HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ոստիկանները բերման են ենթարկել ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա իրականացնող Ռուբեն Մելիքյանին, Ռոբերտ Հայրապետյանին և այլ անձանց

Ոստիկանության աշխատակիցները քիչ առաջ բերման ենթարկեցին Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա իրականացնող իրավաբաններ Ռուբեն Մելիքյանին, Ռոբերտ Հայրապետյանին, Բաբկեն Հարությունյանին, Արմեն Գալստյանին։ Նրանք այս պահին ոստիկանության Արաբկիրի բաժնում են։

Մեզ հետ զրույցում Ռոբերտ Հայրապետյանն ասաց, որ իրեն այս պահին դեռևս չեն հայտնել, թե կոնկրետ ինչ արարք կատարելու համար են բերման ենթարկել։

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանին բերման են ենթարկել այն ժամանակ, երբ վերջինս Ֆեյսբուքի իր էջով ուղիղ հեռարձակում էր իրականացնում։ Ուղիղ եթերում երևում է, թե ինչպես է ոստիկանության աշխատակիցը մոտենում Մելիքյանին ու պահանջում դադարեցնել հավաքը։ Ի պատասխան` Ռուբեն Մելիքյանն ասում է, որ ինքը հավաք չի իրականացնում, հետևաբար չի կարող այն դադարեցնել։

«Ես ոստիկանի պահանջը կատարելուց չեմ խուսափում, պարզապես, եթե ես հավաք չեմ իրականանցում, չեմ կարող այն դադարեցնել»,- ասում է Ռուբեն Մելիքյանը։ Ոստիկանն, այնուամենայնիվ, արձանագրում է, որ Մելիքյանը հրաժարվում է կատարել ոստիկանի օրինական պահանջն ու վարչական ձերբակալում իրականացնում նրա նկատմամբ։

Նշենք, որ Ազգային ժողովում այս պահին քննարկվում է կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ Հայաստանում հայտարարված արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելու հարցը։ ԱԺ-ի դիմաց հավաքված իրավաբանները պահանջում են արտակարգ դրության պայմաններում թույլ տալ խաղաղ հավաքների անցկացումը։

 Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խումբը մեկնել է ոստիկանության Արաբկիրի բաժին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter