HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Քաղաքացիները պնդում են. ««Վեոլիա ջուրն» առանց զգուշացնելու եւ պատճառաբանելու ջրանջատումներ է անում»

Հարութ Բաբայանը Գորիս քաղաքի Ավանգարդ 5-րդ փողոցի բնակիչ է, արդեն տասը օր է՝ առավոտվա 7-ից մինչեւ 24։00-ն տանը հոսող ջուր չեն ունենում։ Ջրանջատումների մասին նախապես չեն տեղեկացվում, իսկ զանգահարելու դեպքում էլ «Վեոլիա ջուր» ընկերության տարածքային բաժնից ասում են՝ թաղամասում պլանավորված ջրանջատումներ չկան։ 

Հարութը երկրորդ կարգի զինվորական հաշմանդամություն ունի, չի կարողանում ինքնուրույն սանհանգույցից օգտվել, չի կարողանում ծանրություն՝ այս դեպքում ջրով լի դույլ բարձրացնել։ «Վեոլիայից էլ ասում են՝ անջատում չկա, մենք ուղղակի օպերատոր ենք»,- ասում է Հարութ Բաբայանը։

Նա իրենց թաղամասում միակը չէ, որ բողոքում է ոչ պլանային ջրանջատումներից։ «Goris Today» ֆեյսբուքյան էջում ջրանջատումների վերաբերյալ գրառման տակ մեկնաբանությունների թիվը մի քանի տասնյակի է հասնում, բնակիչները դժգոհում են՝ ցերեկային ժամերին ջուր չունեն, իսկ ջրանջատումների վերաբերյալ պաշտոնական պատասխաններ չեն ստանում։ Օրինակ՝ մեկնաբանություններից մեկում Լիանա Աբունց անունով օգտատերը գրում է. «Ավանգարդ 4-րդ թաղամասում արդեն 5-6 օր ջուր չկա, ամեն օր զանգում եմ 185 համարին, ոչ մի բան էլ չեն անում։ Գնացինք վերևի թաղամաս, պարզվեց՝ իրենք են անջատել, ամբողջ թաղամասը թողել առանց ջուր։ Խնդրում ենք հարցին լուծում տալ, հակառակ դեպքում ստիպված ջրի համար թաղամասում ամեն օր կռիվա լինելու»:

Գորիս քաղաքի «Սանդի Ձոր» համատիրության նախագահ Սերգեյ Ավանեսյանը պնդում է՝ երկու շաբաթ է իրենց թաղամասի ջուրն առավոտյան անջատում են, միացնում ժամը 20.00-ից հետո։ Իր զանգերին թե' որպես համատիրության նախագահ, թե' բնակիչ, թեժ գծի օպերատորները պատասխանում են՝ պլանավորված ջրանջատում կամ վթար չկա։ Օպերատորներից մեկն էլ պատասխանել է, թե հնարավոր է՝ համատիրությունից է ջուրն անջատվել։ «Երբ ասեցի, որ համատիրության նախագահն եմ, և շենքերի ընդհանուր «վինտիլների» սենյակների բանալիներն ինձ մոտ են, ու որևէ մեկն առանց իմ իմացության չի կարող անջատել, աղջիկը խառնվեց իրար նշեց, որ կճշտի ու հետ կզանգահարի, սակայն մինչ այսօր դեռ չեն ճշտել»,- ասում է Սերգեյ Ավանեսյանը։

Գորիսը միակը չէ

Դավիթ Պետրոսյանը Արարատի մարզի Խաչփար գյուղի բնակիչ է, ջրանջատումներ այստեղ գրեթե ամեն ամառ լինում են, բայց՝ առանց պատճառաբանության եւ զգուշացումների։ «Երկու օր անընդմեջ ջուր չունենք, զանգում եմ տարածքի ինժեներին, ասում է՝ վերեւներից են անջատել, զանգում եմ վերեւներ, իմ հասկանալով՝ դա «Վեոլիա ջուրն» է, ասում են՝ դուք ջրանջատում չունեք, պլանայաին անջատում չկա, վթար չկա», - պատմում է բնակիչը՝ հավելելով, որ նույնիսկ փորձել է վթարի ժամանակ զանգել «Վեոլիա ջուր», բայց էլի որեւէ բանից տեղյակ չեն եղել։ «Քիչ առաջ զանգեցի «Վեոլիա ջուր», ասում եմ՝ ես ինչքա՞ն պիտի սպասեմ, պարզեցի՞ք պատճառը, ասում է՝ չէ, ես երեք տարվա մեջ չեմ տեսել մի մասնագետի, որը ստույգ կկարողանա իմ հարցերին պատասխանել»,- ասում է Դավիթը։

Ըստ նրա՝ հնարավոր է, որ ջուրը բնակելի տներ ուղղվելու փոխարեն հոսում է դեպի ջերմոցներ, եւ թույլ ճնշման պատճառով բնակիչները մնում են առանց ջրի։ Դավթի պնդմամբ՝ ջուր չունենալու պատճառով դժվարությամբ են կատարում պարետատան ցուցումները. «Պարետն ասում է՝ հաճախակի լվացվեք, գովազդ են անում, թե ինչպես ճիշտ լվացվենք, բայց ջուր չկա, ինչպե՞ս անենք, ինչպե՞ս շոր լվանանք»։

Ոչ պլանային կամ վթարային ջրանջատումների թեման ակտիվորեն քննարկվում է «Վեոլիա ջուր» ՓԲԸ գործունեության հանրային վերահսկողություն» ֆեյսբուքյան խմբում։ Քննարկումներից պարզ է դառնում, որ ջրանջատումներ իրականացվում են ոչ միայն մարզերում, այլեւ Երեւանում։

«Հետքը» հարցում է ուղարկել Կառավարություն՝ պարզելու, թե կորոնավիրուսի տարածման ընթացքում արդյոք ոչ պլանային ջրանջատումների համար որեւէ վերահսկողություն իրականացվու՞մ է, քանի որ պարետատունը հորդորում է մարդկանց հաճախակի լվացվել, լվանալ հագուստը։

Պարետ Տիգրան Ավինյանին հասցեագրված գրությունն ուղարկվել է Ջրային կոմիտե, որտեղից մեզ ուղարկված պատասխանում նշված է՝ բարձրացված հարցերն առնչվում են խմելու ջրի մատակարարման ծառայությունների որակին, որոնք կարգավորվում են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի դեկտեմբերի 9-ի №397Ա որոշմամբ հաստատված «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման ԼՋ №0001 լիցենզիայի պայմաններով: 

Ըստ գրության՝ լիցենզավորված անձը պարտավոր է սպասարկման տարածքի բաժանորդներին ապահովել ամենօրյա ջրամատակարարմամբ՝ համաձայնեցված գրաֆիկի շրջանակներում, որտեղ նշվում են բաժանորդներին ջրամատակարարմամբ ապահովելու երաշխավորված ժամանակահատվածները, որոնք կարող են խախտվել միայն վթարային, պլանային և ֆորս մաժորի հետևանքով ընդհատումների դեպքում: Ինչպես նաեւ՝ ընկերությունը պարտավոր է բաժանորդներին ապահովել ամենօրյա առնվազն 6-ժամյա ջրամատակարարմամբ, բացառությամբ որոշ համայնքների, որոնց ցանկը նախապես ներկայացվել է Վարձատուին: 

Ինչ վերաբերում է սոցցանցերում առկա քննարկումներին, Ջրային կոմիտեն նշել է, որ պարզաբանումներ ստանալու համար կդիմի «Վեոլիա ջուր » ՓԲԸ-ին եւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին։ Այս պատասխանից երեւում է, որ համավարակի օրերին Ջրային կոմիտեն ջրանջատումների նկատմամբ վերահսկողություն չի իրականացնում։ 

«Վեոլիա ջուր» ՓԲԸ գործունեության հանրային վերահսկողություն» ֆեյսբուքյան խմբի համակարգողներից Հռիփսիմե Հովակիմյանն ասում է, որ օրվա մեջ բազմաթիվ նամակներ են ստանում տարբեր օգտատերերից, որոնք դժգոհում են ոչ պլանային ջրանջատումներից։ Օրվա մեջ 18-20 բողոք են ստանում, մեծ մասը վերաբերում է առանց զգուշացնելու ջրանջատումներին։ «Ջրանջատումների վերաբերյալ պարտավոր են տեղեկացնել բնակիչներին, եթե անգամ վթար է եղել, սեղմ ժամկետում պետք է անեն», - ասում է Հռիփսիմեն։ Վերջինս պնդում է, որ Ջրային կոմիտեն հաճախ նույնությամբ արտատպում է «Վեոլիա ջուր» ընկերության պատասխանները եւ «մտքով չի անցնում ստուգել կատարվածը»։ Խմբի համակարգողն ասում է՝ օգտատերերի հարցերը փորձում են տալ, հաճախակի դիմում են Ջրային կոմիտե, առաջարկում համագործակցել, սակայն դեռ սպասում են պատասխանների։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter