
Տուն-ինտերնատներում բնակվող 10 տարեցներ առաջիկայում կտեղափոխվեն փոքր տուն
Տուն-ինտերնատներում բնակվող 10 տարեցների խնամքը համայնքային փոքր տանը իրականացնելու նպատակով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ձեռք է բերել համապատասխան շինություն, որն առաջիկայում կվերանորոգվի և կհարմարեցվի նոր բնակիչների համար: Այս մասին հայտնում է նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը։
Ծրագրի իրականացումը հնարավոր է դարձել նախարարության և նիդերլանդական «Avondglans» հիմնադրամի միջև կնքված պայմանագրի շնորհիվ, որի համաձայն համայնքային փոքր տան կառուցման և կահավորման աշխատանքների իրականացման նպատակով հիմնադրամը 100.000 եվրո գումար կտրամադրի նախարարությանը:
Ինչպես նշված է տարածված հաղորդագրության մեջ, ծրագիրը բխում է նախարարության որդեգրած տարեցների ապաինստիտուցիոնալացման քաղաքականությունից և նպատակ ունի համայնքային փոքր տների ստեղծման միջոցով բարելավել տարեցների խնամքի ծառայությունների մատուցումը:
Ծրագիրն իրականացվելու է երեք փուլով՝ շինության գնման, վերանորոգման և շինարարական աշխատանքների իրականացման և կահավորման: Ծրագրի առաջին փուլն արդեն ավարտված է, առջևում վերանորոգման և կահավորման փուլն է:
Մեկնաբանել