HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հաստատվել է խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը

Հունիսի 11-ին կառավարության նիստում հաստատվել է Հայաստանում խոշոր եղջերավոր կենդանիների (ԽԵԿ) համարակալման և հաշվառման ծրագիրը: Այս մասին հայտնում է Էկոնոմիկայի նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ ծրագրի նպատակն է հանրապետությունում ներդնել և գործարկել խոշոր եղջերավոր կենդանիների համատարած համարակալման և հաշվառման համակարգ, որը, հանդիսանալով հանրապետությունում առկա ԽԵԿ-ի գլխաքանակի, տեղաբաշխվածության և շարժի, դրանց նկատմամբ իրականացված անասնաբուժական պարտադիր միջոցառումների վերաբերյալ տեղեկատվական հարթակ, հնարավորություն կընձեռի զգալիորեն բարելավել կենդանիների, կենդանիների և մարդկանց համար ընդհանուր հիվանդությունների վերահսկման և տարածման կանխարգելման, ինչպես նաև կենդանական ծագման սննդամթերքի անվտանգության մակարդակը։ 

«Ծրագրով նախատեսվում է առկա խոշոր եղջերավոր կենդանիների հաշվառման տեղեկատվական էլեկտրոնային բազայի ստեղծում և տվյալների պահպանում, որի մեկնարկը տրվելու է այս տարվա սեպտեմբեր ամսին և, պայմանավորված տավարաբուծության վարման տեխնոլոգիական գործընթացներով ու տեխնիկատնտեսական պատճառներով՝ լինելու է շարունակական բնույթի», - նշել է Տիգրան Խաչատրյանը։

Նախարարի խոսքով՝ մեկնարկային տարում կհամարակալվի և կհաշվառվի Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում առկա շուրջ 800 հազար գլուխ ԽԵԿ, ինչի համար անհրաժեշտ է ձեռք բերել ընդհանուր առմամբ 1,6 մլն հատ ականջապիտակ, իսկ հաջորդ տարիներին կհաշվառվի տարեկան շուրջ 245 հազար գլուխ ԽԵԿ:

Ծրագիրը բաղկացած է լինելու երկու բաղադրիչներից՝ համակարգի գործարկման համար անհրաժեշտ պարագաների ձեռքբերում և ծառայությունների մատուցում, որը վերաբերում է համարակալման բուն գործընթացին և տվյալների թվայնացմանը: ԽԵԿ համարակալման դաշտային աշխատանքների կազմակերպման, դրանց հաշվառման և տվյալների թվայնացման աշխատանքները համակարգվելու և իրականացվելու են ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի միջոցով:

Ծրագիրը կնպաստի ԽԵԿ համարակալման և հաշվառման ինստիտուի կայացմանը, նախիրներում ըստ սեռահասակային կազմի ԽԵԿ-ի գլխաքանակի վերաբերյալ ստույգ տեղեկատվական բազայի առկայությանը, հանրապետության ողջ տարածքով ԽԵԿ-ի տեղաշարժի վերահսկմանը և հետագծելիության բարելավմանը, կայուն հակաանասնահամաճարակային իրավիճակի ապահովմանը, սննդամթերքի անվտանգության և հանրային առողջության մակարդակի բարձացմանը գյուղատնտեսական այլ կենդանիների համար վարչական ռեգիստրի նախադեպի ու հանրապետությունում գյուղատնտեսական կենդանիների ապահովագրության ինստիտուտի կայացման նախադրյալների ստեղծմանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter