HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

63 մլրդ դրամ բյուջետային վարկ՝ «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ին, ռուսական միջոցների փոխարեն

Հայաստանի տարածքում ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման նպատակով «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ին 2020-2022 թվականների ընթացքում Հայաստանի պետական բյուջեից «Ներքին վարկեր և փոխատվություններ» հոդվածով կտրամադրվի 63 մլրդ 200 մլն դրամ գումարի չափով բյուջետային վարկ, որից 2020 թվականին՝ 18 մլրդ 700 մլն դրամ, 2021 թվականին՝ 31 մլրդ 500 մլն դրամ և 2022 թվականին՝ 13 մլրդ դրամ: Որոշումն ընդունվեց Կառավարության այսօրվա՝ հունիսի 11-ի նիստում։

««Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգում» ծրագրի շրջանակներում ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև 2014թ. դեկտեմբերի 20-ին համագործակցության մասին և 2015թ. փետրվարի 5-ին վարկի տրամադրման մասին համաձայնագրեր են ստորագրվել. խոսքը 300 մլն ԱՄՆ դոլարի մասին է, որից 270 մլն ԱՄՆ դոլարը վարկ է, 30 մլն ԱՄՆ դոլարը՝ դրամաշնորհ:

2018 թվականի դեկտեմբերից վարկի երկարաձգման համար բանակցություններ են սկսվել։ Ժամկետի երկարաձգման խնդիր ունենք։ Մինչև 2019 թվականը տեղի ունեցած իրադարձություններով պայմանավորված՝ հնարավոր չի եղել ամբողջությամբ ծախսել առկա վարկային գումարը։ Այս պահին մնացորդը 107 մլն դոլար է, սակայն աշխատանքներն ամբողջությամբ ավարտելու համար նպատակահարմար ենք գտնում սեփական միջոցների հաշվին վարկավորում կատարել, և ծրագիրն ավարտին հասցնելու համար առաջարկվում է պատվիրատուին 2020-2022 թվականների ընթացքում ՀՀ պետական բյուջեից տրամադրել բյուջետային վարկ»,- նշեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։

Նշենք, որ առաջարկվող նախագծի հիմնավորման մեջ տեղ էր գտել այն հանգամանքը, որ 2020թ. փետրվարին ՌԴ ֆինանսների նախարարությունը հայկական կողմին ժամկետը երկու տարով երկարաձգելու վերաբերյալ արձանագրություն է ներկայացրել՝ խստացված պայմաններով։ Մասնավորապես՝ արձանագրությամբ առաջարկվում էր, որ վարկի 80 %-ը պետք է ուղղվի ռուսական ընկերություններից ձեռքբերումներին։

Վարչապետի խոսքով՝ մինչ այժմ գոյություն ունեցած վարկն իր չափով և պայմաններով այնքան էլ հարմար չէ ատոմակայանի հետագա գործունեությունը կազմակերպելու համար։

«Մենք հրաժարվում ենք այդ վարկի մի մասից և դրա փոխարեն ներգրավում ենք միջոցներ ներքին աղբյուրներից՝ շատ ավելի լավ պայմաններով։ Նախկին պայմաններում մենք որոշակի սահմանափակումներ ունեինք, այդ թվում՝ գնումներ իրականացնելու մասով՝ թե ումից և ինչպես է պետք գնումներ իրականացնել։ Այս պարագայում մենք կարողանում ենք գնումների գործընթացը դնել ամբողջությամբ շուկայական տրամաբանության մեջ և շուկայից ձեռք բերել ապրանքներ մրցակցային սկզբունքով, ինչը ենթադրում է, որ այս պարագայում ապրանքների գները կլինեն էականորեն ավելի ցածր, հույս ունենք նաև որակի առումով էլ առնվազն չեն զիջի այն ապրանքներին, որոնք մենք ձեռք էինք բերում նախկին պայմաններով»,- նշեց վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ Մեծամորի ատոմային էլեկտրակայանը եղել է մի օբյեկտ, որից ավելի շատ վերցրել են, քան տվել են։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter