գրանցման համար կատարած ծախսերը:
«Զինվորական ծառայության առանձնահատկություններով պայմանավորված՝ յուրաքանչյուր տարի իրականացվում է զինծառայողների պլանային փոխարինումներ։ Արդյունքում քիչ չեն դեպքերը, երբ զինծառայողը դադարեցնում է նախկին ծառայության վայրում կնքված պայմանագիրը, ինչպես նաև կրկին նախաձեռնում նոր ծառայության վայրում պայմանագրի կնքման գործողություններ՝ կատարելով նաև դրա համար անհրաժեշտ ծախսեր։ Դա հանգեցնում է զինծառայողների շրջանում դժգոհությունների, ինչպես նաև ազդում սոցիալական վիճակի վրա»,- ներկայացված նախագծում հայտնել է պաշտպանության նախարարությունը։
ՊՆ-ի փոխանցմամբ՝ օրինակելի ձևով կնքված բնակելի տարածության վարձակալության պայմանագրի ներկայացումը, նոտարական հաստատման և պետական գրանցման ծախսերը կազմում են միջինը 40 հազար դրամ:
Որոշման նախագծի ընդունումը Պաշտպանության նախարարության համակարգում կհանգեցնի տարեկան մոտ 16 մլն դրամի չափով ծախսերի ավելացման, քանի որ տարեկան ՊՆ համակարգում բնակելի տարածության վարձակալության պայմանագիր կնքում են միջինը 400 զինծառայող և նրանց հավասարեցված անձինք:
«Բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է ապահովելու զինծառայողների բնակարանային ապահովության իրավունքի իրացման ամբողջական և զինծառայողների շահերից բխող գործընթացը»,- նշել է Պաշտպանության նախարարությունը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել