HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դենդրոպա՞րկ, թե՞ անձնական տարածք. Իջևանի դենդրոպարկի տնօրենը վարձակալել է այգու կեսից ավելին

Քչերը գիտեն, որ բացի Ստեփանավանի դենդրոպարկից` Իջևանում ևս դենդրոպարկ կա։ Գտնվում է հենց քաղաքում՝ Աղստև գետի ափին։

Դենդրոպարկը 14,5 հա տարածք է զբաղեցնում, սակայն խնամված չէ, ինչպես Ստեփանավանինը։ 650 ծառ ու թուփ է հաշվարկվում այստեղ։ Դենդրոպարկում է գտնվում աշխարհում միակ արջատխլենու արահետը, կան հսկա սեյբաներ, վայրի լիմոնենիներ, վայրի խնձորենիներ։

Իջևանի դենդրոպարկը հիմնադրվել է 1962 թվականին՝ Լյուդվիգ Սայադյանի կողմից։ Այն ներառված է Շրջակա միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի կազմում։ Դենդրոպարկի այժմյան տնօրենը Մեխակ Սայադյանն է՝ Լյուդվիգ Սայադյանի որդին։ 

Անտառների վարձակալությունների ուսումնասիրության շրջանակում այցելել ենք նաև Իջևանի դենդրոպարկ, որովհետև այստեղ ևս վարձակալ կա։

«Կանաչ Սիմֆոնիա» ՍՊԸ-ն 2016թ․ մարտի 15-ին հանգստի կազմակերպման նպատակով վարձակալել է Իջևանի դենդրոպարկի կեսից ավելին՝ 8,5 հա տարածք։ Վարձավճար է սահմանվել 917 147 դրամ, վարձակալության ժամկետ՝ 2040 թվականը։

«Կանաչ Սիմֆոնիա» ՍՊԸ-ն հիմնադրվել է վարձակալության պայմանագիրը կնքելուց մեկ ամիս առաջ՝ 2016թ․ փետրվարի 1-ին։ Հիմնադիր բաժնետերը Նարինե Վոլոդյայի Ներսիսյանն է։ Վերջինս տնօրեն Մեխակ Սայադյանի կինն է։

Մեխակ Սայադյանը չի ժխտում իր կողմից դենդրոպարկի վարձակալության փաստը։ Խոստովանում է, որ այն ձևակերպված է կնոջ անունով։ Ասում է՝ դենդրոպարկը վարձակալել են պահելու նպատակով, քանի որ պետությունն այլևս չէր կարողանում ֆինանսավորել այն։ Վարձակալել են մայր այգին՝ առանց շենք-շինությունների և ճանապարհների։ 

«Ուրիշ տեղեր վարձակալում էին, մտածեցինք, որ կարող է մեզ էլ հասնի էդ հերթը։ Մրցույթ էր հայտարարվել, մենք էլ ենք մասնակցել, մենք ենք հաղթել։ 650 տեսակը մենք ենք ճանաչում, տղաս նույնպես կենսաբան է, եղբայրս էլ գյուղատնտես, արել ենք, անում ենք, պահում ենք»,- ասում է Մեխակ Սայադյանը։

Թե ինչու պետությունն այլևս ի վիճակի չէր պահել այգին, տնօրենը բացատրում է այսպես՝ բանվորական ուժը պակասել էր, քանի որ այգու բյուջեով չէին կարողանում բանվորներին պահել․ «Մենք ասինք՝ մենք կպահենք, մենք փող կտանք։ Ամբողջ իմաստը էդտեղ է, որ կարողանանք պարկը պահենք և ոտնձգություններից հեռու լինի, և շինթույլտվություններից, և այլ բաներից։ Կգա ժամանակը, երբ պետությունը կասի՝ ընկեր ջան, մենք ավելի լավ կպահենք, պաժալույստա, ինչի մասին է խոսքը»։

Տնօրենը վստահեցնում է, որ իրենց նպատակը այգին, տեսականին հարստացնելն ու մարդկանց համար տեսարժան վայր ստեղծելն է։ Նոր տնկիներ են ուզում տնկել, պավլովնիայի տեսականին ավելացնել։ Սակայն այգին այգին խնամված տեքս չունի, շինությունները ծառայում են որպես պահեստներ և անմխիթար վիճակում են:

Տնօրենը զրույցի ժամանակ պատմում է, որ անձնական տնկարան ունի, որտեղ տնկիներ է աճեցնում և վաճառում։

Մեր հարցին, թե արդյոք նույնը չէր կարելի դենդրոպարկում կազմակերպել և տնկիների շահույթն էլ ուղղել բանվորական ուժի վարձատրությանը, պատասխանում է․ «Դրա համար ոչ ոք գումար չէր տալիս մեզ։ Տնակարանը պահելու համար բանվորներ են պետք։ Միջոցներ են պետք»։

 

Իսկ իրենք, ըստ տնօրենի, միջոցներ ունեն, որովհետև տնկանյութն ունեն՝ իրենց սեփական տնկարանում։ Բացի դրանից, ծաղկի խանութ ունեն, նաև սպասքի վարձույթ։ «Մեր խաչն է, պիտի պահենք, սա դարձել է մեր կյանքի նպատակը, ուղղակի»,- ասում է տնօրենը։

Եվ իսկապես, Մեխակ Սայադյանը նաև հիմնադիրն ու բաժնետերն է դեռևս 2003թ-ին գրանցված «Դենդրոսերվիս-Սայադյան» ՍՊԸ-ում, որն իրականացնում է նշված գործունեությունները։ Իջևանի դենդրոպարկի ֆեյսբուքյան էջը ներկայացված չէ որպես առանձին՝ դենդրոպարկի էջ, այնտեղ տեղադրված է «Կանաչ Սիմֆոնիա» ՍՊԸ-ի տնկիների ու արտադրանքի գովազդը։

Դենդրոպարկի մուտքի մոտ երկու շինություն կա, մեկը՝ կիսակառույց։ Երկուսն էլ տնօրենին է պատկանում։

Մեխակ Սայադյանն ասում է՝ դրանք դենդրոպարկի տարածքից դուրս են և իրենց սեփականությունն են։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter