HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ընդերքի ռացիոնալ օգտագործման նպատակով առաջարկվում է բացառել հանքավայրերի կամ տեղամասերի մասնատումը

Գործադիրն այսօր հավանություն է տվել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Նոտարիատի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

Օրինագծերի ընդունման անհրաժեշտությունը, ինչպես նշված է վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության մեջ, բխում է իրավակիրառ պրակտիկայից, որն արձանագրվել է նաև Սահմանադրական դատարանի համապատասխան որոշմամբ: Մասնավորապես, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի համաձայն, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ծագմանը, փոփոխմանը, փոխանցմանն ուղղված գործարքներից (բացառությամբ միակողմ գործարքների) ծագող իրավունքներն այդ գործարքների նոտարական վավերացման օրվանից սկսած` ոչ ուշ, քան 30 աշխատանքային օրվա ընթացքում պետական գրանցման ներկայացնելու պահանջը չպահպանելը՝ առանց ժամկետը բացթողնելու պատճառները հաշվի առնելու, հանգեցնում է գործարքի անվավերությանը։

«Մենք առաջարկում ենք, որ սահմանվեն այն համապատասխան հիմքերը, որոնց հաշվառմամբ, անձը կարող է հարգելի համարելու միջնորդություն ներկայացնել, և դա կադաստրի կողմից հարգելի գրանցվի և պետական գրանցումն իրականացվի։ Հաջորդ կետը, որով որոշակի փոփոխություն է նախատեսվում, դա նոտարի գործառույթներին է վերաբերում: Այսինքն՝ հիմա նոտարական վավերացմամբ գործարքը նոտարը կարող է համապատասխան միջոցով ուղարկել կադաստր: Սա սահմանվում է որպես նոտարի գործողություններից բխող պարտականություն։ Այսինքն, անձը՝ նոտարի մոտ գործարքը վավերացնելիս կարող է օգտվել «մեկ պատուհանից» և չգնալ կադաստր առանձին գրանցում կատարելու։ Բայց այդ հնարավորությունը նույնպես մնացել է. եթե անձը չի ցանկանում, կարող է առանձին գնալ կադաստր և գրանցում կատարել»,- նշել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ հավելելով, որ այդ հավելյալ գործողության համար պետական տուրք չի գանձվի, 3000 դրամ կգանձվի սպասարկման համար։

Հավանության են արժանացել «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը:

Ինչպես նշել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, օրինագծերը միտված են ընդերքը ռացիոնալ և արդյունավետ օգտագործելուն: «Առաջարկվում է ընդերքի ռացիոնալ օգտագործման նպատակով հնարավորինս բացառել հանքավայրերի կամ տեղամասերի մասնատումը և պաշարները տրամադրել ողջ հաշվեկշռային ծավալով: Սա մի կարևոր պատճառ ունի: Նախկինում եղել են դեպքեր, երբ հաստատված պաշարը, տարածքը բաժանվել է մի քանի հատվածների, ինչը հնարավորություն է տալիս ավելի բարձր արդյունավետություն ունեցող հատվածներն օգտագործել, իսկ ավելի ցածր տոկոսայնություն ունեցողները՝ թողնել: Նման դեպքերն այս նախագծով կբացառվեն»,- ասել է Սուրեն Պապիկյանը:

Նախարարը տեղեկացրել է, որ արդյունահանման թույլտվություններ կտրամադրվեն միայն այն հանքավայրերի դեպքում, որտեղ մետաղականի համար վերջին 5 տարվա ընթացքում գնահատվել ու հաստատվել են պաշարներ, իսկ ոչ մետաղականի դեպքում՝ վերջին 10 տարվա ընթացքում: «Սա արվում է այն նպատակով, որ ցանկացած գործարար, որը իսկապես ցանկանում է ներդրում կատարել և արդյունավետ շահագործում իրականացնել, նախ իրականացնի համապատասխան ուսումնասիրություն, քանզի ՀՀ-ում բոլոր ուսումնասիրությունները հիմնականում կատարվել են 50-ական թվականներին»,- ընդգծել է Սուրեն Պապիկյանը:

Նախագծով նախատեսվում է նաև իրավունքի տրամադրման 50 տարվա առավելագույն ժամկետը փոխել 25 տարվա, իսկ ոչ մետաղականների համար առավելագույն ժամկետ կսահմանվի 15 տարին: Կհստակեցվեն նաև ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման հետ կապված օրենսդրական թյուրըմբռնումները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter