HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Սարդարապատի ավագանին անհատույց, 99 տարով, խորքային հոր և ենթակայան է հատկացրել համայնքապետի որդուն

Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքի ավագանին մայիսի 27-ին որոշել է իր համաձայնությունը տալ համայնքի սեփականությունը հանդիսացող 100 ԿՎԱ հզորության Ե-7478 ենթակայանը և արտեզյան հորը 99 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել անհատ ձեռնարկատեր Կորյուն Վարդանյանին: Իսկ Ե-5320 ենթակայանը և արտեզյան հորը նույն պայմաններով և ժամկետով տրամադրվել է «Պարկ-Սանֆրուտ» ՍՊԸ-ին:

Նման առաջարկությամբ համայնքի ավագանուն դիմել է համայնքի ղեկավար Բաբկեն Վարդանյանը: Ավագանին կողմ է արտահայտվել միաձայն՝ 7 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ:

1-01.jpg (125 KB)

Նշենք, որ անհատ ձեռնարկատեր Կորյուն Վարդանյանը համայնքապետ Բաբկեն Վարդանյանի որդին է: Վերջինիս ԱՁ-ն հաշվառվել է 2019թ. մարտի 1-ին: 

Ավագանու կողմից հատկացված խորքային հորի տարածքում Կորյուն Վարդանյանն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեություն, հորն էլ օգտագործում է հենց այդ արտադրամասի կարիքների համար: Արտադրում են կոյուղու համար նախատեսված բետոնե խողովակներ:

Սարդարապատի համայնքապետ Բաբկեն Վարդանյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ մինչև խորքային հորի անցկացումը որդու արտադրամաս ջուրը բերել են ցիստեռներով:

«Իմ որդին մեղավոր չի, որ իր հայրը համայնքի ղեկավար է, ինքն էլ ուզում է արտադրություն հիմնել: Բայց իմ որդու փոխարեն, որ ուրիշն էլ գար, նման լավ առաջարկություն աներ, կտայի իրեն»,- նշում է Բ. Վարդանյանը:

Իսկ «Պարկ-Սանֆրուտ» ՍՊԸ-ն պետռեգիստրում գրանցվել է այս տարվա մայիսի 6-ին: Հիմնադիրը նույն համայնքի բնակիչ Հայկ Մարգարյանն է: Նա խորքային հորի տարածքում ձեռք է բերել 1 հա տարածք և կառուցելու է չրանոց և ջերմատներ:

Համայնքի ղեկավարն ավելացրեց, որ ավագանու որոշումով անհատույց տրամադրված էլեկտրական ենթակայաններն իրենց ուժերով տեղադրել են Կորյուն Վարդանյանն ու «Պարկ-Սանֆրուտ» ՍՊԸ-ի հիմնադիրը, պարզապես դրանք գտնվում են համայնքապետարանի հաշվեկշռում:

Բաբկեն Վարդանյանն ասաց, որ համայնքում նմանատիպ 26 խորքային հոր կա, որից շահագործվում է 14-ը: Խորքային հորերից 4-ն օգտագործվում է համայնքի բնակիչներին խմելու ջուր մատակարարելու համար, 8-ը օգտագործվում է ոռոգման նպատակով, դրանցից 2-ն էլ ավագանու վերը նշված որոշումներով հատկացվել է Կորյուն Վարդանյան ԱՁ-ին և «Պարկ-Սանֆրուտ» ՍՊԸ-ին:

«Մնացածն ամբողջովին թալանված, կիսաքանդ վիճակում են: Դա եղել է 1990-ականներից այս կողմ: Հիմա մեր համայնքի բնակիչների երիտասարդ տղաները ներդրումներ են արել արտեզյանի տարածքում և ուզում են արտադրություն հիմնել: Իրենք են կահավորել, ամեն ինչ իրենք են արել»,- ասում է Բաբկեն Վարդանյանը:

Համայնքապետը նշեց, որ որդին գործընկերոջ հետ է արտադրամասն աշխատացնում: ԱՁ-ն ունի 8 աշխատող:

«Այս պահին ունենք 12 հոր: Յուրաքանչյուր մարդ, եթե գա դիմի վերականգնելու, կահավորելու համար, ես էլի անհատույց կհատկացնեմ, որ այդտեղից ջուր դուրս գա»,-ասում է Բ. Վարդանյանը:

Նշենք, որ չգործող բոլոր խորքային հորերում ջուր կա և վայրկյանում 40-50 լիտր ջուր է դուրս գալիս:

Ուշագրավն այն է, որ համայնքում գործող և ոչ մի հոր պետական գրանցում չունի, հետևաբար դուրս է մնացել վերահսկողությունից: Հարց է առաջանում, թե ինչի հիման վրա է ավագանին տալիս իր համաձայնությունը գործարք կնքելու կամ հորերն օգտագործելու համար, կամ որքա՞ն ջուր կարող են օգտագործել՝ չվնասելով բնական պաշարները:

Սարդարապատի համայնքի ղեկավար Բաբկեն Վարդանյանը ևս հաստատեց, որ հորերը չունեն պետական գրանցում, և փաստեց, որ ոչ մի հոր չունի նման գրանցում և իրենց համայնքն այդ հարցում միակը չէ:

Համայնքի ղեկավարից հետաքրքրվեցինք նաև, թե ինչու են խորքային հորերն անհատույց հատկացվել ջրօգտագործողներին, երբ հնարավոր էր համայնքի բյուջեն էլ օգուտ ստանար դրանց օգտագործումից, Բաբկեն Վարդանյանը պատասխանեց. «Համայնքի օգուտն այն է, որ 50-60 աշխատատեղ է ստեղծվում: Եթե ես այդ մարդուն հենց սկզբից, որ ասեմ՝ համայնքն էլ պիտի օգուտ ունենա, չի անի: Փչացած, անտեր հորից համայնքն ի՞նչ պետք է օգտվեր»:

Բաբկեն Վարդանյանն ասում է, որ համայնքն ինքնահոս ոռոգման ջրով ապահովված է. և շատ քիչ դեպքերում են արտեզյան հորերի ջուրն օգտագործում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter