
Ալավերդու համայնքապետարանի համայնքային ծառայողների 4 հաստիք թափուր է մնացել
Ալավերդիում 27 համայնքային ծառայողներ արդեն 2 տարի 6 ամիս համայնքապետարանի աշխատակազմում համայնքային ծառայողի պաշտոններ են զբաղեցնում որպես պաշտոնակատարներ: Համայնքային ծառայողների 4 հաստիք էլ թափուր է: Համայնքապետարանը քաղաքաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ չունի: Համայնքապետ Սասուն Խեչումյանն ասում է՝ մի քանի անգամ բաժնի պետի պաշտոնի մրցույթի հայտարարություններն անարձագանք են մնացել:
«Քանի դեռ բաժինը չի համալրվել մասնագետ աշխատողներով, համայնքում քաղաքաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության ոլորտում ոչինչ չի փոխվի։ Ալավերդու համայնքապետը աշխատում է միայն օրվա հարցերի մասին մտածելով, նա համայնքի զարգացման տեսլական չունի»,- ասում է ավագանի Հ. Ձավարյանը:
«Համայնքային ծառայության մասին» օրենքի 18/2 հոդվածով և Կառավարության 2006թ.-ի N 1002 որոշմամբ համայնքային ծառայության թափուր պաշտոնը ժամանակավոր համայնքային ծառայողին թույլատրվում է զբաղեցնել մինչև 6 ամիս ժամկետով:
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը մեր հարցմանը հունիսի 9-ին գրավոր պարզաբանել է, որ 2018թ.-ի հուլիսի 17-ի, 2019թ.-ի հունվարի 31-ի և նոյեմբերի 5-ի, 2020թ.-ի փետրվարի 10-ի իր գրություններով Սասուն Խեչումյանին հիշեցրել է համայնքային ծառայողների մրցույթ և ատեստացիա չիրականացնելու անթույլատրելիության մասին: Գործը հեշտացնելու համար մարզպետարանը Ս. Խեչումյանին է ուղարկել համայնքային ծառայողների մրցույթի և ատեստավորման բանավոր հարցատոմսեր, մրցութային հանձնաժողովի ձևավորման ծրագիր և հանձնաժողովում մարզպետարանի ներկայացուցիչների տվյալներ: Մարզպետն իր բոլոր 4 գրություններով Ս. Խեչումյանին առաջարկել է օրենքի պահանջներին համապատասխան համայնքային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անհապաղ մրցույթ և ատեստավորում անցկացնել։ Ս. Խեչումյանը չի պատասխանել մարզպետի գրություններին, անտեսել է նաև նրա առաջարկությունները: Անդրեյ Ղուկասյանը հայտնում է, որ 2019-2020թթ.-ի ընթացքում, բացի Ալավերդի համայնքի ղեկավարից, մարզի 15000-ից ավելի բնակչություն ունեցող Վանաձոր, Ստեփանավան, Տաշիր, Սպիտակ համայնքների ղեկավարների կողմից միջոցներ են ձեռնարկվել համայնքային ծառայության թափուր պաշտոնների մրցույթ և ատեստացիա անցկացնելու համար: Տարածքային կառավարման և զարգացման նախարարի հունիսի 4-ի հանձնարարականով՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով ժամանակավորապես կասեցվել է համայնքային ծառայության թափուր պաշտոնների մրցույթների կազմակերպումը:
«Համաճարակային իրավիճակի կայունացումից հետո մարզպետարանը կշարունակի հետևողական միջոցներ ձեռնարկել Ալավերդու համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների մրցույթներն անցկացնելու համար»,- հայտնել է Ա. Ղուկասյանը:
Ալավերդի համայնքի կազմում են Ծաղկաշատ, Հաղպատ, Ջիլիզա, Աքորի, սողանքային Կաճաճկուտ գյուղական բնակավայրերը, Մադան, Սանահին, Ակներ գյուղական թաղամասերը: Ակներ գյուղական թաղամասի 56 հա վարելահողերը 25 տարի է օգտագործվում են որպես խոտհարքներ: Ակների սարի ճանապարհն անանցանելի է, եթե սարի ճանապարհը վերանորոգվի, գյուղացիներն իրենց անասունների խոտը Ակներասարից կբերեն:
«Այդ ժամանակ կմշակվեն նաև գյուղի վարելահողերը, և գյուղացիները եկամուտ կունենան»,- բացատրում է ակներցի Ադամ Սիմոնյանը: Ակներում 5 երիտասարդ գյուղատնտեսական կոոպերատիվ են ստեղծել: Նրանցից Ադամ Սիմոնյանը, Վարդան Մուրադյանը և Նարեկ Մուրադյանը Միգրացիայի միջազգային կազմակերպությունից անցյալ տարի 10 հազար դոլար դրամաշնորհ ստանալուց հետո 3 հա հող են մշակում: Ծրագրին 30 տոկոս մասնակցություն են ունեցել նաև Ադամը, Վարդանն ու Նարեկը: «Ծրագիրը ֆինանսավորվել է գյուղի ոռոգման ջրագծի վերանորոգման համար»,-ասում է Ադամ Սիմոնյանը: Ծաղկաշատի «Ժիվանք» հանդամասից եկող Ակների ոռոգման ջրագծի 18 մետր հատվածում Ադամն ու ընկերները 30 սմ տրամաչափի նոր խողովակներ են տեղադրել: Գյուղի ներքին ցանցի մաշված շատ խողովակներ նորոգելուց հետո ոռոգման ջուրը Ակների վարելահողեր է հասել: Ծրագրով մշակվող 3 հա հողի վրա հողագործները ոռոգման ջրի կաթիլային համակարգ են ստեղծել: Սակայն վերականգնված ջրագծի ոռոգման ջրով Ակների վարելահողերը չեն կարող ոռոգվել։
«Վարելահողերում ոռոգման ներքին ցանց կա, ուղղակի ժամանակի ընթացքում ներքին ցանցի ջրցանների մեծ մասը գյուղացիները հանել են: Պետք է դրանք վերականգնել»,- բացատրեց Ադամ Սիմոնյանը:
Սիմոնյանը և ընկերները 20 օր առաջ վարձակալած 2 հա հողում լոբի, բրոկոլի, ելակ, լոլիկ, պղպեղ, վարունգ և սմբուկ են ցանել: Մեկ հա-ի վրա գցել են ինտենսիվ այգիներ ու ոլոռ ցանել: Ադամի ասելով՝ հողը մշակելիս մասնագիտական աջակցության կարիք են ունեցել։ «Այդ գործում մեզ շատ է օգնում Ռուսաստանի Դաշնության Կրասնոդար քաղաքում ապրող մեր երրորդ ընկերը՝ Նարեկ Մուրադյանը: Օգտվում ենք նաև սոցիալական ցանցերից: Իհարկե, շատ հիասքանչ կլիներ, որ Ալավերդիում ունենայինք գյուղատնտեսական աշխատանքի պրակտիկ փորձ ունեցող լուրջ մասնագետ»,- ասում է Ադամը:
Համայնքապետարանի քաղաքաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի գյուղատնտնտեսության ոլորտի պատասխանատու, գլխավոր մասնագետ Արթուր Հովհաննիսյանը մասնագիտությամբ ապրանքագետ է, ոչ թե գյուաղտնտես:
Ս. Խեչումյանն ասում է, որ թեեւ նա գյուղատնտես չէ, բայց պրակտիկ մակարդակում հասկանում է գյուղատնտեսությունից, քանի որ նրա հայրն էլ «մեր շրջանի գլխավոր գյուղատնտեսն է եղել»։
Հաղպատ բնակավայրում ոռոգման ջուր կա միայն 90 հա տնամերձ հողամասերում: Ոռոգման ջուրը Ծաղկաշատի «Ժիվանք» գետի ակունքներից ինքնահոս է հասնում Հաղպատ: Տնամերձերի ջրագիծն ավարտվում է գյուղի ծայրին, որտեղից սկսվում են Հաղպատի վարելահողերը: Ոռոգման ջրի բացակայության պատճառով Հաղպատի 130 հա վարելահողերը չեն մշակվում։
«Տնամերձերից մինչև մեր վարելահողեր 1կմ 400մ խողովակ է հարկավոր, որպեսզի ջուրը հասցնենք վարելահողեր: Եթե այդ ծրագիրն իրականացնենք, մարդիկ կտեսնեն ոռոգման ջուր կա, հողը կմշակեն»,-բացատրում է Հաղպատի վարչական ղեկավար Վահրամ Քառյանը:
Աքորի բնակավայրի «Տափի Դուզ» հանդամասի 36 հա վարելահողերը նույնպես չեն մշակվում: Սասուն Խեչումյանն ասում է՝ «Տափի դուզ» հանդամասի վարլահողերը երբեք չեն էլ մշակվի, որովհետև ոռոգման ջուր չունեն: Խորհրդային տարիներին «Տափի դուզ» և Աքորու մյուս հանդամասերի վարելահողերը ոռոգվել են Դեբեդ գետից պոմպերով Աքորի բարձրացված ոռոգման ջրագծով: «Հիմա այդ պոմպերը չկան, գողացել են,- ասում է Աքորիի վարչական ղեկավար Հրահատ Սիմոնյանը եւ հավելում,-կարելի է Կառավարության սուբվենցիոն ծրագրով ձեռք բերել նոր պոմպեր և վերակառուցել Դեբեդ-Աքորի ջրագիծը»:
Կառավարությունը նախատեսել է 2021թ.-ին Ալավերդի համայնքին հատկացնել 370 մլն դրամ բնապահպանական սուբվենցիա: Մայիսի 30-ին համայնքի ավագանին հաստատել է Ս. Խեչումյանի առաջարկած 2021թ.-ի բնապահպանական և առողջապահական միջոցառումները:
«Համայնքների համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը ավագանուն հիշեցրել է 2018թ.-ին Ալավերդիում հավերի ձվերի մեջ հայտնաբերված մինչև 14մլգ դիօքսիդների մասին։ «Դա պղնձաձուլական գործարանի արտանետումների և Ալավերդու Էնգելս թաղամասում, Ս/Սարահարթ թաղամասի բնակելի շենքերի, նախադպրոցական ուսումնական հաստատությունների և դպրոցների բակերում գործարանի արտադրական թափոն շլագի կուտակումների հետևանք է»,-բացատրել է Օ. Դուլգարյանը: Նա առաջարկել է 2021թ.-ի բնապահպանական միջոցառումների մեջ ներառել Էնգելս և Ս./Սարահարթ թաղամասերի` շլագով աղտոտված դպրոցների և նախադպրոցական ուսումնական հաստատությունների բակերի հողերի մաքրումը: Օ. Դուլգարյանը ավագանուն առաջարկել է նաև առողջապահական ծրագրում նախատեսել միջոցառում Ալավերդու սոցիալապես անապահով, քաղցկեղով հիվանդների բուժմանն աջակցելու համար: Ս. Խեչումյանը և ավագանին մերժել են Օ. Դուլգարյանի առաջարկությունները։ «Պետբյուջեից հատկացված 370 մլն դրամ բնապահպանական ծախսերի առաջարկված միջոցառումները չեն քննարկվել բնակչության լայն խավի հետ»,- ասում է Օլեգ Դուլգարյանը:
Նա վստահ է, որ Ս. Խեչումյանի հեղինակած և համայնքի ավագանու ընդունած 2021թ.-ի բնապահպանական ծրագիրը Կառավարությունը չի ընդունելու:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել