HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ձայն տալով անձայններին. սթրիթ-արթի ջատագով և շրջակա միջավայրի պահպանությամբ զբաղվող ակտիվիստ Րաֆֆի Արտալճեանը՝ «Հայկական մուֆլոն» նախագծի մասին

Հեղինակ՝ Արփա Հակոբյան

Րաֆֆի Արտալճեանը սփյուռքահայ բարերար է, արվեստի ջատագով ու սոցիալական ակտիվիստ։

Բազում բարդ իրավիճակներում իրապես ողջ մնացած Րաֆֆին  հաղթահարել է ամենաաներևակայելի անձնական ողբերգություններն ու փոխակերպել հզոր ու բարի գործերի, այդ թվում՝ ստեղծելով «Անի և Նարօտ» հիմնադրամը, ի հիշատակ իր հանգուցյալ տիկնոջ, դստեր և եղբոր։ Ընտանեկան հիմնադրամը մեծապես աջակցել ու նշանակալից նվիրատվություններ է տրամադրել հայկական հանրությանը՝ բազում մարդասիրական նախագծերի միջոցով։ Անկախության հռչակումից ի վեր, հիմնադրամը դրամական ու նյութական կառուցողական օժանդակություն է ցուցաբերել Հայաստանի իմունականխարգելման ազգային ծրագրին, ինչպես նաև բնակարաններով ապահովել Սիրիայից Հայաստան ժամանած փախստականներին։

Րաֆֆին նաև հաճույքով զբաղվում է տեխնոլոգիաներով և բիզնեսով: Բացի այդ, նա մեծ գոհունակությամբ է իր «հոգու պարտքը վերադարձնում» հարազատ հայ համայնքին, ինչպես նաև, անկախության տարիներից սկսած, աջակցում է Հայաստանին։

Միջին Արևելքում ծնված Րաֆֆին պատանի հասակում տեղափոխվել է Նյու Յորք, սովորել համալսարանում և IBM-ում աշխատանքի ընդունվել որպես ինժեներ։ Նա ավարտել է իրավունքի և դիվանագիտության Ֆլեթչերյան դպրոցը, ինչպես նաև Չիկագոյի համալսարանի՝ Բութի անվան բիզնես-դպրոցը։

Այս բացառիկ հարցազրույցի միջոցով Րաֆֆին խոսում է իր վերջին նախագծի մասին, որը միավորել է իր ողջ կյանքի հետաքրքրությունները՝ վայրի բնության պահպանություն, ակտիվիզմ և արվեստ։

Պատմեք, թե ինչ ճանապարհ եք անցել որպես սթրիթ արթի ջատագով, և ինչ առնչություն ունի այդ ճանապարհը վայրի բնության պահպանության, մասնավորապես՝ «Հայկական մուֆլոն» նախագծի հետ։

Սթրիթ արթով իմ ոգևորությունն սկսվել է 80-ականներից, Նյու Յորքում, երբ ես Բրուքլինում դպրոց էի հաճախում և հաճախ, դասի գնալիս կամ տուն վերադառնալիս, հանրային վայրերում կամ գնացքներում «գրաֆիտի» ոճով պատկերներ էի տեսնում։ Վերջին տասնամյակի ընթացքում այդ ժանրը մեծապես տարածվել է, և ես դա նկատել եմ ողջ աշխարհում, ճամփորդելու ընթացքում։ Քանի որ ես այդ ժանրը խիստ արժեքավոր ու հետաքրքիր եմ համարում, որոշեցի հետևել նրա ոճային, ձևային ու նպատակային զարգացումներին։ Այժմ սթրիթ արթի նպատակը  լոկ հեղինակի անունը հանրայնացնելը չէ, այն ակտիվիզմի հարթակ է, ձայն բարձրացնելու և ներգրավելու միջոց։ Ես սթրիթ արթը դիտարկում եմ որպես հասարակական փոփոխությունների իրականացման միջոց։

Ինչ վերաբերում է շրջակա միջավայրին, դա ավելի համապարփակ ոգևորություն է, որը ներառում է այնպիսի զբաղմունքներ, ինչպիսիք են սքուբա դայվինգը՝ օվկիանոսային խութերի մոտակայքում, վայրի բնության պահպանությունն ու բնության գրկում ժամանակ անցկացնելը։ «Հայկական մուֆլոնն» իմ սրտում հատուկ տեղ է զբաղեցնում, որովհետև այն մեր մշակութային ժառանգության մի մասն է, ինչպես նաև էնդեմիկ տեսակ, որը հանդիպում է հայկական լեռնաշխարհում և Իրանի սահմանային տափաստաններում։

Թեպետ բնապահպանությունն ու արվեստները հաճախ չեն համատեղվում, ես գլխի ընկա, թե ինչպես կարելի է հայաստանյան էկոլոգիական շարժման համար նոր ճանապարհ բացել։ Ես ոգեշնչվել էի Խաչիկ Ստամբոլցյանի նման մարդկանցով, որոնք Հայաստանի ու Արցախի անկախության շարժման ակունքներում էին կանգնած։

«Ես խորապես համոզված եմ, որ երկիրը կարող է զարգանալ ու առաջադիմել, եթե այդ երկրում վայրի բնությանն ու շրջակա միջավայրի պահպանությանը հարգանքով են վերաբերվում»։

Րաֆֆի Արտալճեան

Եւ երբ սկսեցի մտածել, թե ինչպես կարող եմ համատեղել հայկական մուֆլոնի պահպանությանն ուղղված ջանքերը, շրջակա միջավայրը կարևորող սթրիթ-արթ արվեստագետների հետ համագործակցությունը շատ բնական ստացվեց։

Հայկական մուֆլոնի հետ կապված ի՞նչն էր, որ գրավեց Ձեր ուշադրությունը։ Եւ ինչու՞ հենց հիմա՛ որոշեցիք դրանով զբաղվել։

Մեզ շրջապատող բնության դեմ պատերազմ է մղվում։ Երկրագնդի մոտ 8 միլիոն բուսատեսակներից ու կենդանատեսակներից մինչև 1 միլիոնը բնաջնջման եզրին են, շատերը՝ տասնամյակներ շարունակ։ Գիտնականների ու հետազոտողների տրամադրած այս տվյալներն ընդգրկված են ՄԱԿ-ի վերջին հաշվետվություններում, որտեղ շարադրված է, թե երկրագնդի կենսաբազմազանությունն ինչպես է վտանգվում մարդկության բուռն աճի պատճառով։

Հայաստանում մուֆլոնի որսն արգելված է 1936 թվականից, սակայն, չնայած արգելքին, վերջին 25 տարիների ընթացքում նրանք շարունակաբար անօրինական որսի զոհ են դարձել։ Վտանգված հայկական մուֆլոնը, մնացած վտանգված տեսակների հետ միասին, մեզ հիշեցնում է, որ ապահով կենսաբազմազանություն և առողջ մոլորակ ունենալու համար շատ քիչ ժամանակ է մնացել։

Այնուամենայնիվ, լուծումներ գոյություն ունեն. շրջակա միջավայրի պահպանությամբ զբաղվողները կարող են որոշակի միջոցներ ձեռնարկել։ Օրինակ, վերջ տալ անօրինական որսին, հանրային իրազեկում իրականացնել, պահպանիչ պարիսպներ տեղադրել, և այլն։ Այդ ամենի համար, անշուշտ, անհրաժեշտ են գիտելիքներ, ֆինանսավորում և որոշակի քայլերի ձեռնարկում։

Կարծում եմ, որ Հայաստանի վայրի բնության վրա «լույս սփռելու» ճիշտ ժամանակն է՝ հաշվի առնելով, որ, COVID-19-ի պատճառով, աշխարհն ավելի իրազեկ է շրջակա միջավայրի մասին ու ավելի մեծ կարեկցությամբ է վերաբերվում նրա խնդիրներին։ Եթե շտապ միջոցներ չձեռնարկվեն հայկական մուֆլոններին որսորդներից փրկելու ուղղությամբ, մեկ սերունդ հետո նրանք կվերանան վայրի բնությունից։ Շատ քիչ ժամանակ է մնում, հիմա է պետք գործել։

«Վտանգված հայկական մուֆլոնը, մնացած վտանգված տեսակների հետ միասին, մեզ հիշեցնում է, որ ապահով կենսաբազմազանություն և առողջ մոլորակ ունենալու համար շատ քիչ ժամանակ է մնացել»։

Րաֆֆի Արտալճեան

Ո՞րն է Ձեր նպատակը՝ վայրի բնության պահպանության հետ կապված, ինչի՞ն եք ձգտում հասնել այս նախագծի միջոցով։

Երազում եմ բոլոր հնարավոր միջոցներով վերջ տալ վտանգված հայկական մուֆլոնների որսին։ Պետք է խստացնել անօրինական որսի համար նախատեսված տույժերը, բարձրացնել հանրային իրազեկությունը, պարեկային ծառայություն իրականացնել, կրթել, պահպանիչ պարիսպներ տեղադրել, ջանքեր գործադրել, որ մուֆլոնները բնական միջավայրում բազմանան, և այլն։ Այս բոլոր նպատակներն իրագործելի են, բայց ոչ ոք դեռևս չի կենտրոնացել այդ նախագծերի մշակման ու իրականացման վրա։

Նաև կցանկանայի որսորդներին ուղերձ հղել, որ Հայաստանը սաֆարի իրականացնելու նպատակատեղ չէ։ Հույս ունեմ, որ, այս ամենի շնորհիվ, հայկական մուֆլոնների թվաքանակը, որն այժմ հազիվ 300-400 է, կաճի, կհասնի մի քանի հազարի։

Ես խորապես համոզված եմ, որ երկիրը կարող է զարգանալ ու առաջադիմել, եթե այդ երկրում վայրի բնությանն ու շրջակա միջավայրի պահպանությանը հարգանքով են վերաբերվում։ Մենք սերտ կապերի մեջ ենք իմ ընկեր Իրինա Ղափլանյանի հետ, որը ՀՀ շրջակա միջավայրի նախարարի առաջին տեղակալն է։ Նախատեսում եմ համագործակցել պետական ու հանրային գործիչների հետ՝ կիրառելով համապարփակ մոտեցում։ Իմ գործելաոճը միշտ այդպիսին է եղել սոցիալական միջամտությունների դեպքում։

Արվեստն ինչպե՞ս կարող է գործածվել որպես շարժիչ ուժ։ Եւ ինչու՞ հատկապես սթրիթ արթը։

Ես միշտ այնպիսի զգացողություն եմ ունեցել, որ սթրիթ արթը անձայնների ձայնն է։ Շեփարդ Ֆերին՝ սթրիթ արթի իմ լոս-անջելեսցի հերոսը, իր Obey «արշավի» միջոցով հանրային վայրեր, ռոք ալբոմներ ու սքեյթբորդեր է ձևափոխել։ Շեփարդն ասել է, որ լավագույն արվեստն օգնում է, որ աշխարհն իրեն «միախառնված զգա»։ Ես նրա հետ լիովին համաձայն եմ։

21-րդ դարի ժողովրդավարական հասարակություններում քաղաքացիները երբեմն զուտ հանդիսատես են։ Սթրիթ արթը պատկերագրության մի ձև է, որն ունի սոցիալական ու քաղաքական նրբերանգներ, որոնք իրապես կարող են մեզ ներգրավել։

«Ես միշտ այնպիսի զգացողություն եմ ունեցել, որ սթրիթ արթը անձայնների ձայնն է»։

Րաֆֆի Արտալճեան

Ովքե՞ր են այն սթրիթ-արթ արվեստագետները, որոնք մինչ այժմ մասնակցել են նախագծին։

Նախագիծն սկսել ենք 2019թ. դեկտեմբերին, և, այդ ժամանակից ի վեր, նախագծում ընդգրկվել է արվեստագետների բազմազան ու էկլեկտիկ մի խումբ։

Հայկական Մուֆլոն և Սոլուս. իռլանդացի արվեստագետ Սոլուսն առաջինն էր, որ հանձն առավ մասնակցել նախագծին։ Սոլուսը ստեղծեց «մուֆլոնյան» գործերի նախնական շարքը՝ սահմանափակ քանակությամբ,  ընդամենը 10 նմուշ։ Այդ գործերի նկատմամբ հետաքրքրությունը շատ մեծ էր, և նրանք շատ արագ վաճառվեցին։ Հայաստանում Սոլուսը հայտնի է Ապարանում արված իր հանրահայտ սթրիթ-արթային պատկերով։

Հայկական մուֆլոն և Կուրար. արվեստագետ Օրելիան Դեկուրը, որը հայտնի է նաև որպես Կուրար, ժամանակակից քաղաքային սթրիթ-արթի աշխարհահռչակ ներկայացուցիչներից է։ Հայտնի է նրանով, որ հաճախ անդրադառնում է ժամանակակից սոցիալական խնդիրներին։ Կուրարը մոխրագույնի ու սևի հետ համադրում է լուսածորային գուներանգներ։ Կուրարը ստեղծել  է սահմանափակ քանակությամբ նմուշներ՝ 25 օրինակից, որոնք գրեթե ամբողջությամբ վաճառվել են։

Հայկական մուֆլոն և Էդգար։ Շուտով ներկայացնելու ենք գրաֆիտիով զբաղվող երևանցի արվեստագետ Էդգար Ամրոյանի գործերը։ Էդգարը հիմնականում սթրիթ արթ է ստեղծում, հայտնի է իր գրաֆիտիներով և քաղաքական ակտիվիզմով։ Էդգարի գործերի խիստ սահմանափակ քանակությամբ նմուշները կկարողանան ձեռք բերել կոլեկցիոներները և ակտիվիստները։ Մնացած գործերը կարելի է գտնել այնպիսի պատկերասրահներում, ինչպիսին, օրինակ, Tufenkian Arts-ն է։

Հայկական մուֆլոն և Քեմփբելլ Լա Փան։ Շուտով հատուկ կհայտարարենք փոփ արթի ներկայացուցիչ Քեմփբելլ Լա Փանի հետ համագործակցության մասին։ Նոր Զելանդիայում ծնված ու Ավստրալիայում մեծացած Լա Փանն ապրում է Տոկիոյում։ Լա Փանի վառվռուն գործերը միավորում են փոփ արթը, հանրահայտ բրենդների լոգոներն ու ճապոնական մուլտֆիլմերի և ապրանքանշանների պայծառ գույները։

Նա իր արվեստի միջոցով փոխակերպում է շքեղ ապրանքանշաններն ու նորաձևության խորհրդանիշ հանդիսացող կերպարները։ Լա Փանի արվեստին հետևում են բազմաթիվ հանրահայտ մարդիկ։ Աջում պատկերված «Հայկական մուֆլոնը» Հայաստանին է  ներկայացնում նախշակաղապարային փոփ արթի խիստ տարբերվող երանգները, որոնց նույնպես կարելի է ծանոթանալ այն պատկերասրահներում, որոնց հետ համագործակցում ենք։

Առաջիկա ամիսներին կաշխատենք 4-6 այլ նկարիչների հետ և հույս ունենք երկրպագուներին ներկայացնել համաշխարհային մակարդակ ունեցող արվեստագետների մի ամբողղջ բույլ։ Եթե ողջ աշխարհի սթրիթ-արթ արվեստագետների ստեղծած գրաֆիկական պոեզիան քաղաքական ու սոցիալական արձագանքներ առաջացնի, սթրիթ արթի գլոբալ ազդեցությունը կարող է շատ հետաքրքիր ներգործություն ունենալ Հայաստանի վրա և, գուցե, նույնիսկ ժողովրդի համար դառնալ փոփոխությունների և շահերի պաշտպանության միջոց։

Ի՞նչը կարող է դիտարկվել որպես այս ջանքերի գագաթնակետ։ Ցուցահանդես լինելու՞ է։

Սա բազմափուլ նախագիծ է, որի փուլերից յուրաքանչյուրը բնականորեն շարժիչ ուժ է հանդիսանում։ Մեր «Արվեստը հանուն վայրի բնության պահպանության» շարքը երբևէ հաստատ կցուցադրվի Հայաստանի մայրաքաղաք Երևանում, այնպիսի տաղանդավոր արվեստագետ-խորհրդատուների օգնությամբ, ինչպիսիք են Աննա Գարգարյանն ու Արփա Հակոբյանը։

Սակայն սկզբնական փուլում կներկայացնենք նախագծին միացող նոր արվեստագետներին ու նաև կցուցադրենք նրանց գործերի առցանց տարբերակները, որպեսզի աստիճանաբար ավելանան հետևորդների թվերը։ Նաև նախագծի համար նախնական դրամահավաք կսկսենք՝ սահմանափակ քանակությամբ նմուշները վաճառելով ու նպաստելով ապագա բնապահպան նախագծերի մշակմանը։ Գագաթնակետը կլինի երևանյան ցուցահանդեսը և, ամենայն հավանականությամբ, հանրային իրազեկության արշավը։ Հաջորդ փուլում կսկսվի հենց մուֆլոնների պահպանության բուն գործը, որը, կարծում եմ, առանձին լուսաբանման առիթ կհանդիսանա, երբ մանրամասները հայտնի դառնան։

«Երազում եմ բոլոր հնարավոր միջոցներով վերջ տալ վտանգված հայկական մուֆլոնների որսին»։

Րաֆֆի Արտալճեան

Որտեղի՞ց կարող ենք ավելի մանրամասն տեղեկություններ ստանալ «Հայկական մուֆլոն» նախագծի մասին։

Մենք այժմ մշակում ու ստեղծում ենք www.armenianmouflonproject.org կայքը։ Մինչ այդ, հետաքրքրվողները կարող են նախագծին հետևել Facebook-ով (այստեղ) և Instagram-ով (այստեղ)։ Ինտերնետային կայքը շուտով պատրաստ կլինի։ Այնտեղ ավելի շատ տեղեկություններ կգտնեք պետական ու հասարակական կազմակերպությունների հետ մեր համագործակցության մասին։ Այդ կազմակերպությունները կհոգան հանրահայտ հայկական մուֆլոնի մասին, քանի դեռ մեր մշակութային ժառանգության մաս կազմող  մի քանի հարյուր կենդանիները չեն անհետացել։

Բացի այդ, եթե հետաքրքրված անձինք ցանկանում են հայկական մուֆլոններին բնաջնջումից փրկել, կարող են մեզ աջակցել՝ գնելով ներգրավված արվեստագետների գործերի սահմանափակ քանակությամբ տպագրված նմուշները։ Մեր հրաշալի Քերոլայն Թուֆենկյանը (Գլենդելի Tufenkian Fine Arts-ից) շատ է աջակցել մեր գործին՝ մասնագիտորեն ցուցադրելով արվեստի այս ապշեցուցիչ գործերը։ Նախագծի զարգացմանը զուգահեռ՝ երևանյան ու եվրոպական պատկերասրահներ էլ կմիանան։ Անչափ ուրախ ենք, որ մեր սահմանափակ քանակությամբ նմուշների մեծ մասը վաճառված է։ Իսկ որպես լրացուցիչ առավելություն, կարող եմ նշել, որ մենք նաև նպաստում ենք կոլեկցիոներների համար արվեստի գործերի հայկական շուկայի ստեղծմանը։

«Հույս ունեմ, որ այս նախագծի միջոցով և՛ կիրազեկենք մարդկանց, և՛ կհավաքենք այն գումարը, որն անհրաժեշտ է մուֆլոնների պահպանության ու նրանց ձայն տալու համար։ Այն ձայնը, որ իրենք այլ կերպ չէին ունենա»։

Ինչպե՞ս կեզրափակեք Ձեր խոսքը։

Եթե շտապ միջոցներ չձեռնարկվեն հայկական մուֆլոններին որսորդներից փրկելու ուղղությամբ, մեկ սերունդ հետո նրանք կվերանան վայրի բնությունից։ Այժմ հանրահայտ հայկական մուֆլոնին փրկելու ժամանակն է։ Չեմ հոգնի դա կրկնելուց։

Հայկական մուֆլոնների ապագան, ինչպես նաև նրանց բնական միջավայրի էկոլոգիական ամբողջականությունն ապահովելը խիստ կարևոր է, հատկապես՝ ցեղասպանությունից փրկված ժողովրդի համար։ Հուսանք, որ մեզ համար սա շարժառիթ կհանդիսանա, և ավելի լավ կհասկանանք ու կգնահատենք Հայաստանի վայրի բնությունը։

# # # # #

(Արփա Հակոբյանն արվեստագետ ու արվեստի համադրող է, որը բնակվում է և՛ Հայաստանում, և՛ Նյու Յորքում։ Նա զբաղվում է ժամանակակից արվեստով, հատկապես՝ լուսանկարչությամբ, սթրիթ արթով, նկարչությամբ և կոնցեպտուալ ինստալիացիաներով։ Ներկայումս «Հայկական մուֆլոն» նախագծի խորհրդատուն է՝ արվեստի հարցերով։)

Մեկնաբանություններ (1)

Tina chakarian
This is great! Congrats Raffi for a wonderful project. Save the animals causes, and street art are very important.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter