
Զոհրաբ Մնացականյան. «Ունենք մի քանի ուղղություններով որոշ շտկումներ իրականացնելու անհրաժեշտություն»
Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային ու արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվում են 2019 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումները: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանն անդրադարձավ դիվանագետների աշխատավարձի հարցին:
«Եթե մենք բարձր նշաձող ենք դնում՝ դիվանագետից լավ կրթություն ենք ակնկալում, տարիներ շարունակ, երբ աշխատավարձը 90-100 հազար դրամ է, դժվար է իրենց պահել համակարգում, այստեղ կարևոր է դիվանագետի անձնական մոտիվացիան»,-ասաց նա` հավելելով, որ դիվանագետներն առավոտից երեկո սպասում են ռոտացիայի իրենց հերթին, որպեսզի մեկնեն արտերկիր:
«Թյուրըմբռնում կա, որ երբ դիվանագետները գնում են արտերկրում աշխատելու, ամեն ինչ սկսում է լավ լինել, այդպես չէ»,- արձագանքեց արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Նախարարի խոսքով` արտերկրում Հայաստանի դիվանագետները ապրում են բավական համեստ պայմաններում:
«Եվ սա բնական է ու հասկանալի, որովհետև մենք պետք է հաշվարկենք մեր երկրի կարողությունները, բայց մյուս կողմից ունենք մի այլ խնդիր` անհրաժեշտ է վերագնահատել բաշխումը, որպեսզի արդարացի բաշխենք մեզ հասանելի հատկացումները»,- ասաց նա:
Նախարարի խոսքով` կա ձևավորված բանաձև, որի համար պահանջվել է բավական երկար ժամանակ՝ վերագնահատելու բաշխման համակարգը, միջազգային փորձը տեղայնացնելով ու համապատասխանեցնելով երկրի պահանջներին:
«Հիմա կառավարությունում քննարկումները շարունակվում են, բայց սա ևս էական հարց է, մենք ունենք մի քանի ուղղություններով որոշ շտկումներ իրականացնելու անհրաժեշտություն, որովհետև կա ԱԳՆ աշխատակիցների և պետծառայության այլ հատվածների աշխատավարձերի համապատասխանության խնդիր, և մյուս խնդիրը արտերկրում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների վերանայումն է, որը կհիմնվի հստակ չափանիշների վրա»,- ասաց Մնացականյանը:
Մեկնաբանել