
Դավիթ Տոնոյանը զինված ուժերի ղեկավար կազմին է ներկայացրել գլխավոր շտաբի նորանշանակ պետին
Հունիսի 10-ին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը պաշտպանության նախարարության, զինված ուժերի և զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար կազմին է ներկայացրել գլխավոր շտաբի նորանշանակ պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանին: Այս մասին տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը:
«Կարևորելով Օնիկ Գասպարյանի զինվորական կենսագրությունը, հրամանատարական բոլոր օղակներում նրա ծառայությունը՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարը վստահություն է հայտնել, որ այսուհետ ևս վաստակաշատ գեներալը ջանք ու եռանդ չի խնայի ներդնելու իր գիտելիքներն ու ողջ մասնագիտական ներուժը զինված ուժերի առջև դրված խնդիրները բարձր մակարդակով կատարելու համար: Շնորհակալություն հայտնելով վստահության համար, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը նշել է, որ իր ղեկավարած կառույցի հիմքում դրվելու է թիմային աշխատանքի գաղափարը, ինչն էլ հանգեցնելու է առավել ցանկալի արդյունքի»,- ասվում է ՊՆ հաղորդագրությունում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև զինված ուժերում իրականացվող հակահամաճարակային կանխարգելիչ միջոցառումներին վերաբերող հարցեր։
Մեկնաբանել